ԱԱԶՃ-ն ողջունում է ՀայաՔվե նախաձեռնությունը
Գլխավոր » Քաղաքական » ԱԱԶՃ-ն ողջունում է ՀայաՔվե նախաձեռնությունը

ԱԱԶՃ-ն ողջունում է ՀայաՔվե նախաձեռնությունը

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը ողջունում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մեր ժողովրդի համար այս ծանր ժամանակահատվածում համազգային համախմբմանն ու միասնականության դրսևորմանը:

«Հայաքվե»-ն թերևս վերջին շրջանում հանրային համաձայնության ներքո իրականացվող հաջողված քաղաքացիական նախաձեռնություններից է, որի նպատակը Արցախի հանձնումը քրեականացնելն է և օրենքի ուժով այն արգելափակելը:

Ցավով ենք փաստում, որ նման նախաձեռնության առիթը Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների կողմից վարվող ապազգային քաղաքականությունն է, որը Արցախը տանում է կործանման։

«Հայաքվե»-ն այդ սպառնալիքը իրավական ճանապարհով չեզոքացնելու կարևոր գործընթաց է, որում հաջողելու համար անհրաժեշտ է բոլորիս մասնակցությունը:

Մենք ողջունում և «Հայաքվե»-ին ամեն կերպ աջակցելու կոչ ենք հղում ՀՀ տարածքում բնակվող բոլոր արցախցիներին, ծագումով արցախցի բոլոր ՀՀ քաղաքացիներին, Հայաստանի բոլոր մարզերում ու մայրաքաղաք Երևանում ապրող մեր քույրերին ու եղբայրներին:

Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանությունը 100 տարի անց սպառնում է կրկնվել նաև Արևելյան Հայաստանում և այն կասեցնելու ճանապարհին Արցախը գլխավոր, բայց միակ փորձությունը չէ, մենք իրավունք չունենք կրկնելու 20-րդ դարասկզբի մեր պառակտվածության ու հատվածականության սխալները:

Խոնարհվելով մեր հերոսացած նահատակների հիշատակի առջև,
Հանուն պաշարված Արցախում պայքարը շարունակող 120 հազար հայերի,
Ասում ենք՝ Արի՛, ստորագրի՛ր և պաշտպանի՛ր «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջարկած օրենսդրական նախագիծը:

«ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԱԿԱՏ» ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ

1