Ադրբեջանական կողմը հատուկ է անում, որ տեսանյութերում խաղաղապահները չերևան. Գեղամ Ստեփանյան

ՄԻՊ-ը պարզաբանել է, որ ամբողջ ընթացքում, այդ թվում՝ Հակարիի կամրջի անցակետում հայ քաղաքացիներին ուղեկցել են ռուս խաղաղապահները, չնայած որ ադրբեջանական տեսանյութերում խաղաղապահները չեն երևում:
«Կարծում եմ, որ ադրբեջանական կողմը հատուկ է անում, որ տեսանյութերում ռուս խաղաղապահները չերևան, սա քարոզչական նպատակ է հետապնդում՝ ցույց տալու, թե տեսեք առանց երրորդ կողմի Ղարաբաղի հայ բնակչությունը անցնում է Հակարիի անցակետով:
Քաղաքացիներից մեկի խոսքով՝ ադրբեջանցի սահմանապահը փորձել է համոզել իրենց, որ առանց ռուս խաղաղապահների մեքենաների կարող են գալ, այսինքն՝ կարող են իրենց մեքենաներով հանգիստ տեղաշարժվել: Հստակ է, որ ադրբեջանցիների նպատակն է այնպես անել, որ այս պրոցեսին չլինի ռուսական կողմի մասնակցությունը կամ էլ Կարմիր Խաչինը, ու նրանք կարողանան արտաքին աշխարհին ցույց տան, որ խնդիր չկա, և այսպես կոչված «ինտեգրացիան» գործի մեջ է»,- ասել է Արցախի ՄԻՊ-ը ու հավելել, որ ադրբեջանական կողմը, տարածելով այդ տեսանյութերը, նպատակ է հետապնդում միջազգային հանրությանը ցույց տալ, որ անցակետն աշխատում է բնականոն հունով, և միջանցքով մարդկանց ազատ տեղաշարժն ապահովված է:
«Ընդ որում՝ նկարահանումն իրականացվում է առանց մարդկանց թույլտվության` խախտելով մարդկանց իրավունքը»,- նշել է Գեղամ Ստեփանյանը:
Արցախցի պաշտոնյան հիշեցրել է, որ Հակարիի կամրջի մոտ անցակետ դնելուց հետո ադրբեջանական կողմը խոչընդոտում էր Կարմիր խաչին արցախցի բուժառուներին տեղափոխել Հայաստան: Երկար բանակցություններից հետո ըստ Գեղամ Ստեփանյանի՝ արդեն մի քանի անգամ Կարմիր Խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ բուժառուներ են տեղափոխվել Հայաստան:
«Ադրբեջանը դիտավորյալ էր խոչընդոտում բուժառուների տեղափոխումը, դա հատուկ էր արվում, որպեսզի Արցախի քաղաքացիները սկսեն օգտվել այսպես կոչված «անցակետից»: Վստահ եմ, որ ոչ միայն բուժառուները, այլև Կարմի Խաչի ներկայացուցիչները, որոնք անարգել ելումուտ պետք է ունենան Արցախ, այսօր անձնագրային ստուգում են անցնում:
Մտահոգիչն այն է, որ մարդիկ, որոնք գտնվում են Ադրբեջանի թիրախում և հայտարարված թշնամի են Ադրբեջանի համար, նրանց անձնագրային տվյալները հայտնվում են Ադրբեջանի տրամադրության տակ, ինչը խորացնում է անվտանգային սպառնալիքները արցախցիների նկատմամբ»,- ասել է Գեղամ Ստեփանյանը:
Օրինակ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունում կան մարդիկ, որոնք անցնում են ադրբեջանական քրեական գործերով, հետևաբար ըստ ՄԻՊ-ի՝ այդ մարդիկ չեն կարող օգտվել այդ անցակետով, քանի որ Ադրբեջանը առիթը բաց չի թողնի և կարող է առևանգել նրանց:
Գեղամ Ստեփանյանը կարծում է, որ որևէ կերպ չպետք է թույլ տալ, որ առանց երրորդ կողմի հայ քաղաքացիները կարողանան տեղափոխվել այս կամ այն բնակավայր, քանի որ դա ադրբեջանական կողմին հիմք կտա պնդելու, որ ազատ տեղաշարժը վերականգնվել է:
«Քանի դեռ մարդիկ այդ ճանապարհով անցնում են երրորդ կողմի ուղեկցությամբ, ուրեմն՝ առկա են ե՛ւ հոգեբանական, ե՛ւ ֆիզիկական սպառնալիքներ: Այդ իրավիճակում խոսել միջանցքի բաց լինելու կամ շրջափակման վերացման մասին՝ տրամաբանական չէ»,- ընդգծել է Արցախի ՄԻՊ-ը: