Համազասպը Թիֆլիսում. Վերադարձ Երեւան (1919թ. մարտ հունիս)
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Համազասպը Թիֆլիսում. Վերադարձ Երեւան (1919թ. մարտ հունիս)

Համազասպը Թիֆլիսում. Վերադարձ Երեւան (1919թ. մարտ հունիս)

(հատվածներ)

… Որոշ ժամանակ անց Համազասպն ակտիվորեն ներգրավվում է Թիֆլիսի հայ հասարակական-քաղաքական կյանքում: Այդ օրերին թիֆլիսահայությանը հուզող առաջնային խնդիրը Արցախի ճակատագիրն էր: 1919թ. հունվարի 15-ին Արցախ-Զանգեզուրում ստեղծվել էր գեներալ-նահանգապետություն, եւ անգլիացիների հովանավորությամբ նահանգապետ էր նշանակվել հայտնի հայատյաց Խոսրով բեկ Սուլթանովը, որի իշխանությունն ամրապնդելու պատրվակով 1919թ. փոտրվարին եւ ապրիլին ադրբեջանական զորքերը ներխուժեցին Արցախ: Հայ բնակչությունը ցույց տվեց համառ դիմադրություն: Սուլթանի զորքերն ու շուրջ երկու հազար քուրդ ավազակներ ոչնչացրին մի շարք հայկական գյուղեր: Այս վայրենի գործողություններին մասնակցում էին նաեւ բրիտանական միսիայի ղեկավար Մաք-Մոզընի հնդիկ մահմեդական զինվորները: Մաք-Մոզընի պահանջով, անգլիացի սպաների եւ հնդիկ զինվորների ուղեկցությամբ, Արցախից վտարվում են Ազգային խորհրդի նախագահ Ե. Իշխանյանը, ռազմական գործերի ղեկավար Հարություն Թումյանը եւ Ասատուր Ավետիսյանը:

Արցախահայության նկատմամբ իրականացվող բռնաճնշումների առիթով այդ օրերին փոթորկվել էր Այսրկովկասի եւ Ռուսաստանի հայությունը: Արցախահայությանը նեցուկ կանգնելու նպատակով Թիֆլիսում, Հովհ. Թումանյանի նախագահությամբ, հունիսի 8-ին եւ 22-ին տեղի էին ունենում բազմահազարանոց հրապարակային ժողովներ:  Թիֆլիս հասած Ե. Իշխանյանը, Հ. Թումյանը եւ Աս. Ավետիսյանը,  մտահոգ Արցախում տիրող ծանր կացությամբ, պարբերաբար հրավիրում էին Զանգեզուր-ղարաբաղցիների հայրենակցական միության վարչության նիստեր՝ փորձելով հարցը բարձրացնել Փարիզում, դաշնակիցների դիվանագիտական բարձրագույն ատյանում:

Արցախի շուրջ ստեղծված ծանր կացությունը հուզում էր նաեւ Համազասպին: 1919թ. հունիսի 7-ին հայոց ակումբում հրավիրված Զանգեզուր-ղարաբաղցիների հայրենակցական միության վարչության հերթական նիստին, որտեղ պետք է քննարկվեր Շուշիում տիրող կացության հարցը, մասնակցում է նաեւ Համազասպը: «Յունիսի 7-ին երեկոյեան, որոշեալ ժամին գնացինք հայոց ակումբ. Առանձին մի սենեակում հաւաքւած էին արդէն Լէօն՝ վարչութեան անդամները եւ հրաւիրեալները…: Ներկայ էին նաեւ Միշա Արզումանեանը, Աշ. Մ. Յովսէփեանը եւ խմբապետ Համազասպը»,- գրում է Ե. Իշխանյանը:

Միաժամանակ, ձգտելով իր ուժերի ներածին չափով օգտակար լինել նորանկախ Հայաստանի Հանրապետության կերտման, մասնավորապես՝ բանակի կազմավորման գործին, Համազասպը մտադրվում է Թիֆլիսից անցնել Երեւան: 1919թ. հունիսի 15-ին Համազասպն արդեն Երեւանում էր:

