Այսօր Արցախում հայի ապրելու իրավունքի խնդիր ունենք
Գլխավոր » Լրահոս » Այսօր Արցախում հայի ապրելու իրավունքի խնդիր ունենք

Այսօր Արցախում հայի ապրելու իրավունքի խնդիր ունենք

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի ողջույնի խոսքը՝ ուղղված ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին.

«Ուրախ եմ, որ նման միջոցառում է այսօր իրականացվում Ստեփանակերտում: Տասնամյակներ շարունակ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, իր աշխարհասփյուռ կառույցները, Հայ Դատի գրասենյակներն անգնահատելի աշխատանք են կատարել Հայոց Ցեղասպանության ճանաչման, Արցախի հանրապետության իրավունքների պաշտպանության և ցանկացած համահայկական նշանակության հարցերում:

Բնական է, որ տասնամյակներ շարունակ յուրաքանչյուր հանգրվանում փոխվել են այդ գործունեության ինչպես ռազմավարական, այնպես էլ մարտավարական ուղղությունները: 44-օրյա պատերազմից հետո մենք, ցավոք սրտի, հայտնվեցինք նոր հանգրվանում՝ նահանջի առումով, և կարծում եմ, որ մենք այստեղ նույնպես ունենք նմանատիպ խնդիրներ: Ադրբեջանի և Թուրքիայի բարբարոս ուժերը, օգտագործելով բոլոր տեսակի արգելված, միջազգային հանրության կողմից չթույլատրվող զենք-զինամթերքները, Արցախում մի ոճրագործություն իրականացրին, որին միջազգային հանրությունն այնքան էլ մեծ ուշադրություն չդարձրեց: Արդյունքում մենք այսօր ունենք Արցախի տարածքի 70%-ից ավելի օկուպացիա:

Այսօր մենք Արցախում խնդիր ունենք խոսելու հայի ապրելու իրավունքի մասին, ուստի նմանատիպ հանդիպումները, ժողովները Ստեփանակերտում անցկացնելն Արցախում բնակվողի համար մի հույսի շող է, որ ամեն ինչ վերջացած չէ: Ուստի ես «Արդարություն» կուսակցության անունից շնորհակալություն եմ հայտնում, որ մենք նույնպես մասնակցում ենք այս միջոցառմանը, ցանկանում եմ բարեբեր աշխատանքներ և նմանատիպ գործողությունների շարունակականություն»:

1