Շա՜տ ծրագրեր կան. վախենում եմ չհասցնել. Հրանտ Մարգարյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Շա՜տ ծրագրեր կան. վախենում եմ չհասցնել. Հրանտ Մարգարյան

Շա՜տ ծրագրեր կան. վախենում եմ չհասցնել. Հրանտ Մարգարյան

«Ապառաժ»-ի հուլիսի երկրորդ կեսի համարում տպագրված՝ ամերիկահայ բեմադրիչ, թատերագիր, դերասան եւ հռետոր Հրանտ Մարգարյանի «Խրիմյան Հայրիկ» մոնոներկայացման մասին հարցազրույցից զատ կարեւոր համարեցինք ընթերցողներին պատմելու եւ բացահայտելու Հրանտ Մարգարյան հայորդու ամբողջական կերպարը:

Գիտնական, պրոֆեսոր, բանաստեղծ, գրական քննադատ, դաստիարակ, կրթական մշակ եւ թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ, 26 թատերախաղերի եւ 13 գրքերի հեղինակ. Հրանտ Մարգարյանի մասնագիտություններն ու շնորհները թվարկելու համար թերեւս չբավարարի  նաեւ «Ապառաժե-ի երկրորդ անդրադարձը։ Չբավարարի, քանզի վերը թվարկված տաղանդներն ու ձիրքը Հրանտ Մարգարյանը իր ողջ գիտակցական կյանքում ծառայեցրել է Հայրենիքին եւ հային։

Գիտնական, պրոֆեսոր, բանաստեղծ. այս շարքը երկար է։ Ինչպե՞ս կարելի է համատեղել այս ամենը մեկ մարդու մեջ։

-Ես գիտնական եմ, միջուկային քիմիայի պրոֆեսոր եմ, դոկտոր, միեւնույն ժամանակ մյուսները։ Երկուսն էլ սիրում եմ որպես ճյուղ, բայց հարցը հետեւյալի մեջ է. գիտության եւ գեղարվեստի մեջ մոտեցումները գրեթե նույնն են։ Շատերդ տեսնում եք միայն գրիչի արտաքին տեսքը, ես՝ գրիչի բաղադրությունը՝ էլեկտրոններից միջուկային, նրանց համարվողականությունը, գույները։ Գրողը նույն մոտեցումն ունի՝ մարդու խորքն է նայում, նրա խորքի կազմությանը, նրա հոգեվիճակին։ Իմ ուղեղի մի բաժնում գիտնական եմ, մյուսում՝ արվեստագետ. այս երկուսը մենամարտի մեջ են միշտ՝ տրամաբանությունն ու ազատությունը. անկախություն, թռիչք ու սահմանափակում։ Կա նաեւ երրորդը՝ անձնությունը՝ ուղեղիս երկու բաժիններում համադրություն պահողը։

Սա եզակի երեւույթ չէ. Ա. Չեխովը, Օսկար Ուայլդը բժիշկ էին եւ թատերագիր, Սթրինբերգը թատերագիր էր եւ քիմիագետ։ Ես այս շարքի ամենավերեւում եմ։

— 25 տարի Հայ բժշկական ֆոնդի վարիչ քարտուղարն էիք։ Ի՞նչ ծրագրեր է իրականացրել ֆոնդը Արցախի հետ կապված։

-Արցախը մեր գերխնդիրն է, եւ Արցախին օժանդակելու ծրագրերը կազմակերպել եմ տարբեր կազմակերպությունների միջոցով՝ սկսած 1995 թվականից։

Հայաստանի անկախացումից հետո Ամերիկայում հիմնադրված Հայ բժշկական ֆոնդի միջոցով կյանքի կոչեցինք Ստեփանակերտի հակապալարախտային կենտրոնի, Մարտունի քաղաքի եւ Վանք գյուղի հիվանդանոցի կառուցման  ծրագրերը։ Վանքի հիվանդանոցին տրամադրեցինք նաեւ շտապօգնության մեքենա, քանի որ այն սպասարկում է նաեւ մոտակա ութ գյուղերի բնակիչներին։

