Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվել է «Օսկար»-ի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվել է «Օսկար»-ի

Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվել է «Օսկար»-ի

Սպիտակի երկրաշարժի մասին պատմող  ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմն ընդգրկվել է 2019թ. «Օսկարի» հավակնորդների երկար ցուցակում: Ֆիլմն առաջադրվել է Հայաստանի կողմից, ընդգրկված է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։ Բացի Հայաստանից, այս անվանակարգում ներկայացված է ևս 86 երկրից  ֆիլմեր։ Մալավին և Նիգերն առաջին անգամ  են դիմել։

«Օսկարի» հավակնորդները հայտնի կդառնան 2019 թվականի հունվարի 22-ին։

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» 91-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2019 թ. փետրվարի 24-ին։

Հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ»  ֆիլմը  1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին է: Նկարահանվել է երկրաշարժի 30-րդ տարելիցին: Թեև ֆիլմն անվանվել է «Սպիտակ», ռեժիսորը ֆիլմի առաջին մասը նկարահանել է Ղրիմում, երկրորդ մասը` Հայաստանում։

Ֆիլմի հերոսը՝ Գոռը, հեռացել էր Հայաստանից ավելի լավ կյանքի փնտրտուքներում: Երկրաշարժից հետո Մոսկվայից վերադառնում է հայրենիք` գտնելու իր տունը, ընտանիքին, սակայն, արդեն ուշ էր: Աղետն ամեն ինչ ոչնչացրել էր: Աղետի վայրում Գոռը հանդիպում է տարբեր կերպարների, որոնցից յուրաքանչյուրն իր անձնական ողբերգությունն ունի: Տեղացիները փորձում էին գտնել իրենց սիրելիներին` ողջ կամ մահացած: Բժիշկները փորձում էին օգնել փրկվածներին, օր ու գիշեր աշխատում էին չնայած դեղերի պակասին, վիրահատություններ կատարում էին ձեռքի տակ եղած նյութերով: Զինվորները, կամավորները վտանգելով իրենց կյանքը, մաքրում էին փլատակները: Գոռը շարունակում էր փնտրել կնոջն ու փոքրիկ դստերը, որոնք դեռևս ողջ էին, բայց փլատակների տակ: Նա նորից պետք է սովորի սիրել այն, ինչ ինքն է ոչնչացրել:

Սցենարի հեղինակը Մարինա Սոչինսկայան է։ «Սպիտակ» ֆիլմի երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը։

1