Քարվաճառում կկառուցվի «Սիդնեյ» թաղամաս. պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է ԱՐԻ ընկերության բաժնետերերին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Քարվաճառում կկառուցվի «Սիդնեյ» թաղամաս. պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է ԱՐԻ ընկերության բաժնետերերին

Քարվաճառում կկառուցվի «Սիդնեյ» թաղամաս. պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է ԱՐԻ ընկերության բաժնետերերին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է «Արցախ ռութս ինվեսթմենթ» (ԱՐԻ) ներդրումային ընկերության մի խումբ բաժնետերերի:

Ողջունելով հյուրերին՝ պետական նախարարը բարձր է գնահատել ԱՐԻ ընկերության դերն Արցախի վերաբնակեցման քաղաքականությանն աջակցության հարցում՝ ընդգծելով գյուղատնտեսության և բնակարանաշինության ոլորտներում իրականացվող ծրագրերը: Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ ծրագրերի ընդլայնման վերաբերյալ առկա պայմանավորվածությունների շրջանակում նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են, և շուտով հոգաբարձուների խորհրդին կներկայացվեն Քաշաթաղի շրջանի Աղավնո բնակավայրի 20 և Քարվաճառ քաղաքի50 բնակարանների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը:

Առաջարկվող ծրագրերի վերաբերյալ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը սլայդերի միջոցով ներկաների ուշադրությանն է ներկայացրել գերատեսչության կողմից կատարված աշխատանքները՝ նշելով, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում դրանք վերջնական տեսքի կբերվեն:

ԱՐԻ ընկերության հոգաբարձուների խորհրդի անդամ Վահան Գասարջյանը, գոհունակություն հայտնելով Արցախի կառավարության հետ ձևավորված համագործակցությունից, նշել է, որ տարեցտարի ծրագրին մասնակցողների թիվն աճում է: Անդրադառնալով Քարվաճառում իրականացվելիք բնակարանաշինությանը՝ Վահան Գասարջյանը նշել է, որ քանի որ այն կյանքի է կոչվելու ավստրալահայության միջոցներով, առաջարկ կա թաղամասը «Սիդնեյ» անվանելու:

Գաղափարը ողջունվել է պետնախարարի կողմից, և պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա ամիսներին սկսել շինարարական աշխատանքները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տրամադրվող գումարների տոկոսադրույքների վերանայման, նոր ներդրողների ներգրավման նպատակով պետության կողմից պարտատոմսերի թողարկման, ինչպես նաև փոխգործակցության արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, պաշտոնատար այլ անձինք:

1