ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատել են երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մտադրությունը. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատել են երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մտադրությունը. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատել են երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մտադրությունը. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

ԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ ՄԽ համանախագահները սկզբում առանձին-առանձին, հետո միասին հանդիպել են արտգործնախարարների հետ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նույնպես ներկա է եղել հանդիպումներին:

Հայտարարության համաձայն` Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուան մասնակիցների հետ քննարկել է բանակցությունների արդյունքները:

ՄԽ համանախագահները նաև այցելել են Ելիսեյան պալատ, որտեղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ դիվանագիտության գծով խորհրդականներին ներկայացրել են բանակցությունների արդյունքները:

ԵԱՀԿ համանախագահները Մնացականյանին ու Մամեդյարովին իրենց հերթին հայտնել են, թե ինչքան են գնահատում կողմերի գործադրած ջանքերն արդյունավետ բանակցությունների անցկացման համար բարենպաստ մթնոլորտը պահպանելու ուղղությամբ:

Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված բազմաթիվ հարցեր ու համաձայնության եկել այն հարցում, որ հարկավոր է հստակ քայլեր ձեռնարկել երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար:

Հանդիպումների ընթացքում համանախագահներն արտգործնախարարների հետ ուսումնասիրել են ընթացիկ բանակցային գործընթացի հիմնական սկզբունքներն ու չափորոշիչները: ԱԳ նախարարներն ու համանախագահներն ուսումնասիրել են նաև բանակցությունների դինամիկային ուժեղ խթան հաղորդելու նպատակով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև հավանական հանդիպմանն ուղղված հետագա քայլերը:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ` համանախագահներն ընդգծել են նաև տարածաշրջանի տնտեսական ներուժի իրագործման նպատակով հավանական փոխադարձ շահեկան նախաձեռնությունների կարևորությունը:

Համանախագահները մտադիր են մոտ ապագայում հանդիպել երկու պետությունների ղեկավարների հետ:

1