Ադրբեջանական գրոհի հետևանքով 2 զոհ ունենք
Ադրբեջանական զինուժի անօդաչուները գրոհել են Վերին Շորժա գյուղի մոտ գտնվող դիրքերի վրա: Այս մասին հաղորդում է Միկա Բադալյան տելեգրամային ալիքը՝ հավելելով, որ ԱԹՍ-ների հարվածի հետևանքով Վերին Շորժա գյուղի մոտ գտնվող դիրքում ունենք 2 զոհ. Մարտերը շարունակվում են շփման գծի ողջ երկայնքով։
«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանն էլ հայտնել է, որ թշնամին կիրառում է մեծ տրամաչափի զենքեր, այդ թվում՝ գնդացիր։ Գործի է դրել նաև ծանր հրետանի։ Այս պահին ադրբեջանական կողմը շարունակում է կրակել Վերին Շորժայի և Նորաբակի ուղղությամբ։
Նախորդիվ հայտնել էինք, որ համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության` հունվարի 11-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։
«Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին»,-նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՊՆ-ից հաղորդել էին, որ այսօր՝ ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։
yerkir.am