Սոցիալական խնդիրներ միշտ են լինում. Միքայել Վիրաբյան
Պատերազմի ընթացքում տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ-ում կանգնեցին լուրջ սոցիալական խնդիրների առջև: Տեղահանվողները, թողնելով իրենց ողջ ունեցվածքը, դատարկաձեռն հասել էին ՀՀ և նրանց մեծամասնությունը կացարանի, սննդի, հագուստի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների խնդիր ուներ: Այդ օրերին այս խնդիրներին փորձում էր լուծում տալ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ հետագայում ստեղծվեց նաև ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը, որը համագործակցելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, լծվեց արցախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործին:
«Ապառաժ»-ը ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ, ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Վիրաբյանից փորձել է հասկանալ՝ ինչպե՞ս են կազմակերպվել շտաբի աշխատանքները, ի՞նչ խնդիրներ, թերացումներ են եղել աշխատանքի ընթացքում:
Միքայել Վիրաբյանը ստանձնել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգողի պաշտոնը 2020թ-ի նոյեմբերի 2-ին:
«Առաջին օրերին տեղահանվածներին ժամանակավոր կացարանների տրամադրման գործընթացը վարվում և վերահսվում էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: Բնականաբար մենք սերտ համագործակցության մեջ էինք նրանց հետ և տեղյակ էինք այն վայրերի մասին, ուր ուղղորդում էին տեղահանվածներին: Հիմնականում ուղղորդում էին ՀՀ տարբեր մարզեր, տարբեր պետական, հասարակական նշանակության վայրեր: Այդ ժամանակ մեծ ուշադրություն էր դարձվում այն կամավորների առաջակներին, որոնք ստացվում էին տեղահանվածներին կացարաններով ապահովելու պատրաստակամության առումով»- մեզ հետ զրույցում նշել է Մ. Վիրաբյանը:
Պատերազմի օրերին Մ. Վիրաբյանը եղել է նաև ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար: Մինչ շտաբի պետի պաշտոնի ստանձնումը, նա նախարարի գործառույթների շրջանակում հոկտեմբերին եղել է ՀՀ-ում, երբ կազմակերպվել էր Արցախում գործող Ստեփանակերտի տուն-ինտերնատի և 2 գիշերօթիկ դպրոցների տեղափոխումը: Այցի նպատակն էր ծանոթանալ այս հաստատությունների տեղակայման պայմաններին և կազմակերպել տեղահանվածների նպաստների վճարման գործընթացը: Հոկտեմբերի 12-13-ը «ՀայՓոստ»-ի միջոցով ՀՀ-ում վճարվեցին հոկտեմբեր ամսվա նախատեսված նպաստները, իսկ հոկտեմբերի 20-ից նպաստների վճարումը սկսվեց նաև Ստեփանակերտում՝ նկուղային պայմաններում:
Հոկտեմբերի վերջին գործարկվել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի թեժ գիծը՝ 81-38 կարճ համարով: Ըստ Մ. Վիրաբյանի տվյալների՝ պատերազմի օրերին օրական 1000-1200 դիմում է ստացվել թեժ գծով: Վերջին 2 ամսում միջինում ամսվա ընթացքում այդ թիվը կազմել է 5200: Թեժ գծով դիմումների 7-8 տոկոսն է անպատասխան մնացել, իսկ 10 տոկոսը եղել է ոչ աշխատանքային ժամերին:
Այն հարցին, թե զգացվել է արդյոք օպերատիվ շտաբում աշխատողների կարիք, Մ. Վիրաբյանը նշել է, որ ինքն այդպիսի խնդրի չի հանդիպել, հակառակը, երբ մեծաթիվ դիմորդներին պատասխանելու կարիք կար, իր կոչին արձագանքել են շուրջ 64 կամավորներ:
Ինչպես տեղեկացանք օպերատիվ
շտաբի պետից, շտաբը գործել է ԱՀ կառավարության անունից և ֆինանսավորվել է միայն ԱՀ
պետբյուջեից: Որպես այդպիսին շտաբը նվիրատվություններ չի ստացել, բայց համագործակցել
են շատ ՀԿ-ների հետ և ուղղորդել են նրանց՝ ըստ շտաբի զանգերի վերլուծության և կարիքների
գնահատման:
Քաղաքացիների կողմից դժգոհություններից խոսելով, նա ընդգծեց, որ դժգոհություններ միշտ
էլ եղել են: «Ես հակված չեմ իմ աշխատանքը գնահատել լավ կամ բավարար: Բոլոր տեղահանվածների
Արցախ վերադարձից և այս ամենի ավարտից հետո միայն կարող ենք գնահատական տալ մեր աշխատանքներին»-
ասել է Մ. Վիրաբյանը:
