Բանակցություններ հոտնկայս, կամ՝  երկնքից ընկած երեք խնձոր
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Բանակցություններ հոտնկայս, կամ՝  երկնքից ընկած երեք խնձոր

Բանակցություններ հոտնկայս, կամ՝  երկնքից ընկած երեք խնձոր

Կռահեցիք։ Խոսքս, այո, վերաբերում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպմանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում՝ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստի օրը՝ սեպտեմբերի 28-ին։ Անկախ նիստի օրակարգային հարցերից եւ ընդունված որոշումների կարեւորությունից` գագաթնաժողովի մասնակիցների եւ, մանավանդ, միջոցառումը լուսաբանող լրագրողների ուշադրության կենտրոնում այլ իրադարձություն էր՝ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Դա, փաստորեն, Փաշինյան-Ալիեւ երկրորդ հանդիպումն էր։ Առաջինը, ինչպես հայտնի է, տեղի է ունեցել այս տարվա ամռանը՝ Մոսկվայում, ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի բացման հանդիսավոր արարողությանը, որտեղ նրանք ընդամենը ծանոթացել են հյուրընկալ տանտիրոջ՝ Ռուսաստանի նախագահի ներկայացմամբ, բավարարվելով միայն սովորական բարեւի փոխանակմամբ եւ ոչ ավելին։ Սակայն, ի տարբերություն առաջինի, երկրորդ հանդիպումն անհամեմատ բովանդակալից էր, թեկուզեւ, ինչպես տեղեկանում ենք լրահոսից, տեւել է ընդամենը մեկուկես րոպե։ Ադրբեջանական մամուլի պնդմամբ՝ հանդիպումը փաստորեն նախաձեռնել է Հայաստանի վարչապետը եւ առաջինը մոտեցել Ադրբեջանի նախագահին։ Մինչդեռ ահա հակառակն է պնդում ռուսաստանյան ՙԿոմերսանտ՚ պարբերականը` նշելով, որ Ադրբեջանի նախագահն ինքն է շտապել հասնել իրենից առաջ քայլող` Հայաստանի վարչապետին, որից հետո նրանք սկսել են ոչ միայն միասին հատել դահլիճ տանող ճանապարհը, այլեւ նույնիսկ զրուցել։ Ռուսական լրատվամիջոցի դիտարկմամբ՝ նրանք այնքան էին տարված զրույցով, որ անգամ լուսանկարվելու արարողությանը, կանգնած լինելով կողք կողքի, շարունակում էին զրուցել։  Ըստ երեւույթին, եզրակացնում է «Կոմերսանտ»-ի հեղինակը, Իլհամ Ալիեւն ասելու բան ուներ զրուցակցին, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ լսելու։ Անձամբ ես կարծում եմ՝ երկու զրուցակիցներն էլ իրար թե ասելու եւ թե լսելու բան ունեին։

Ինչպես հետո պարզվեց Հայաստանի վարչապետի ֆեյսբուքյան ՙուղիղ եթերից՚ եւ Ադրբեջանի ԱԳՆ մամլո հաղորդագրությունից` այդ հպանցիկ զրույցի ընթացքում ձեռք բերվեցին որոշակի  պայմանավորվածություններ սահմանագծում լարումը նվազեցնելու եւ միջադեպերը կանխելու, բանակցային գործընթացի նկատմամբ հավատարմությունը պահպանելու, կողմերի միջեւ օպերատիվ կապ ստեղծելու վերաբերյալ: «Ես ուրախ եմ եւ հույս ունեմ, որ այդ պայմանավորվածությունները կպահպանվեն, քանի որ դրանց պահպանումը չափազանց կարեւոր է»,- ասել է Հայաստանի վարչապետը:

Ինչ խոսք, ականջահաճո է արձանագրել խիստ կարճատեւ զրույցի ընթացքում ձեռք բերված նման կարեւոր պայմանավորվածությունները, որոնք հեքիաթների ավարտին սովորաբար երկնքից ընկնող երեք խնձորն են հիշեցնում, մեկը՝ պատմողին, մեկը՝ լսողին եւ մեկն էլ ուտողին։ Բայց հեքիաթը՝ հեքիաթ, մինչդեռ իրական կյանքն այլ բան է հիշեցնում։

