Փոխլրացնող զուգահեռներ՝ անվտանգություն, բարեկեցություն և արդարություն
Գլխավոր » Լրահոս » Փոխլրացնող զուգահեռներ՝ անվտանգություն, բարեկեցություն և արդարություն

Փոխլրացնող զուգահեռներ՝ անվտանգություն, բարեկեցություն և արդարություն

Հանրային հավաքական դաշտում կեցության և զարգացման համար ցանկալի  մթնոլորտի ստեղծումը պայմանավորվում է երեք անհրաժեշտ բաղադրիչների՝ անվտանգության, բարեկեցության և արդարության առկայությամբ:  Յուրաքանչուր գաղափարական հոսանք իր  համոզմունքներից և սկզբունքներից ելնելով՝ իր ուրույն մեկնաբանությունն ունի այդ բաղադրիչների իմաստների վերաբերյալ և փորձել ու փորձում է կառավարման համակարգում  ներդնելով գործոններ՝ հնարավորություն ստեղծել նշյալ բաղադրիչներով մթնոլորտ ձևավորելու համար: Վերջին հաշվով, պետությունների գոյությունը հենց այդ  մթնոլորտի ձևավորման գործառույթով է իմաստավորվում:

Առանձնաբար անդրադառնանք պետության գոյությունը իմաստավորող գործառույթներին:

Անվտանգությունը լայն հասկացություն է, սակայն պարզեցված առումով կարելի է լինելիության և գոյատևման երաշխավորությամբ իմաստավորել այն:  Ապրելը իրավունք է. դա թե՛ ֆիզիկական  և թե՛ հոգևոր կյանքի իրավունքն է: Երբ բռնություն է գործադրվում կյանքի, ապրելու իրավունքի նկատմամբ՝  դա անվտանգության խախտում է համարվում: Պետությունը պարտավոր է երաշխավորել յուրաքանչյուր անհատի և  հանրության կյանքի ապահովության իրավունքը՝ զերծ պահելով թշնամու  ոտնձգություններից:

Բարեկեցության երաշխավորը ևս պետական համակարգն է: Հանրային ծառայությունները՝ լայն առումով, իսկ մասնավորաբար՝ առողջապահությունը, կրթությունը, կենցաղային պայմանների ապահովումը պետական կառավարման համակարգի կարևորագույն գորառույթներից են, որոնց շնորհիվ յուրաքանչյուր անհատի տրվում է բարեկեցիկ պայմաններում ստեղծագործելու կամ պարզապես ապրելու հնարավորություն:

Իսկ հանրության մեջ միասնական հոգսերով ապրելու, զարգանալու և միասնական ցավ ու բերկրանք զգալու գաղտնիքը միայն այնժամ կարող է շոշափելի դառնալ յուրաքանչուր անհատի մոտ, երբ տիրում է արդար մթնոլորտը: Արդարության հաստատման համար պետական կառուցվածքում ստեղծվել են համակարգեր՝ հանցավորին պատժելու, հարստությունն արդար բաշխելու և, վերջապես, արդար դատելու նպատակով:

Անվտանգության, բարեկեցության և արդարության ապահովումը առանձնաբար կարևոր են և անհրաժեշտ, սակայն, միևնույն ժամանակ, ընդհանրության մեջ այս երեք գործոնները փոխլրացման և փոխադարձ համատեղության պայմանում են արդարացվում: Այլ խոսքով՝ որևէ մեկի բացակայությունը խաթարում ու թերի է դարձնում մյուսի  լինելիությունը:  

Արցախը 2020 թվականի պատերազմից հետո գտնվում է ճգնաժամային իրավիճակում: Պետական գործառույթները հաճախ իրականացվում են պահի թելադրանքից ելնելով: Պետական մակարդակով կայացվող  որոշումները հաճախ առօրեական են: Այս գործելաոճը անհեռանկարային է և չի կարող ապահովել ակնկալվող արդյունքը: Պետք է  ի նկատի ունենալ, որ վերը նշված բաղադրիչներից միայն մեկի կիրառումը, այս պարագայում՝ միայն բարեկեցության համար տարվող աշխատանքը չի կարող սպասված արդյունքն ապահովել: Չի ստացվի շաբաթական երկու անգամ ՀՀ կառավարության մոտ հայրենիքից բռնի տեղահանված  հայրենակիցների բողոքի ակցիաների առկայության դեպքում  գովազդել բնակարանաշինությունը Ստեփանակերտում: Անընդունելի է Արցախի բարձրաստիճան պաշտոնյայի այն արտահայտությունը, ըստ որի՝ «Արցախի բնակչությունը պետք է իմունիտետ ձեռք բերի անորոշության մեջ ապրելու համար». դա ուղղակի հարվածում է անվտանգությանը, իսկ այս պարագայում բարեկեցությանը միտված բնակարանաշինությունն էլ, աշխատավայրի ստեղծումն էլ, մեղմ ասած,  ջուրն են ընկնում: Բնակարանաշինությանը զուգահեռ՝ արդեն խոսվում է բնակարանների բաշխման հարցում խնամի-ծանոթ-բարեկամ հարաբերությունների մասին, կամ փոխհատուցումների հերթերը խախտվում են թիմակից լինելու կամ չլինելու պատճառով: Երբ պակասում է արդարության հանդեպ վստահությունը, այլևս ի՞նչ բարեկեցություն:

Հեռանկար ունենալու և արդյունավետ աշխատելու համար երեք զուգահեռներով տարվող աշխատանքները պետք է համահունչ լինեն ու համադրված և փոխլրացնեն միմյանց:

«Ապառաժ»-ի խմբագրական

17 սեպտեմբերի, 2021թ.

1