Ո՞վ է Ջորջ Սորոսը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ո՞վ է Ջորջ Սորոսը

Ո՞վ է Ջորջ Սորոսը

Կյանքը, ֆինանսական գործունեությունը

Ես երբեք չեմ խաղում մեկ կանոնի շրջանակներում, ես միշտ փորձում եմ փոխել խաղի կանոնները` դրանք հարմարեցնելով ինձ:

Ֆինանսական շուկաներն ինձ համար եղել են ինչ-որ լաբորատորիա, որտեղ ես փորձարկում էի փիլիսոփայական տեսությունները: Ինչպես տեսնում եք, շատ փորձարկումներ բավականին հաջող էին:

Այս խոսքերը պատկանում են հրեական ծագմամբ հունգարա-ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող, քաղաքական ակտիվիստ, բարերար Ջորջ Սորոսին, ում անունը մշտապես քննարկման առարկա է և հաճախ է շոշափվում «գունավոր» ու «թավշյա» հեղափոխությունները հովանավորելու առումով: Դժվար է այդ խոսակցություններին ու պնդումներին միանշանակ պատասխան տալ, բայց ուսումնասիրելով Սորոսի գործունեությունը՝ կարելի է որոշակի պատկերացում կազմել տվյալ իրադարձություններին նրա դերակատարության մասին:

Ջորջ Սորոսը ծնվել է Բուդապեշտում, 1930 թվականին: Լինելով ազգությամբ հրեա` նա ստիպված է լինում ընտանիքի հետ կեղծ փաստաթղթերով տեղափոխվել Անգլիա` գերմանական հետապնդումներից խուսափելու համար: 1947 թ. Սորոսն ընդունվում է Լոնդոնի տնտեսագիտության դպրոց՝ ստանալով նախ բակալավրի որակավորում, ապա նաև՝ փիլիսոփայության մագիստրոսի գիտական աստիճան։ Այստեղ նրան դասավանդել է հայտնի փիլիսոփա Կառլ Փոփերը, որը մեծ ազդեցություն է ունեցել Սորոսի աշխարհայացքի ձևավորման վրա: Սորոսի կյանքի նպատակն է Փոփերի` երկրի վրա բաց հասարակություն հիմնելու գաղափարը: Եվ հենց այս նպատակով էլ նա ողջ աշխարհում ատեղծել է բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ:

Իր ընկերոջ հրավերով նա մեկնում է ԱՄՆ և զբաղվում ֆինանսական գործունեությամբ:

Նախքան իր առաջին ֆոնդը հիմնելը (Double Eagle, 1969 թ․), նա իր բիզնես կարիերան սկսել է տարբեր աշխատանքներ կատարելով նախ Անգլիայի, ապա ԱՄՆ-ի առևտրային բանկերում։ Իր առաջին ֆոնդերից ստացված եկամուտներով 1970 թվականին ստեղծեց երկրորդ ֆոնդը՝ Սորոս Ֆոնդ Մենեջմենթը։ «Double Eagle»-ն անվանափոխվեց «Quantum Fund»-ի։ Հիմնադրման պահին «Quantum Fund»-ն ուներ կառավարման տակ գտնվող 12 մլն դոլար ակտիվներ, իսկ արդեն 2011 թվականին այն կազմում էր 25 միլիարդ դոլար։ Սորոսը հայտնի է որպես «Մարդ, որը կոտրեց Անգլիայի բանկը», քանի որ 1992 թվականին իր 10 մլրդ դոլարի կարճ վաճառքը հանգեցրեց Մեծ Բրիտանիայում տեղական արժույթի (Ֆունտ ստերլինգ) ճգնաժամին: Ճգնաժամը, որից նա 1 մլրդ դոլարի շահույթ ստացավ, հայտնի է «Սև չորեքշաբթի» անունով:

Սորոսի ֆինանսական կարիերայում եղել են և՛ վերելքներ, և՛ վայրէջքներ: Այսպես, «խաղալով» Ֆորեքս շուկայում 1992 թվականի սեպտեմբերին ֆունտ/դոլար փոխարժեքի վրա, մի քանի օրվա ընթացքում նա աշխատում է 2 մլրդ դոլար: Մյուս կողմից, 2000 թվականի աշնանը, ՆԱՍԴԱՔ արժեթղթերի շուկայի «անկումից» հետո, նա կորցնում է մոտ 3 մլրդ դոլար:

