Արմավիրում վերաբացվեց «Արամ Մանուկյան» կենտրոնը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արմավիրում վերաբացվեց «Արամ Մանուկյան» կենտրոնը

Արմավիրում վերաբացվեց «Արամ Մանուկյան» կենտրոնը

Այսօր Արմավիրի մարզում կայացավ ՀՅԴ «Արամ Մանուկյան» վերանորոգված մարզային կենտրոնի բացման արարողությունը:

Կենտրոնը, որտեղ գործում են տարածքային երեք` Արմավիրի «Խնուս», Էջմիածնի «Վաչե Ռոստոմյան» և Բաղրամյանի «Սիմոն Զավարյան» կոմիտեներն ու Հայ օգնության միության և ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Արմավիրի մարզի գրասենյակները, վերանորոգվել է ՀՅ Դաշնակցության` Ֆրանսիայի, Բելգիայի և Հոլանդիայի կառույցների աջակցությամբ:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Ղարաբաղցյանը նշեց, որ կենտրոնի վերաբացումն անգնահատելի կարևորություն ունի: «Սա ՀՅԴ-ի 128 տարվա պատմության դրվագներից է, քանի որ Դաշնակցությունն այդ տարիների ընթացքում իր գաղափարակիցներին հավաքելու տարբեր ճանապարհներ է անցել, և այսօր այդ գաղափարախոսությունն ամրապնդելու և ավելի լայն շրջանակների հասցնելու նպատակով նման կենտրոնների ստեղծումը շատ կարևոր է»,- ասաց նա:

Ղարաբաղցյանը նաև կարևորեց այն փաստը, որ կենտրոնը վերականգնվել է Դաշնակցության` Սփյուռքի կառույցների աջակցությամբ, ինչը մեկ անգամ ևս վկայում է, որ ՀՅԴ-ն համազգային կառույց է:

Դաշնակցական հերոսների նկարներով և մուտքին` Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի նկարով պատկերազարդված կենտրոնի բացման արարողությանը ներկա էին ոչ միայն Արմավիրի դաշնակցականները, այլև Ֆրանսիայից, Բելգիայից և Հոլանդիայից ժամանած դաշնակցականներ, Արցախյան ազատամարտի հերոսների հարազատներ, զինակիցներ:

Բացման խոսքով հանդես եկած` «Արամ Մանուկյան» մարզային կոմիտեի նախագահ Արամայիս Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց կենտրոնի վերանորոգության համար աջակցություն ցուցաբերած ՀՅԴ կառույցներին` խոստովանելով, որ այն չէր իրագործվի առանց նրանց ջանքերի:

Օրվա առիթով ելույթ ունեցավ նաև Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի փոխհերթապահ Հովսեփ Տեր-Գևորգյանը: Նա նշեց, որ Դաշնակցության կենսափորձը ցույց է տվել, որ ՀՅԴ կենտրոններում է, որ բազմաթիվ սերունդներ ստացել են իրենց մարդկային և ազգային ատաղձը, դաստիարակվել են ի խնդիր Հայաստանի Հանրապետության հզորացման, Հայ Դատի պայքարի ընդարձակման ու Սփյուռքի առավել կազմակերպման` մշակելով և իրագործելով անհամար ծրագրեր:

«Գիտակցելով նմանատիպ կենտրոնների նշանակությունը` մեր թշնամիները փորձել են զանազան միջոցներով հարվածել: Այս գրասենյակների համար վիրավորվել և զոհվել են մեր բազմաթիվ ընկերներ, համակիրներ, և, վերջապես, Հայ Դատի պայքարի ու Արցախյան ազատամարտի ճամփին մեր բազմաթիվ ընկերներ այստե՛ղ են առել իրենց առաջին քայլերը: Արմավիրի այս գրասենյակի վերանորոգումը բազմաթիվ տարիներ մաս է կազմել Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ծրագրին: Սակայն վերջին տարիներին Ապրիլյան պատերազմի ընթացքին տուժած ընտանիքները, Արցախյան բանակի և Սիրիայում մեր հայրենակիցների օգնության հարցը եղել են մեր առաջնահերթությունները: Սակայն, քանի որ Դաշնակցության որոշումը վաղ թե ուշ գործադրվում է, ահա այսօր մենք այստեղ ենք»,- ասաց Տեր-Գևորգյանը:

Նրա խոսքով` այս ծրագրի իրականացումը հստակ պատգամ է բոլոր նրանց համար, ովքեր «ներսի ու դրսի, Սփյուռքի ու Հայաստանի, Արևմուտքի ու Արևելքի» Դաշնակցության միջև հակասություններ և բաժանումներ են ուզում տեսնել: «ՀՅԴ Ընդհանուր ժողովի նախօրեին այս համեստ, սակայն խորհրդանշական աշխատանքը ևս մեկ անգամ փաստում է, որ Դաշնակցությունը շերտերի բաժանել միտող բոլոր փորձերը դատապարտված են ձախողության»,- եզրափակեց Տեր Գևորգյանը` հավելելով. «Դաշնակցության կենտրոնները կենտրոն լինելուց վեր են, դրանք ժողովրդի տունը պետք է հանդիսանան»:

Այնուհետև ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայում հայկական միությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: «Մենք հավատացած ենք, որ Դաշնակցությունն ամենալավ կազմակերպությունն է հայ ժողովրդի համար: Դաշնակցությունը, այո, արդեն նշում է իր 129-ամյակը, սակայն չսխալվենք, ընկերնե’ր, Դաշնակցությունն ապագայի կուսակցություն է: Անշուշտ, Դաշնակցությունն ունի բոլոր տեսակի փորձառություններ, որ հայ ժողովրդին մատուցի փայլուն ապագա, սակայն, ցավոք, մինչ օրս չի կարողացել համոզել ժողովրդին իրեն վստահելու հարցում: Բայց կգա օրը, երբ Հայաստանի ժողովուրդը նույնպես կվստահի Դաշնակցությանը: Ժամանակի հարց է: Եվ երբ գա Դաշնակցությանը վստահելու օրը, ասելու են` ինչո՞ւ առաջ չենք վստահել»,- ասաց նա:

Փափազյանի համոզմամբ` հայ ժողովուրդը փայլուն ապագա կունենա այն ժամանակ, երբ հաստատվի «Մեկ ազգ, մեկ ժողովուրդ, մեկ հանրապետություն» գաղափարը: «Սա միայն Դաշնակցությունը կարող է հաստատել այս երկրում: Հիմա աշխատանք պետք է տանենք, որպեսզի մեր քաղաքացիները մեզ հավատան: Իսկ դրա համար պետք է մտնենք ժողովրդի մեջ, լինենք ժողովրդի կողքին, աշխատենք ժողովրդի համար»,- նշեց նա` հավելելով. «Դաշնակցությունը մեկն է, միակամ է, և անգամ եթե ունենք մեր մեջ տարբերություններ, ինչը շատ բնական է աշխարհի 30 երկրներում գործող կուսակցության համար, դա մեր հարստությունն է»:

Այնուհետև, Մուրադ Փափազյանի գլխավորությամբ, կայացավ երդման արարողություն, և ՀՅԴ շարքերը համալրվեցին նոր անդամներով:

yerkir.am

1