Թիֆլիսից Երեւան գալով՝ Համազասպն անմիջապես դիմում է ՀՅԴ Արեւելյան Բյուրոյին ու ՀՀ կառավարությանը եւ հայտնում իր պատրաստակամությունը՝ «… իր ուժերը ի սպաս դնելու Ղարաբաղին, ստանձնելով որոշ պարտականութիւններ, ակտիւ կերպով աշխատելու, համաձայն կառավարութեան եւ կուսակցութեան հրամանագրերի»: Բյուրոն, հունիսի 17-ին քննության առնելով Համազասպի դիմումը, տարակարծության պատճառով որոշակի եզրահանգման չի գալիս՝ նկատի ունենալով «… Բագւայ կռիւների ժամանակ նրա դէմ եղած որոշ գանգատներն ու դժգոհութիւնները»:

ՀՅԴ Բյուրոյի նման որոշումը մտահոգել էր Համազասպին: Այս մասին արժեքավոր տեղեկություններ է հայտնում Ե. Իշխանյանը, որը Հ. Թումյանի եւ Ասատուր Ավետիսյանի հետ մեկտեղ խորհրդարանի այգում զրուցել էր Համազասպի հետ: «Պառլամենտի դիմաց, զբօսայգում երեքով պատահեցինք Համազասպին, — գրում է Ե. Իշխանյանը,- որը խիստ ընկճւած դէմքով միացաւ մեզ, եւ միասին տեղ գրաւեցինք այգում…»: Համազասպը նրանց պատմում է, որ դիմել էր մի շարք ընկերների՝ իրեն աջակցելու ՀՅԴ Բյուրոյի եւ կառավարության մոտ, զինվորական պաշտոն ստանձնելու եւ, առաջին հերթին, Արցախին օգտակար լինելու համար, կամ «եթէ հնարաւոր չլինի այդ, ծառայելու մէկ ուրիշ շրջանում»:

Հունիսի 20-ին Ա. Գյուլխանդանյանը, Գեւորգ Ղազարյանը եւ Սարգիս Արարատյանը Ե. Իշխանյանի հետ զրույցի ընթացքում հարցնում են վերջինիս՝ Համազասպին Արցախ գործուղելու օգտակարության  մասին: Ե. Իշխանյանը նպաստավոր չէր համարում Համազասպին Արցախ գործուղելը՝ համարելով, որ նրա ներկայությունն է՛լ ավելի կսրի Ադրբեջանի կառավարության հետ հարաբերությունները: Նրա կարծիքով՝ Համազասպի ներկայությունն Արցախում նպաստավոր կլինի միայն Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում: «Համազասպը… Ղարաբաղում ամենաճանաչւած խմբապետն է եւ Գիւլիստանի գաւառներում: … Ղարաբաղի թուրքերը խստիւ ակնածում են Համազասպից, եւ վերջինիս այնտեղ լինելը պիտի աւելի սրէ Ադրբէջանի եւ մեր կառավարութեան փոխյարաբերութիւնը, որից օգուտ չունենք ներկայիս: Հայաստանը պատերազմի մէջ չէ Ադրբէջանի հետ, եւ եթէ նման պատերազմ ծագելու լինի, այն դէպքում Համազասպի Ղարաբաղ անցնելը խիստ օգտակար կը լինի մեզ համար. Նա կը կարողանայ մեծ ոգեվորութիւն առաջ բերել ժողովրդի մէջ»,- գրում է Ե. Իշխանյանը:

Սակայն իրավիճակը շարունակում էր ծայրաստիճան լարված մնալ Արցախում: Սուլթանովը, արցախահայության վճռականությունից գազազած, հայ բնակչության նկատմամբ շարունակում էր իր չարագործությունները: Ուստի ՀՀ կառավարությունը որոշեց Արցախ ուղարկել զինվորական գործիչների, որոնց առջեւ խնդիր դրվեց կազմակերպել տեղի հայության ինքնապաշտպանությունը: Այդ նպատակով Ե. Իշխանյանը, Հ. Թումյանը եւ Աթանես Ղահրամանյանը հանդիպում են Սեպուհի հետ, առաջարկում են նրան մեկնել Արցախ եւ ստանձնել ինքնապաշտպանության ղեկավարությունը: Սեպուհը մերժում է այդ առաջարկը՝ պատճառաբանելով, որ ինքը տեղանքին ծանոթ չէ, եւ առաջարկում է Համազասպի թեկնածությունը, քանի որ նա մեծ ճանաչում եւ ժողովրդավարություն էր վայելում Արցախում: «Ձեր երկրին Համազասպն է ծանոթ, եւ իմ կարծիքով ամէինց յարմարը նա է, որ անցնի Ձեզ մօտ»,- ասել էր Սեպուհը: Ե. Իշխանյանը Սեպուհի հետ կայացած զրույցի մասին գրավոր ձեւով հայտնում է ՀՀ զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանին: Այդ ժամանակ Համազասպը Արցախ մեկնելու համար գրությամբ կրկին դիմել էր Ռուբենին եւ պատրաստակամություն հայտնել «… իւր ուժերը ի սպաս դնելու Ղարաբաղի հայությանը»:

Հարցը կարգավորելու նպատակով ՀՀ զինվորական նախարարը Ե. Իշխանյանին առաջարկում է կազմել մի ամփոփագիր՝ Արցախում Համազասպի 1905-1906 թթ. գործունեության մասին: Ե. Իշխանյանը, Հ. Թումյանն ու Աս. Ավետիսյանը միահամուռ կարծում են, որ դա « … լաւ առիթ է, պէտք է գրաւոր կերպով յայտնել իրողութիւնը, որ նա հեղինակութիւն է Ղարաբաղում, մանաւանդ Խաչէնի, Ջրաբերդի եւ Գիւլիստանի գիւղացիութեան մէջ, որ փաստ է»: Ե. Իշխանյանը եւ վերը նշված գործիչները հատուկ գրությունով Ռուբենին ներկայացնում են Համազասպի՝ Արցախում 1905-1906թթ. ծավալած արդյունավետ գործունեության մանրամասները, եւ եզրակացնում, որ անհրաժեշտաբար պետք է օգտագործել նրա՝ Արցախում ունեցած հեղինակությունը: Ըստ Ե. Իշխանյանի՝ «Արդ նկատի ունենալով անցեալը, որ մոռացւած չէ ժողովրդի կողմից եւ այն հանգամանքը, որ ի չարս արեւելեան ժողովուրդների, մեր ժողովրդի աչքում արժէք ունեն առաւելապէս հեղինակութիւն դարձած անունները, ուստի երեքով՝ Յարութիւն Թումեանը, Ասատուր Աւետիսեանը եւ ես պաշտպանել ենք Համազասպին օգտագործելու հարցը… պիտի ասեմ, որ երեքս էլ բնաւ չէինք մեղանչել իրականութեան դէմ»:  Համազասպը հունիսի 29-ին «Քաղաքային բուլվար»-ի մուտքի մոտ պատահաբար հանդիպելով վերջիններիս, իր գոհունակությունն է հայտնում ասելով՝ «Շատ զգացւած եմ, դուք փրկեցիք իմ պատիւը…»:

Արցախ գործուղվելու փոխարեն 1919թ. հուլիսի առաջին օրերին նա նշանակվում է Երեւանի նահանգի ամենաընդարձակ Նոր Բայազետ գավառում տեղակայված զորամասերի հրամանատար՝ այդ պաշտոնում փոխարինելով գեներալ-մայոր Պողոս (Պավել) Բեկ-Փիրումյանին: ՀՅԴ Արեւելյան Բյուրոյի՝ 1919թ. հուլիսի 4-ի նիստի օրակարգային 4-րդ հարցի՝ «Համազասպին պաշտօն տալու խնդրի» վերաբերյալ ասված է. «Համազասպին արդէն պաշտօն տրւած է»: Համազասպն այդ պաշտոնը զբաղեցրեց մինչու 1920թ. դեկտեմբերի 5-ը:

Այսպիսով՝ Թիֆլիսից անցնելով Երեւան, այնտեղից՝ Նոր Բայազետ, Համազասպը ստանձնեց հույժ կարեւոր նշանակություն ունեցող զինվորական նոր պաշտոն, որով եւ սկիզբ դրվեց նրա գործունեության հինգերորդ բախտորոշ շրջանը:

Գեւորգ Ստեփանյան 

«Համազասպ» Երեւան-2016թ.

1