Այդ օերին շատ էր խոսվում կրկնակի և լրացուցիչ ծախսերի մասին, երբ մարդկանց տեղափոխում էին հեռավոր շրջաններ, ապա պարզվում էր, որ կեցության պայմանները բավարար չէին այդտեղ ապրելու համար և ստիպված ետ էին վերադառնում: Անդրադառնալով այս խոսակցություններին, օպերատիվ շտաբի պետը նշել է, որ չնայած շատ էին նմանատիպ դեպքերը, բայց այդ ամենն արդեն անցյալում է: «Ես նշեցի, որ կացարանների խնդիրը լուծվում էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից և Օպերատիվ շտաբը չէր կարող տիրապետել այդպիսի բնակֆոնդերի տվյալների, որպեսզի նման խնդիրներին լուծում տար: Իհարկե, համագործակցում էինք նախարարության հետ և կրում էինք այդ ողջ պատասխանատվությունը՝ որպես պետական համակարգի բաղկացուցիչ մաս: Ամեն ինչ լավագույնչ չէր, իդեալական չէր, բայց այդ պահին լուծվել է»- ասել է նա:
Ըստ ԱՀ Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից ստացված տվյալների՝ ներքին տեղահանվածների թիվը կազմել է 36 000, իսկ օպերատիվ շտաբի տվյալների համաձայն այս պահին ՀՀ-ում է գտնվում դեռևս 25 000 տեղահանված քաղաքացի: Օպերատիվ շտաբի պետից փորձեցինք ճշտել, թե ինչպե՞ս է շտաբը լուծում տեղահանված քաղաքացիների աշխատանքով ապահովման հարցը, քանի որ ՀՀ կառավարության կողմից միանվագ դրամական օժանդակության ծրագրերից հետո մոտ 3 ամիս այլ օժանդակություն չեն ստացել շահառուները, իսկ նախատեսվող 4 ամսյա տևողությամբ տրվելիք 68 000 դրամ օժանդակության ծրագրի ավարտից հետո, ըստ երևույթին նրանց եկամուտները լինելու են միայն նպաստները: Պարոն Վիրաբյանը նշեց, որ այս խնդիրներին լուծում տալու համար, օգտագործում են իրենց կապերը, համագործակցում են հասարակական կազմակերպությունների հետ: Բացի այդ գործում է զբաղվածության 2 պետական ծրագիր: Առաջին ծրագրով նախատեսված է 3 ամսյա վարձատրվող փորձուսուցում՝ 100 000 դրամ աշխատավարձով, որից հետո լավագույնները հնարավորություն կունենան ընդունվել հիմնական աշխատանքի: Երկրորդ ծրագիրը օրավճարային սկզբունքով է և նախատեսվում է հասարակական աշխատանքի դիմաց 8500 դրամ (ներառյալ հարկերը) տրամադրել աշխատողներին:
Պատերազմի ողջ ընթացքում համայն հայությունը փորձում էր ամեն կերպ աջակցել Արցախին: Շատ էին մարդիկ, ովքեր ինքնուրույն էին կազմակերպում սննդի, հագուստի և առաջին անհրաժեշտության պարագաների հավաքագրումը և բաշխումը: Սակայն ԱՍՀ նախկին նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարել էր, որ նախարարությունը ի վիճակի է ամբողջությամբ ապահովել Արցախից Հայաստան տեղահանված քաղաքացիներին և քաղաքացիների հավելյալ օգնության կարիք չկա: Այս ամենի ֆոնին շատ էին դժգոհությունները նախարարության աշխատանքների կազմակերպման և արախցիներին անուշադրության մատնելու վերաբերյալ: Պարոն Վիրաբյանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ այս հայտարարության վերաբերյալ: Չմեկնաբանելով այս հայտարարությունը, նա ասաց, որ ընդամենը մեկ անգամ է հանդիպել տիկին Բաթոյանին՝ Ստեփանակերտի տուն-ինտերանատի և գիշերօթիկների տեղակայման հարցերով: «Պետք է խոստովանեմ, որ գիշերօթիկների և Ստեփանակերտի տուն-ինտերնատի բնակիչները լավագույն պայմաններում են տեղակայվել: Ինչ վերաբերում է շտաբի աշխատանքներին, մենք կարող ենք հաստատել, որ չնայած ոչ լավ պայմաններին, բայց այնուամենայնիվ սոված ու անօթևան մարդիկ չեն եղել: Դեպք է եղել, որ մինչև 50 մարդու պահել ենք օպերատիվ շտաբի շենքում՝ մինչև կացարանի հարցը կլուծվեր»- իր խոսքում ասաց Մ. Վիրաբյանը:
Պարոն Վիրաբյանից մեկնաբանություն ենք խնդրել նաև ՀՀ ԱՍՀ նախարար Մեսրոպ Առաքելյանի, «Հետպատերազմական Արցախում այս պահին որևէ սոցիալական և հումանիտար խնդիր չկա» հայտարարության վերաբերյալ, ինչին ի պատասխան նա նշել է, որ սոցիալական խնդիրներ միշտ են լինում. կար թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմի ընթացքում և թե պատերազմից հետո, պարզապես խնդիրների մասշտաբներն ու որակներն են փոխվել: