«Ադրբեջանը լեգիտիմացնում է իր ռազմական նկրտումները»․ հայագիտական շրջանակներն Վատիկանում տեղի ունեցածը գիտաժողով չեն անվանում
Գլխավոր » Լրահոս » «Ադրբեջանը լեգիտիմացնում է իր ռազմական նկրտումները»․ հայագիտական շրջանակներն Վատիկանում տեղի ունեցածը գիտաժողով չեն անվանում

«Ադրբեջանը լեգիտիմացնում է իր ռազմական նկրտումները»․ հայագիտական շրջանակներն Վատիկանում տեղի ունեցածը գիտաժողով չեն անվանում

Ապրիլի 10-ին Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում անցկացվել է «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողով։

Հայագիտական շրջանակներն ահազանգել են, որ Հայաստանին ոչ միայն մասնակցության հայտ չի ուղարկվել, այլև գիտաժողովի ընթացքում «Քրիստոնեությունը Ադրբեջանում» խորագրի ներքո կեղծվել է Արցախում ու Նախիջևանում քրիստոնեության բազմադարյա պատմությունը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարել է, որ «Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել պատմությունը՝ այն հետագայում յուրացնելու չարամիտ նպատակով» և փոխանցել, որ միջեկեղեցական հաղորդակցության շրջանակում նախաձեռնելու է անհրաժեշտ քայլեր։

Արևելագետ, «Գեղարդ» վերլուծական հիմնադրամի վերլուծաբան Հասմիկ Կիրակոսյանը դժվարանում է ապրիլի 10-ին Վատիկանում տեղի ունեցածը գիտաժողով անվանել։ Ասում է՝ այդ իրադարձությունը ո՛չ կազմակերպման ձևով և ո՛չ էլ քննարկված թեմաներով չի համապատասխանում ակադեմիական այդ կատեգորիային։

Ադրբեջանի կառավարության ֆինանսավորմամբ ու Վատիկանում Ադրբեջանի ներկայացուցչության ջանքերով մի քանի գիտնական փակ քննարկում է ունեցել, արևելագետի խոսքով՝ հիմնական նպատակը պատմական իրողությունները ջնջելն ու նոր պատմություն հորինելն էր․

«Նրանց հիմնական նպատակը եղել է իբրև բազմամշակութայնության, բազմակրոնության պատմության քողի տակ պատմությունը կեղծելը և ցույց տալը, որ Նախիջևանում, Արցախի տարածքում և ընդհանրապես Կովկասում հայկական քրիստոնեական ժառանգություն գոյություն չի ունեցել, ամբողջ քրիստոնեական ժառանգությունը միանշանակ եղել է աղվանական»։ 

Կիրակոսյանը հիշեցնում է, որ ակադեմիական ամեն գիտաժողովից առաջ գիտական կանչեր են կազմակերպվում՝ հրավիրելու հատկապես թեմայի հետ անմիջական կապ ունեցող մասնագետներին։ Ադրբեջանի հրավիրյալների ցուցակում մեծամասնություն են ադրբեջանցի, թուրք, ռուս մասնագետները, կան նաև ֆրանսիացի ու գերմանացի մեկ-երկու գիտնականներ։ Վերլուծաբանի խոսքով՝ գիտնականների այդպիսի ցանկն ավելի շատ քարոզչական քայլ է՝ քողարկելու գիտաժողովի առնվազն թերի լինելը։

«Այստեղ ամենաառաջին բանը, որ խոսում էայն բանի մասին, որ գիտաժողովը որևէ կապ չունի գիտության հետ, որևէ կապ չունի ակադեմիականության հետ, դրա փակ լինելու հանգամանքն է։ Ասինքն՝ որևէ լրատվություն, որևէ կանչ չի եղել, ամենավերջին պահին շատ փակ ձևաչափով արվել է գիտաժողով»։

Կիրակոսյանն ասում է՝ դեռ ժամանակ է պետք մասնակիցներին նույնականացնելու համար, շատերը չեն ընդունել հրավերը, բայց հեղինակավոր գիտնականների անունները համաժողովի օրակարգում ընդգրկելն արդեն խոսում է այն մասին, որ Ադրբեջանը վերջինների անուններն օգտագործում է միջոցառման քարոզչական բնույթը թաքցնելու և գիտական, ակադեմիական միջավայրի տպավորություն ստեղծելու համար։