Բանն այն է, որ Բաքուն քանի անգամ, մանավանդ 2016-ի ապրիլյան իր անփառունակ արկածախնդրությունից հետո, խոստացել էր դադարեցնել կրակոցները շփման գծում, տեղադրել դիտարկման տեխնիկական միջոցներ, ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմը։ Վերհիշենք այդ կարգի պայմանավորվածությունները Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում, որոնց ձեռքբերումը ոչ թե մեկ կամ երկու րոպեի, այլ շահագրգիռ կողմերի միջեւ անհամեմատ տեւական բանակցությունների, միջազգային միջնորդների համառ հորդորների ու ջանքերի արդյունք էր։ Եվ ի՞նչ։ Պարզապես ոչինչ։ Ավաղ, սայլն այսօր էլ տեղից չի շարժվում։ Այո, նույն Իլհամ Ալիեւը կտրականապես հրաժարվում է կյանքի կոչել իր իսկ տված նախագահական խոստումները։ Իրո՞ք նա այսօր պատրաստ է Դուշանբեում հպանցիկ ասված իր խոստման տերը լինել։ Ադրբեջանի նախագահը՝ խաղաղության աղավնի՞։ Թեկուզ այսրոպեական։ Եթե ոչ մենք, ապա օտարները, համոզված եմ, կարող են ապշել մեր այդ անհիմն ու աններելի, ինչու՞ չէ, այո, վտանգավոր միամտությամբ։

Իրոք որ հեքիաթ է։ Մինչդեռ իրական կյանքն ահա այլ խնձորներ է մատուցում մեզ՝ նույնպես երկինք հատող ու երկնքից ընկնող, բայց ամենեւին էլ ոչ հեքիաթային խնձորներ։ Մետաղակուռ խնձորներ՝ առանձնապես եւ առաջին հերթին՝ շփման գծում Արցախի խաղաղությունը գիշեր ու զոր աչալուրջ հսկող, պաշտպանող մեր դիրքապահ զինվորների համար։

Ահավասիկ, Արցախի պաշտպանության նախարարության վերջին շաբաթվա ամփոփագրերը։ Պարզվում է, որ սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը հակամարտ զորքերի շփման գոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 230 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3000 կրակոց, իսկ սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 6-ը, այսինքն՝ նշված պայմանավորվածություններին հաջորդած օրերին՝ շուրջ 150 անգամ՝ արձակելով ավելի քան 1000 կրակոց։ Ընդ որում, երկու դեպքում էլ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։

Ավելին, ադրբեջանական զինուժի՝ սեպտեմբերի 17-ից 22-ն անցկացված լայնածավալ զորավարժությունների ավարտից հետո, որոնք իրականացվել են շփման գծի անմիջական հարեւանությամբ, Բաքուն տակավին հապաղում է իր զորքերը հեռացնել դեպի մշտական տեղակայման վայրեր։ Ըստ երեւույթին՝ սպասում են Արցախի ուղղությամբ «Կրա՜կ» հրամանին։ Առավել եւս, որ այդ զորավարժությունները, ինչպես հայտարարվել է նախապես, անցկացվել են՝ որպես Արցախի դեմ պատերազմի վերսկսման նախապատրաստության վճռական փուլ։ Միեւնույն ժամանակ, ՀՕՊ համակարգի միջոցով հսկողություն սահմանելով Արցախի ողջ օդային տարածքի նկատմամբ, Բաքուն, ինչպես վերջերս հայտարարել է այդ հանրապետության պաշտպանության նախարարությունը, սպառնում է անհապաղ չեզոքացնել, այսինքն՝ ոչնչացնել«հակառակորդի ցանկացած օդային միջոց, որը կփորձի մոտենալ ադրբեջանական բանակի առաջավոր դիրքերին»։ Խոսքը, դժվար չէ կռահել, վերաբերում է ոչ միայն հայկական ռազմական, այլեւ քաղաքացիական ավիացիային։

