Ալյոնա Գրիգորյանին վստահելով՝ ընտրողները վստահում են քաղաքական թիմի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ալյոնա Գրիգորյանին վստահելով՝ ընտրողները վստահում են քաղաքական թիմի

Ալյոնա Գրիգորյանին վստահելով՝ ընտրողները վստահում են քաղաքական թիմի

Ստեփանակերտի թիվ 2 ընտրատարածքում ընթացող քարոզչական աշխատանքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է Ալյոնա Գրիգորյանի նախընտրական շտաբի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Սիրանուշ Սարգսյանի հետ:

-Սիրանուշ, ինչպե՞ս եք գնահատում Ստեփանակերտի թիվ 2 ընտրատարածքում հոկտեմբերի 7-ին կայանալիք ԱՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքը:

– Քարոզարշավն ընթանում է շատ հանգիստ հունով: Այդ հանգստությունը օբյեկտիվ է. լրացուցիչ ընտրությունը միայն այս ընտրատարածքում է կայանալու, ու քանի որ համապետական կամ գոնե համաքաղաքային նշանակություն չունի, դրա համար այդքան մեծ աշխուժություն ու բնակիչների մոտ հետաքրքվածություն չենք տեսնել՝ գոնե քարոզարշավի սկզբում: Քարոզարշավի երկրոդ փուլում ավելի մեծ ակտիվություն է նկատվում, ինչը պայմանավորված է նաև թեկնածուների թվով (թվով ինը հոգի):

-Տվյալ ընտրատարածքի բնակչությունն արդյո՞ք հետաքրքրված է թեկնածուների ծրագրերով: Ի՞նչ եք կարծում՝ ընտրողը ծրագրի, թե՞ անձի շուրջ է ընտրություն կատարելու:

– Անկեղծ ասած, բնակիչների հետաքրքրվածությունն ավելի շատ անհատական ուղղվածություն ունի. ծրագրերով այդքան շատ չեն հետաքրքրվում: Մենք փորձում ենք հենց ծրագրային դաշտում պահել քարոզարշավի հունը, քանի որ դա շատ կարևոր ենք համարում: Մեր թեկնածու Ալյոնա Գրիգորյանը քաղաքական կուսակցության՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ է և հստակ քաղաքական ծրագրով  է առաջնորդվում, ուստի մենք փորձում ենք ընտրողների ուշադրությունը սևեռել այս կարևոր հիմնադրույթի վրա: Բայց, իհարկե, չենք կարող հերքել, որ հատկապես մեծամասնական ընտրակարգի պայմաններում մեր ընտրողներն անձերի վրա ավելի շատ են կենտրոնանում, քան ծրագրերի:

-Ենթադրելի է, որ որպես երիտասարդ թիմ, քարոզարշավի անցկացման նորամուծություններ կկիրառեք: Ինչպե՞ս է բնակչությունը դրանց արձագանքում:

-Մենք փորձում ենք համատեղել քարոզարշավի հին ու նոր մոտեցումները, քանի որ հասկանում ենք, որ ընտրազանգվածը բազմատարր է, և միևնույն քարոզչագործիքներով հնարավոր չէ ազդեցություն ունենալ բոլորի վրա: Մեր թեկնածուն շատ ասելիքներ ունի, ու փորձում ենք ոչ միայն ավանդական բակային հանդիպումների ձևաչափով իրականացնել ծրագրերի ներկայացումը, մանավանդ, որ եղանակային պայմաններն էլ նպաստավոր չեն, այլ նաև  առանձին միջոցառումներ կազմակերպելով: Օրինակ, վերջերս, ելնելով Ալյոնա Գրիգորյանի նախընտրական ծրագրի ուղղորդումներից, երիտասարդ մայրերին իրենց փոքրիկների հետ հանդիպման ենք հրավիրել ՝ նպատակ ունենալով հենց մայրիկներից իմանալ իրենց հուզող հարցերը: Իսկ երեխաներին հրավիրելով և այդ ընթացքում նրանց զբաղեցնելով, մենք փորձում ենք սերմանել այն գաղափարը, որ երեխան չի խոչընդոտում կնոջ ակտիվ գործունեությանը:

-Ձեր կարծիքով՝ ինչու՞ պետք է ընտրողն իր ձայնը տա Ալյոնա Գրիգորյանին:

-Ալյոնա Գրիգորյանը միակ կին թեկնածուն է: Սա շատ կարևոր հանգամանք է նախ մեր կուսակցության համար, որը հասարակության աչքում ընկալվում է ավելի շատ պատերազմով անցած ու տղամարդկանց  կուսակցություն: Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ դա այդպես չէ, մեր կուսակցության մեջ էլ կան շատ կանայք, ովքեր բավականին ակտիվ են, հատկապես՝ միջին օղակում: Եվ մենք սրանով փորձում ենք ևս մի քայլ անել դեպի կնոջ, առավել ևս երիտասարդ կնոջ քաղաքական մասնակցության բարձրացման ուղղությամբ: Այս հանգամանքը կարևոր է նաև մեր հասարակության համար:

Վերջերս Արցախում մի քանի նոր կուսակցություններ են ստեղծվել, և նույնիսկ նորաստեղծ կուսակցություններում, հատկապես հիմնադիր կազմերում, որոնք բավական ներկայացուցչական են, բացակայում են կանայք: Խնդիրը ներկուսակցական չէ, և Ալյոնային վստահելով՝ հուսով ենք մենք և ընտրողները հնարավորություն կտանք երիտասարդ կանանց ավելի մեծ դերակատարություն ունենալ քաղաքականության մեջ:

Ալյոնան նաև քաղաքական թիմ է ներկայացնում: Ինչպես գիտենք, այս ընտրատարածքում ընտրված պատգամավորն ընդամենը տարի ու կես է աշխատելու և, բնական է, որ այդ կարճ ժամանակահատվածում շատ դժվար է միայնակ կոնկրետ արդյունքի հասնել: Իսկ Ալյոնա Գրիգորյանին վստահելով՝ ընտրողները վստահում են քաղաքական թիմի, և բարձրացված բոլոր հարցերը մեր կուսակցության ուշադրության կենտրոնում կլինեն նաև հետագայում, քանի որ մենք հաշվետու ենք ընտրողի առաջ:

1