Ժողովի որդեգրած քաղաքական գիծը լինելու է պարտավորեցնող և ուղենշող. Դավիթ Իշխանյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ժողովի որդեգրած քաղաքական գիծը լինելու է պարտավորեցնող և ուղենշող. Դավիթ Իշխանյան

Ժողովի որդեգրած քաղաքական գիծը լինելու է պարտավորեցնող և ուղենշող. Դավիթ Իշխանյան

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի բացման ժամանակ  իր խոսքում ասել է.

«Ժողովը կայանում է երկու հատկանշական զուգակցությամբ: Նախ ՀՅԴ հերթական Ընդհանուր Ժողովը գումարվում է խիստ պատասխանատու ժամանակահատվածում և ապա Դաշնակցության 128 տարվա պատմության ընթացքում այն առաջին անգամն է, որ տեղի է ունենում ազատագրված Արցախում: Երկու առումներով ոչ միայն ժողովի ընթացքը, այլ նաև արդյունքը, որդեգրած քաղաքական գիծն ու ռազմավարությունը լինելու են պարտավորեցնող և ուղենշող:

Ժողովի մանսակիցներին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք՝ հուսալով, որ Դաշնակցության հերթական ժողովն իր ավարտին ամրության և վճռականության նոր նիշ կունենա, որոշումների ու բանաձևերի այնպիսի փաթեթ, որն ուղեցույց կդառնա առաջիկա տարիների համար, կորդեգրի այնպիսի քաղաքական ուղեգիծ, որով կերաշխավորվի մեր զույգ պետությունների ներքին ամրությունը և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու ունակությունը:

Առիթից օգտվելով, ուզում եմ հայտարարել, որ 2019թ. ապրիլին լրանում է Դաշնակցության վերադարձի 30-ամյակը Արցախ: Կանգնած լինելով Արցախի ազատագրման և արցախահայ պետականության վերականգնման ակունքներում, անցած 30 տարիներին Դաշնակցության աշխարհասփյուռ ընտանիքն իր ներուժի զգալի մասը, թե ֆիզիկական, թե բարոյական առումով ներդրել է Արցախում:

Կյանքում իրողություն է դարձել «Դաշնակցությունն ու Արցախը բնական դաշնակիցներ են» կարգախոսը: Մենք լիարժեք գիտակցում ենք, որ Արցախի հաղթանակը մեր հաջողությունների միայն մի փոքր մասնիկն է: Մենք հարատև պայքարի գաղափարակիրներն ենք:

Ուրեմն առաջ դեպի նոր հաղթանակներ, առաջ դեպի Ազատ, Անկախ, Միացյալ, ընկերվարական ու ժողովրդավարական Հայաստանի կերտում»:

1