Միանգամայն վերջերս էր. Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էր Մինսկում։ ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ գծով բելառուս գործընկերների հետ կայացած հանդիպումների ընթացքում հայ խորհրդարանականները բարձրացրել են նաեւ Բելառուսից Ադրբեջանին մատակարարվող արդիական սպառազինության հարցը՝ շեշտելով, որ Բաքուն զանգվածային ոչնչացման այդ զինատեսակները գնում է ինչպես Արցախի, նույնպես եւ Հայաստանի դեմ կիրառելու նպատակով։ Բայց ու՞մ ես ասում։ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հազիվ տուն էր վերադարձել, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը նույն այդ օրերին ցնծագին հաղորդում է, որ Լուկաշենկոյի մահաբեր զենքի հերթական խմբաքանակը հասել է Բաքու։ Հենց այդպես էլ վերնագրված է հաքքին.ազ ադրբեջանական լրատվական կայքի հրապարակումը. «Լուկաշենկոյի մահաբեր զենքը հասել է Բաքու»։ Խոսքը բելառուսական արտադրության «Պոլոնեզ» տիպի 301 միլիմետրանոց օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի մասին է, որը, ըստ Բաքվի տեղեկատվության, իր հարվածային ուժով հավասարազոր է «Իսկանդեր»-ին։

Եվ ապա, ինչպես օրերս հայտնել է «Գոլոս Արմենիի» թերթի հեղինակ Էդուարդ Ավետյանը «Հայ-ադրբեջանական դիմակայության մեջ հայտնին անհայտի մասին» հրապարակման մեջ, Թուրքիան եւ Ադրբեջանը ձեռնարկում են քայլեր, որոնք ի զորու են սասանել Հարավային Կովկասում տիրող փխրուն իրավիճակը։ «Առանձնապես Թուրքիան, որը ձգտում է առավել ակտիվ մասնակցություն ունենալ մեր տարածաշրջանի գործընթացներում, կարող է դառնալ այնպիսի հակամարտությունների արագացուցիչ՝ կատալիզատոր, որն ունակ է պայթեցնելու խաղաղությունը ոչ միայն Հարավային Կովկասում»,- գրում է հեղինակը։ Մեր գրչակից ընկերոջ խոսքով՝ դրա վկայությունն են Հարավային Կովկասում Թուրքիայի արդեն իսկ ձեռնարկած գործողությունները, որոնց մասին, ինչպես Անկարային է թվում, հայտնի չէ շահագրգիռ կողմերին։ Հոդվածագրի հաղորդմամբ՝ ոչ մի տեղ չի հիշատակվում, որ Նախիջեւանում արդեն դե-ֆակտո լուծված է թուրքական ռազմակայանի հարցը։ Բանն այն է, ասում է նա, առաջին տարին չէ, ինչ Թուրքիան իր ռազմակայանն է ստեղծել Նախիջեւանում, որտեղ տեղակայված է թուրքական բանակի հատուկ նշանակության երկու գումարտակ, որոնք վերահանդերձավորված են ադրբեջանական զինուժի համազգեստով։ Բացի այդ, թուրքական հատուկ նշանակության եւս երկու գումարտակ պարբերաբար հայտնվում է Նախիջեւանում՝ մասնակցելով բազմաթիվ զորավարժանքների։ Հեղինակի խոսքով՝ «Ենթադրվում է, որ երբ Ադրբեջանը, ինչ-ինչ երեւութական երաշխիքներ ստանալով ՀԱՊԿ կողմից չմիջամտելու կամ «երեք ժամով» նրա ուշացման մասին, հարձակման անցնի ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի դեմ, ապա թուրքական հատուկ նշանակության գումարտակները կդառնան այն ուժը, որը Նախիջեւանից կճեղքի հայկական պաշտպանությունը, կշարժվի ոչ միայն դեպի Երեւան, այլեւ կկտրի Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհը»։