Սորոսի ֆինանսական հաջողությունների վերաբերյալ կան երկու հիմնական տեսակետներ: Առաջինի համաձայն՝ նա իր հաջողություններով պարտական է ֆինանսական կանխատեսումների շնորհին: Երկրորդ տեսակետով՝ իր կարևոր որոշումները կայացնելիս Սորոսն օգտվում է աշխարհի խոշորագույն երկրների քաղաքական և ֆինանսական շրջանակների տրամադրած տեղեկատվությունից: Ինքը` Սորոսը, իր հաջողություններն այլ կերպ է մեկնաբանում. ԶԼՄ-ների միջոցով հանրային կարծիքի վրա ազդեցություն, իրեն ցանկալի տրամադրությունների, ակնկալիքների ձևավորում: Իսկ քանի որ ակնկալիքը հոգեբանական հատկանիշ է, այն կարող է տեղեկատվական ազդեցության ենթարկվել:

Բաց հասարակություն հիմնադրամ

2018թ. սկզբների տվյալներով՝ 88-ամյա միլիարդատեր, բարերար և Բաց հասարակություն հիմնադրամի հիմնադիր Ջորջ Սորոսն ունի 8 մլրդ դոլլար, այն բանից հետո, երբ նա 18 մլրդ դոլլար նվիրաբերեց իր Բաց հասարակություն բարեգործական հիմնադրամին:

Բաց հասարակություն առաջին հիմնադրամը նա ստեղծել է 1979թ. ԱՄՆ-ում: Այժմ աշխարհի 25 երկրներում գործում են այդ հիմնադրամները: Բաց հասարակություն հիմնադրամը, որն առավել հայտնի է որպես Սորոսի հիմնադրամ, Հայաստանում իր գործունեությունն սկսել է 1997 թվականից: Հիմնադրամի գրանտներն ուղղվում են մի քանի թիրախային խմբերի՝ քաղաքացիական հասարակություն, մեդիա, կանանց իրավունքներ, կրթություն, հանրային առողջություն և այլն:

Նա տարեկան միջինը 300 մլն դոլար է հատկացնում հասարակական, շահույթ չհետապնդող ծրագրերի իրականացման համար:

Միլիարդատերը մշակել է ֆոնդային շուկաների ռեֆլեքսիվության մասին տեսակետ, որը բացատրում է նրա ունեցվածքի տպավորիչ աճը: Ֆինանսական գործունեության ոլորտում իր գաղափարների մասին նա գրել է «Ֆինանսների ալքիմիան», «Համաշխարհային կապիտալիզմի ճգնաժամը» և այլ գրքեր:

Քաղաքական գործունեությունը

Քաղաքական բնագավառում Սորոսն իրեն դրսևորել է որպես հովանավոր և ազդեցիկ լոբբիստ: 1979 թվականից Սորոսն Արևմտյան Եվրոպայի երկրներում ակտիվորեն ֆինանսավորում էր ժողովրդավարական շարժումները`Լեհական Համերաշխություն, Չեխոսլովակիայում Խարտիա 77 շարժումը, ինչպես նաև Անդրեյ  Սախարովի շուրջ համախմբված այլախոհ խմբավորումներին: Նա կարևոր դեր է խաղացել Եվրոպայի «թավշյա» հեղափոխություններում: Սորոսն ազդեցիկ դերակատարություն է ունեցել նաև վրացական «վարդերի հեղափոխության» նախապատրաստման և իրականացման գործում, չնայած նա անձամբ պնդում է, որ իր դերակատարությունը մամուլը չափազանցրել է:

ԱՄՆ-ում Սորոսը մեծ ակտիվություն է ցուցաբերել 2004թ. նախագահական քարոզարշավի ժամանակ` ավելի քան 23 մլն դոլար ծախսելով Բուշ-կրտսերի վերընտրման դեմ, որում անհաջողություն կրեց:

Ջորջ Սորոսը համարվում է «կոնգրեսում թմրաբիզնեսի օրինականացման գլխավոր լոբբիստը»: Այսպես, 2010թ. հոկտեմբերին Սորոսը 1 մլն դոլար տրամադրեց «DPA» կազմակերպությունը, որը պայքարում էր ԱՄՆ-ում կանեփի օրինականացման համար: Մինչ այդ նա հովանավորում էր նմանատիպ այլ կազմակերպությունների:

Սորոսի հովանավորած կազմակերպությունները փորձում են հասնել մեկ միասնական աշխարհի ձևավորմանը, որտեղ բնականաբար տեղ չունեն ավանդական արժեքները, իսկ մարդու իրավունքները գերակայում են ազգային- քաղաքական հարցերի նկատմամբ: Ներկայումս մի շարք երկրներում արգելված է Սորոսի հիմնադրամի գործունեությունը:

Պատրաստեց Տաթևիկ Աղաջանյանը

1