Ծնվեց, որ ապրենք…
Արցախյան ազատամարտի ու Հայ Դատի նվիրյալ, ԼՂՀ ՊԲ Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, ՀՀ և Արցախի ազգային հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, հրապարակախոս, փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանի անունը յուրաքանչյուր հայի գիտակցության և ենթագիտակցության մեջ դաջված է որպես հայրենասիրության, ազնվության և բարոյականության մարմնացում:
Հայրենիքի օրհասական օրերին Մոնթեն հեռավոր Կալիֆոռնիայից հասել էր Արցախ, իր շուրջը հավաքել հայրենիքի նվիրյալներին ու լծվել հայրենիքը պաշտպանելու սուրբ գործին. «Շատ նորմալ բան է, որ հայը գա ու իր հայրենիքը պաշտպանե, դա իրավունքն է բոլորի ու նաև պարտականությունը: Զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր եկած չեն»,-ասել է հերոսը:
«Պիտի զոհվենք, պիտի լավ չուտենք, պիտի լավ չհագնվենք, պիտի մեր ամբողջ ներուժը ներդնենք ռազմական գործի մեջ՝ հաղթենք, որպեսզի հետո լավ լինի»,- իր անձնական օրինակով ոգևորում էր մարտական ընկերներին:
Տարիներ շարունակ հմուտ ռազմական գործչի հայրենասիրության ոգով դաստիարակված սերունդները խոր գիտակցումով են գնահատել ու շարունակել Մոնթեի գործը: Դրա վառ ապացույցը արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Մոթեաբերդը պաշտպանելն ու անառիկ պահելն էր: Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է, ազգային հերոսի Մարտունին կանգուն է:
Մարտունեցիները տխուր սրտով նորից հրամանատարի կողքին են: Շրջվարչակազմի, շրջկենտրոնի հիմնարկ-ձեռնակությունների և կրթօջախների աշխատակիցներն ու Մարտունի քաղաքի բնակիչները՝ շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի գլխավորությամբ, համավարակային պայմաններից ելնելով օրվա տարբեր ժամերի ծաղիկներ են խոնարհել մեծ հայրենասերի հուշարձանի և խաչքարի պատվանդաններին, իրենց հարգանքի տուրքը մատուցել: Նա Արցախ էր եկել հայրենիքը պաշտպանելու համար: Եկավ ու ընդմիշտ ձուլվեց մարտունեցիներին, դարձավ լեգենդ ու հավերժ մնաց մեր պատմության անբաժանելի և կարևորագույն մաս, իր ոգեղեն ներկայությամբ շարունակելով բոլորիս համար լինել առաջնորդող, դաստիարակող:Շնորհավոր ծնունդդ, բոլոր ժամանակների հերոս: Հավերժ փառք ու խոնարհում, հրամանատար:
Նարինե Հայրապետյան
Ամարաս թերթ