Համաձայնություն առանց համագործակցության
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Համաձայնություն առանց համագործակցության

Համաձայնություն առանց համագործակցության

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտը մեկ անգամ ևս ալեկոծվեց: Քաղաքական դաշտը բացարձակ բևեռացվեց, հստակորեն բաժանվեց սևերի և սպիտակների: Թողնելով այն պատրվակները, որոնց հետևանքով ստեղծվեց այս ցնցումային կացությունը, հարկ է նշել, որ ստեղծված ծայրահեղ բևեռացված մթնոլորտը դեռևս առկա էր Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ընթացքում և իր տրամաբանական ավարտին հասավ արդյունքները հրապարակելուց հետո:

Քաղաքագիտական վերլուծությամբ՝ բնական պետք է համարել, երբ բացարձակ հաղթանակ ապահոված որևէ ուժ փորձում է ձերբազատվել իր հետ իշխանությունը կիսող կցորդ ուժերից: Հենց դա էլ տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին: Հարցը ոչ թե որևէ օրենքի ընդունումն էր, այլ քաղաքականության մեջ տիրող տրամաբանությունը: Սակայն պետք է կշռադատել, որ այս տրամաբանությամբ առաջնորդվելով որպես երկիր և հասարակություն՝ շահո՞ւմ ենք, թե՞ տուժում: Չէ՞ որ մայիսին ձևավորվել էր համաձայնության կառավարություն: Թվում էր, թե ատելությունն ու քաղաքական մենաշնորհն ավարտվել են, և զգացվում էր միասնաբար երկրի ապագան կառուցելու եռանդ ու խանդավառություն:

Հայ իրականության մեջ բոլոր քաղաքական ուժերը, ընկալելով ստեղծված քաղաքական իրողությունը, միանշանակ համոզված են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: Սակայն, նախքան արտահերթ ընտրությունների անցկացումը պետք էր ստեղծել այնպիսի պայմաններ, որ չկրկնվեն նախորդ սխալները, այլ խոսքով՝ բարեփոխվեն Ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների մասին օրենքը և այլ անհրաժեշտ պայմաններ ապահովվեն: Դռները բաց էին, և ինչպես Արմեն Ռուստամյանն է ասում՝ «չարժեր բաց դռնից ջարդելով ներս մտնել»: Եղավ այն, ինչ եղավ…Թերևս սա կլիներ բոլորի շահից բխող արտահերթ ընտրությունների անցկացման ուղին, և հենց այստեղ էր, որ բացարձակ մեծամասնություն ունեցող ուժը պետք է ինչ-որ տեղ նեղկուսակցական շահը զիջեր հանրային շահին:

Այժմ արդեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, և շուտով ԱԺ-ին է ներկայացվելու նոր Ընտրական օրենսգիրք, որտեղ ըստ երևույթին ներառվել են խորհրդարանական ուժերի համարյա բոլոր տեսակետները և, փաստորեն, ՀՀ ԱԺ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբեր ամսվա առաջին կեսին: Բնական է, որ այս ընտրություններին ևս, ինչպես Երևանի համայնքային ընտրություններում, բացարձակ մեծամասնությունը առանց ծրագրային դրույթներին ծանոթանալու կամ անգամ լսելու քաղաքական ուժերի մոտեցումներն ու հայեցակարգերը, իրականությունից կտրված՝ իր քվեն տալու է գործող իշխանությանը, որը տիրացել է թե իշխանական և թե ծայրահեղ ընդդիմադիր ընտրազանգվածին:

Ինչպես բազմիցս շեշտվել է, մայիսին ստեղծված ժողովրդի խանդավառութունն ու ապագայի նկատմամբ հույսը չպետք է մսխել: Ինչպես հեղափոխության հիմնական առաջնորդող կարգախոսն է՝ սիրո և համերաշխության մթնոլորտում պետք է ձևավորել իշխանություն երկրի զարգացումն ու բարգավաճումն ապահովելու համար: Դժբախտաբար, անցած շուրջ 4 ամիս գոյատևած Համաձայնության կառավարությունը չկարողացավ ստեղծել այդ մթնոլորտը: Արդյունքում Համաձայնության կառավարության տապալողը միայն մեկ ուժի գերիշխանությունն էր, համագործակցության բացակայությունը:

«Ապառաժ»-ի խմբագրական, 17 հոկտեմբեր, 2018թ.

1