Գիտակից աշակերտներն են մեր ուժը և ապագայի անկոտրում հույսը
Գլխավոր » Երիտասարդական » Գիտակից աշակերտներն են մեր ուժը և ապագայի անկոտրում հույսը

Գիտակից աշակերտներն են մեր ուժը և ապագայի անկոտրում հույսը

Թշնամական դիրքերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Մարտակերտի շրջանի Կիչանի և Ղազանչիի Կարեն Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի Հայոց լեզու և գրականություն առարկայի ուսուցչուհի Օլյա Աղաջանյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ հիմա կարևոր խնդիր է ապագայի հանդեպ հավատի վերականգնումը։

«Շատ կարևոր է թշնամու տեսադաշտում գտնվող մեր աշակերտներին առաջին հերթին հոգեբանորեն կոփել, որպեսզի ցանկացած կրակոցի ձայն լսելիս չվախենան, խուճապի չմատնվեն։ Միևնույն ժամանակ մենք՝ ուսուցիչներս, պետք է այնքան զգոն լինենք, որ կրակոցի դեպքում անգամ աշակերտներին անվտանգ տեղ տանենք»,- կարծում է ուսուցչուհին։

Նրա խոսքով՝ նախքան պատերազմն այսպիսի խնդիր չունեին, և այս չափի պատասխանատվություն չկար իրենց ուսերին։ Իհարկե, կային աշակերտներ, որոնք հոգեբանական այս կամ այն խնդիրն ունեին, բայց այսօր վախի հաղթահարման խնդիր ունեն բոլորը։

Ինչ վերաբերում է դասապրոցեսին, ապա այն ընթանում է սովորականի պես, բայց ցանկացած ձայն, մեքենայի երթևեկություն գրավում է աշակերտների ուշադրությունը. «Երեխաներն էլ շատ լավ հասկանում են, որ խոր թիկունքում չենք ապրում, այլ արդեն սահման ենք, և թշնամուց ամեն ինչ սպասելի է: Ես հիմնականում բարձր դասարաններում եմ դասավանդում, և շատ հաճախ գոտեպնդվում եմ մեր պատանիների խոսքերից, քանի որ հաճախ եմ լսում, թե ինչքան պատրաստակամ են՝ բանակ գնալ, հայրենիքին ծառայել։ Գիտակից աշակերտներն են մեր ուժը և ապագայի անկոտրում հույսը»։

Ըստ Օլյա Աղաջանյանի՝ ուսուցիչ դառնում են, սակայն ոչ բոլոր ցանկացողներն են կարող դա անել, քանի որ ոչ բոլորն ունեն համապատասխան գիտելիքներ, համբերություն ու պատասխանատվություն։

«Իմ իդեալն այն ուսուցիչն է, ով սիրում է իր մասնագիտությունը և անմնացորդ նվիրվածությամբ աշխատում է աշակերտների գրագիտության ու դաստիարակության համար»,- ասում է նա։

«Ապառաժ»

1