Ապրիլյան պատերազմից հետո ամերիկյան բժշկական հաստատությունները եկել են այն եզրակացության, որ այդ օրերին զոհվածների 30 տոկոսը չէր մահանա, եթե արյունահոսությունը դադարեցնող սարքեր ունենային։ Այսօր արյան հոսքը կասեցնող լավագույն սարքեր ունեն միայն երկու երկրների բանակներ՝ Ամերիկայի եւ Իսրայելի։ Հայ բժշկական ֆոնդը 300 հազար դոլարի ներդրում է արել այս ծրագիրը կյանքի կոչելու համար, եւ այսօր Արցախի ռազմաճակատի զինվորները 100-ով ունեն այդ սարքից։

— Թարգմանել եւ հրատարակել եք մեկ տասնյակից ավելի հայ նահատակ գրողների 100-ից ավելի գործեր։ Որքանո՞վ է կարեւոր մշակութային ժառանգության հայտնաբերումն ու պահպանումը։

— Շատ կարեւոր է։ Առանց մշակույթի մենք չկանք, մշակույթը մեր դիմագիծն է, մեր ինքնությունն է խորքի մեջ։ Առանց գրականության, առանց մշակույթի մենք ազգ չենք, խուժան ենք, եւ մենք, բարեբախտաբար, այնքան գրողներ ենք ունեցել, որ արժանի են այդ պատվին, մեզ՝ մեզ կազմելու համար, հայուն՝ հայ կազմելու համար, հայություն կազմելու համար։ Եվ թարգմանությունն այս պարագայում մեծ դեր է խաղում, որ ժողովուրդը՝ իր դժվարություններով հանդերձ,  օտարները իմանան, որ մենք երեկվա շուկայից հավաքված խուժաններ չենք։ Հայերենից անգլերեն թարգմանությունը անհրաժեշտություն է։

— Հատուկ առաքելություն ունեիք Արցախ կատարած նախորդ այցելության ընթացքում՝ հուլիսին։ Համազգայինի կողմից ուղարկված գրականությունը ո՞ւմ է տրամադրվելու։

— Նյու Յորքի համազգայինի մասնաճյուղը 1200 կտոր գիրք էր ժառանգել ՀՅ Դաշնակցության «Արմեն Գարո» կոմիտեից։ 50 տարի պահելուց հետո որոշվեց, որ կենտրոնը պետք է վաճառվի, իսկ այդ գրքերը պետք է կամ այրեին, կամ փողոց նետեին։ Մտածեցինք, որ լավագույն տարբերակը գրադարանը Արցախին նվիրաբերելն է։ Այդ գրքերը փոխանցել ենք ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարությանը՝ ըստ պահանջի կրթական հիմնարկներին տրամադրելու նպատակով։ Այդ գրքերը պետք է գտնեն իրենց տունը եւ այլեւս թափառական չլինեն։

— 15 շնորհներով, կոչումներով եւ մեդալներով եք պարգեւատրվել։ Ի՞նչ զգացում եք ունենում պարգեւատրվելիս։

— Գիտեք ինչ, ես գիտական, մագիստրոսի, դոկտորի վկայականներ ունեմ եւ այլն, բայց երբ հայկական կազմակերպությունների կողմից եմ շնորհակալագրեր ստանում, զգացումը լրիվ այլ է, ոչ թե գնահատված ես դրա համար: Բայց «արդյոք» հարցը կա, որ ես այդ աշխատանքը չեմ արել, որպեսզի գնահատվեմ, անկեղծ: Բայց երբ գնահատում են, ես ոչ թե ուրախանում եմ (չնայած, որ իմ այս կամ այն աշխատանքը ազգի զարգացման համար մի արդյունք է տվել), այլ արձագանքվելու գիտակցությունն է կարեւոր։

— Եթե խոսելու լինեք ապագայի մասին՝ ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում։

— Շա՜տ ծրագրեր կան. վախենում եմ չհասցնել՝ գրական, թատերական նոր գործեր… Իմ գրասեղանի ճակատին փակցված է 12-րդ դարի գրող Ֆրիկի՝ «Հանց մեծամեծ խորհուրդ  արի, որ հավիտյան ոչ կատարեմ» խոսքերը, որոնք ինձ շատ հարազատ են։ Կինս միշտ ասում է ինձ, որ քիչ խոսեմ՝ գրեմ։ Ես էլ հետեւում եմ իր խորհրդին, կգրեմ, ինչքան կարողանամ…

Հ.Գ. Հուլիսի 29-ին Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատի փոքր դահլիճում տեղի ունեցած «Խրիմյան հայրիկ» մոնոներկայացումը կայացել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ:

Լուսիեն Թեւոսյան

1