30 տարի է, ինչ Դաշնակցությունը և Արցախի թեմը վերադարձան Արցախ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » 30 տարի է, ինչ Դաշնակցությունը և Արցախի թեմը վերադարձան Արցախ

30 տարի է, ինչ Դաշնակցությունը և Արցախի թեմը վերադարձան Արցախ

Ստորև ներկայացնում ենք հունվարի 16-ին Արցախի Հանրապետությունում  մեկնարկած ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի բացման արարողությանը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ելույթը.

Մեծարգո ԱԺ նախագահ, սիրելի պետական այրեր, պատգամավորներ, սիրելի 33-րդ Ընդհանուր Ժողովի  ներկայացուցիչներ: Նախ թույլ տվեք ողջունել Ձեզ բոլորիդ, շնորհավորել Ամանորյա եւ Սուրբ Ծննդի տոների առիթով եւ այս օրհնության լույսի ներքո մաղթել Ձեզ բարեհաջող ընթացք:

Սրտանց ողջունում եմ Ձեզ Արցախ աշխարհում եւ ողջունում եմ Ձեր այդ որոշումը, որ այն տեղի ունենա այստեղ՝ Արցախում: Ավետարանը մի լավ խոսք է ասում այս առումով ՝«ով ականջ ունի թող լսի» , սրա մեջ մեծ խորհուրդ կա: Որոշ զուգահեռներ անց կացնեմ: 33-րդ համաժողովն է Ձեր, մեր խորհրդարանի անդամների թիվն էլ է 33, Քրիստոսը 33 տարի ապրեց, հունվարի 14-ին  սբ. Հովհաննես Մկրտչի ծծնդյան օրն էր,  ով 33 տարեկանում նահատակվեց: Ահա Ձեզ 33 թվի հետ կապված չորս հետաքրքիր զուգահեռներ, սա էլ երեւի պատահական չէ եւ սա լավ նշան է:

Նախ շնորհակալ եմ Դաշնակցությանը, որ 130 տարի մեր ազգային գործը միշտ առաջ  է տարել, նահատակներ է տվել, կորուստներ է տվել, բայց համառորեն ազգային մեր դրոշը փորձել է բարձր պահել: Շատ շնորհակալ եմ, որ սփյուռքի պայմաններում, ծանր պայմաններում կարողացել եք հայապահպանման գործը բարձր մակարդակի վրա պահել, հայոց դպրոցը, հայոց հավատքը, հայոց ազգային նիստ ու կացը պահել: Հայ Դատի հարցերը միշտ ջանացել եք  առաջ ու առաջ տանել: Ունեք Ձեր յուրահատուկ մասնակցությունը հայրենիքի պաշտպանության գործում՝ պետականաշինության եւ քաղաքական ասպարեզում, նաեւ ներդրումների ոլորտում:

130 տարի է, ինչ դուք գործում եք, եւ այսօր դուք Արցախում եք: 30 տարի է, ինչ հայոց ճակատագիրը վճռվում է այս հողի վրա: Եւ բոլորս պատասխանատվություն ունենք այս ճակատագրի համար, ամեն օր լրջանալու պահն է  մեզ համար և այսօր էլ մենք Ձեզ հետ միասին ունենք մեծագույն մարտահրավերներ: Բոլորս էլ պիտի իրատես լինենք եւ այն որոշումները, որոնք դուք պիտի կայացնեք, վստահ եմ, որ իրենց մեծ ազդեցությունը պիտի ունենան կյանքից ներս, եւ այս առումով ես Ձեզ՝ սիրելիներս, մաղթում եմ ամենայն հաջողություն, թող բարի պտուղներով ավարտվի 10-օրյա Ձեր այս համագումարը: Մի զուգադիպություն եւս: Մենք երբեք մեր հումորը չպիտի մոռանանք, որը մեզ պատերազմի ժամանակ օգնել է թեթեւացնելու լարված պահերը:

30 տարի է, ինչ Դաշնակցությունը վերադարձել է Արցախ: Այս տարի էլ 30 տարի է, ինչ Արցախի պատմական թեմը նորից վերադարձավ Արցախ: Սա էլ 5-րդ զուգադիպությունը, որի մեջ ես նորից ու նորից լավ նշաններ եմ տեսնում: Ես հայցում եմ Աստծո օգնականությունը, Ձեզ՝ սիրելի ընտրյալներ, լավ աշխատեք, լավագույն  որոշումները անցկացրեք կյանքի: Ջանք թափեք, եռանդ թափեք, որովհետեւ նա է հասնում իր նպատակին, ով որ քրտնաջան աշխատում է՝ առավոտ եւ ցերեկ: Դա անողը, միեւնույն է, բարի պտուղներ քաղում է: Քրտինքն է, որ պտուղ է տալիս: Եւ ես ուրախ եմ դահլիճում տեսնել բազում հին, բարեկամ դեմքեր, որոնց 30 կամ մի քիչ ավելի տարիներ ճամաչում եմ, կրկին անգամ ողջունում եմ եւ ամենայն հաջողություն եմ մաղթում Ձեզ, նրանով էլ մեզ բոլորիս:

Շնորհակալություն:

1