«Ադրբեջանցիներն ատելությամբ ոչնչացնում են Արցախի անշունչ հուշարձանները, ուր մնաց այնտեղ հայի թողնեն անվտանգ»․ Վահրամ Բալայան
Ակնհայտ էր, որ Բաքվի ռեժիմն այսպես էր վարվելու Արցախում մնացած վերջին հայերի հետ։ Այս մասին ասել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը։
«Արդեն պարզ էր՝ եթե ադրբեջանցիները ոչնչացնում են Արցախի անշունչ հուշարձանները, ինչպե՞ս պետք է վարվեին այնտեղ մնացած հայերի հետ։ Արցախում ատելությամբ ոչնչացնում են հայկական հուշարձանները, հատկապես այն հուշարձանները, որոնք վերաբերում են արցախյան պետականության ժամանակաշրջանին։
Հիմնահատակ ավերում են, հետքը ոչնչացնում են, հայկական տառի, խաչի նկատմամբ են ատելությամբ լցված, այսինքն՝ նպատակաուղղված ոչնչացնում են այն ամեն, ինչը հայ մարդու ինքնությունն է։
Այսօր էլ այդ քաղաքականությունը շարունակվում է՝ Նախիջեւանում արեցին-վերջացրեցին, հետո նույնը արեցին Հյուսիսային Արցախում, հիմա էլ այդ նույնն անում են արդեն Արցախի ամբողջ տարածքում, ցավոք սրտի, միջազգային հանրության անտարբեր հայացքի ներքո»,- նշել է պատմաբան Վահրամ Բալայանը։
