Ադրբեջանը հողին է հավասարեցրել Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանը հողին է հավասարեցրել Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին

Ադրբեջանը հողին է հավասարեցրել Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին

«Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (CHW) նախաձեռնության կողմից արբանյակային լուսանկարների միջոցով փաստվել է ադրբեջանական վանդալիզմի հերթական դեպքը․ հայտնում է Monument Watch-ը ։ Այս անգամ վանդալիզմի թիրախ է դարձել 1847 թվականին կառուցված Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։

Հիշեցնենք, որ Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին թիրախավորվել էր դեռևս 2020 թվականի պատերազմի ռազմական գործողությունների ընթացքում՝ խախտելով պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային սկզբունքներն ու հումանիտար իրավունքի նորմերը։

2020 թվականի պատերազմից անմիջապես հետո Կանաչ ժամը պայթեցվել էր՝ վնասելով եկեղեցու գմբեթն ու զանգակատունը: Հետագայում ՝ 2021 թվականի հուլիսին, ադրբեջանցիները անհիմն կերպով հերքելով եկեղեցու հայկական պատկանելությունը՝ ձեռնամուխ էին եղել կառույցը՝ որպես ռուս ուղղափառ ներկայացնելու և եկեղեցին «վերափոխելու» աշխատանքներին և անօրինական ծիսակատարություններ էին անում եկեղեցում՝ խախտելով հայ հանրույթի դավանական գործառույթը։ Բացի այդ, եկեղեցուն կից հովվատունը, որը կառուցվել էր որպես հայ քրիստոնյա հանրույթին սպասարկող եկեղեցու ծիսական գործառույթի անհրաժեշտ բաղադրիչ և ծառայում էր որպես հոգևորականների ժողովատեղի և գրատուն, Ադրբեջանի կողմից վերածվել էր սրճարանի։

Շուշիի կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ և բռնազավթման ողջ ընթացքում ենթարկվեց համակցված հանցագործությունների՝ խախտելով թե՛ պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային նորմերն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված իսկության և ամբողջականության սկզբունքները և թե՛ պղծվեց՝ խաթարելով եկեղեցու ոչ նյութական՝ ծիստական ավանդույթն ու արցախահայերի իրավունքները։ Եվ այդպես էլ չգտնելով այն ապահայկականացնելու հիմնավոր փաստարկ, Ադրբեջանն այն իսպառ ոչնչացրեց։

Եկեղեցու կանխամտածված ոչնչացումը խախտում է նաև Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում մարդկության դեմ ծանր հանցագործություն։

1