«Այստեղ է գալիս մի շատ կարևոր հարց, որ  ծրագրում ներկայացրել են մեկ-երկու-երեք  գիտնականների անուններ, որոնք ակադեմիական գիտության մեջ հայտնի են իրենց աշխատանքներով, այսինքն` նրանց անունների ներգրավմամբ ցանկացել են իրենց քարոզչական գիտաժողովին տալ ակադեմիական շղարշ։ Միայն ու միայն սա է եղել նպատակը»։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, համաժողովին անդրադառնալով, ընդգծել է․ «Այս ամենը տեղի է ունենում, երբ միջազգային հանրության կողմից պատշաճ գնահատականներ չեն տրվել Ադրբեջանի իրականացրած ցեղասպան գործողություններին, Արցախից բռնի տեղահանված ողջ հայության հիմնարար իրավունքների ոտնահարմանը, Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող անօրինական ու նվաստացուցիչ գործողություններին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության յուրացման և հայկական հետքերի իսպառ ոչնչացման դեպքերին»։

Մայր Աթոռը հավաստիացրել է, որ միջեկեղեցական տարբեր շրջանակներում անհրաժեշտ քայլեր է ձեռնարկելու։ Արևելագետ Հասմիկ Կիրակոսյանը մի նախադասությամբ է կապում համաժողովն ու հայ-ադրբեջանական վերջին իրադարձությունները․ Ադրբեջանը ցանկանում է լեգիտիմացնել  իր ռազմական նկրտումները․

«Այսինքն,  եթե դու ինչ-որ գիտաժողովների միջոցով փաստում ես, որ այո, իմ ռազմական և ագրեսիվ նկրտումները հիմնավորվում են, փաստարկվում են պատմությամբ, բնականաբար, լեգիտիմացնում ես քո այդ գործողությունները։ Այսինքն` նպատակը դա է, բայց արդյո՞ք նա հասնում է դրան։ Այ սա է մեր բարձրաձայնելու, խոսելու ամենակարևոր նպատակը»։

Որպեսզի Ադրբեջանը նպատակին չհասնի, նպատակաուղղված կերպով պետք է գործեն հայագիտական ու մշակութային բոլոր կառույցները՝ ասում է Կիրակոսյանը։ Նա կարծում է, որ նման միջոցառումները բացառել հնարավոր չէ, Ադրբեջանը ամեն պահի կարող է գործել իր ոճով, խնդիրը դրանց փաստահենք, ճշգրիտ ու թիրախային հակահարված տալն է․

«Հուսով եմ՝ մեր այս բողոքները, որովհետև տարբեր գիտական, վերլուծական և իհարկե, Մայր Աթոռը նույնպես արդեն բողոքի նոտաներ ուղարկել են, տեղ կհասնեն և որոշակիորեն , գոնե մի փոքր  կնվաստացնի, կիջեցնեն գիտական նշանակությունը։ Սա շատ կարևոր է, ես կարծում եմ, բայց, իհարկե, մենք պետք է շատ ավելի աչալուրջ լինենք»։

Վատիկանի պատասխան «առաջին կրակոցներն» ապրիլի 18-ին և 19-ին կլսվեն Հայաստանի ամերիկյան համալսարանից։ «Հարավային Կովկասը խզումային խախտումների ներքո» խորագրով միջազգային գիտաժողովում կքննարկվեն տարածաշրջանում ժողովրդավարացման գործընթացները և հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Բանախոսների մեջ են Աթենքի համալսարանի պրոֆեսոր Ջենգիզ Աքթարը, Վրաստանի համալսարանի պրոֆեսոր Շալվա Ձեբիսաշվիլին, Հարվարդի համալսարանի Davis կենտրոնի ավագ հետազոտող Սթիվեն Ջոնսը, Իսլամական Ազադ համալսարանի (Թեհրան) պրոֆեսոր Ահմադ Քազեմին:

1