Միեւնույն ժամանակ, նշում է հոդվածի հեղինակը, իրականում Ադրբեջանը մտադիր է օգտագործել, ինչպես Բաքվին է թվում, ամենից հզոր ու ռազմատենչ այնպիսի մի կառույց, որն իբր թե ունակ է առհասարակ ոչնչացնել հայկական բանակը, կոտորել բոլորին ու զավթել հայկական քաղաքներն ու գյուղերը՝ դրանք ստանալով որպես ռազմավար։ Խոսքն «Իսլամական պետություն» կոչեցյալ ահաբեկչական միավորման մասին է եւ դրան հոգեհարազատ այնպիսի կառույցների, ինչպիսիք են «Ալ-Քաիդա»-ի հետ կապված «Ջաբհատ ան-Նուսրի»-ն եւ մյուս այլ հրոսակախմբերը։ Արդեն առաջին ամիսը չէ, ինչ Թուրքիան Ադրբեջանի խնդրանքով սիրիական Իդլիբից իսլամական գրոհայիններին հանում եւ, շատ հաճախ նրանց ընտանիքների հետ միասին, իր տարածքով տեղափոխում է Նախիջեւան։ Նրանց թիվը, հեղինակի տվյալներով, հասել է մի քանի հարյուրի, եթե ոչ ավելիի։ Ընդ որում՝ գրոհայինների մեջ քիչ չեն Հյուսիսային Կովկասից եկած բնիկները։ Նրանք փոխադրվում են նաեւ Արցախի սահման, որտեղ, այսպես կոչված, «հարվածային բռունցք» կդառնան, երբ որ Ադրբեջանը կսկսի մարտական գործողությունները։ Նրանց հետ միասին հայկական դիրքերը կգրոհեն նաեւ, ըստ Բաքվի աղբյուրների, Պակիստանից բերված եւ արդեն Ադրբեջանում գտնվող հատուկ նշանակության ստորաբաժանումները։

Մի խոսքով, կարելի է ենթադրել, կրտսեր Ալիեւը փորձում է կրկնել հանգուցյալ հոր կոպիտ սխալը, որի համար, ասում են, վերջինս զղջացել է սաստիկ։ Եթե հիշում եք՝ Հեյդար Ալիեւը նույնպես մեծ հույսեր էր կապում աֆղանցի մոջահեդների ու չեչեն գրոհայիննեի հետ՝ մտածելով, որ, ի տարբերություն իր վախկոտ ու անողնաշար հայրենակիցների, նրանք անհամեմատ մարտունակ են, բավական թրծված ու փորձառու դարձած աֆղանական եւ չեչենական պատերազմների թոհուբոհում, հետեւապես ունակ են մեկ հուժկու հարվածով ջարդելու արցախահայության ողնաշարը։ Բայց եղավ այն, ինչ եղավ։ Մարտադաշտ հանված հազարավոր աֆղանցի ու չեչեն վարձկանները ոչ միայն խայտառակ պարտություն կրեցին՝ բախվելով հայ ազատամարտիկների կուռ ու անսասան պատնեշին, այլեւ գլխացավանք դարձան հրավիրող կողմի՝ Ադրրբեջանի իշխանությունների համար, անձամբ՝ նախագահ Հեյդար Ալիեւի համար։ Արդյոք, նույն խոր հիասթափության ու զղջանքի զգացու՞մը չի սպասում նաեւ նրա նախագահ որդուն՝ Իլհամ Ալիեւին։ Հաստատապես՝ այո։ Քանզի, ինչպես 20-րդ դարավերջին մեր քաջազուն տղաներն էին, նույնքան ու նույնիսկ առավել քան մարտունակ ու խիզախ են շփման գծում մարտական հերթափոխի կանգնած նրանց զավակները՝ Հայաստանի եւ Արցախի սահմանագծերում ամուր, անսասան պատնեշված 21-րդ դարասկզբի հայ դիրքապահները։

Միքայել Հաջյան

1