Տևական ժամանակ մենք քայլել ենք ածելիի սայրի վրա, բայց այդ տարիներին մեզ հաջողվել է Արցախի դեմ պատերազմ սկսելու գաղափարի հետ Ադրբեջանին մենակ թողնել
Գլխավոր » Լրահոս » Տևական ժամանակ մենք քայլել ենք ածելիի սայրի վրա, բայց այդ տարիներին մեզ հաջողվել է Արցախի դեմ պատերազմ սկսելու գաղափարի հետ Ադրբեջանին մենակ թողնել

Տևական ժամանակ մենք քայլել ենք ածելիի սայրի վրա, բայց այդ տարիներին մեզ հաջողվել է Արցախի դեմ պատերազմ սկսելու գաղափարի հետ Ադրբեջանին մենակ թողնել

ԱՀ Ազգային Ժողովի նախկին նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի հետ «Ապառաժ»-ի հարցազրույցն անցած տարվա պատերազմի, հնարավոր բացթողումների, Արցախի ներքաղաքական իրավիճակի ու ապագայի տեսլականի մասին է:

Պարոն Ղուլյան, անցած տարի այս օրերին Արցախում պատերազմ էր:  Ձեր կարծիքով, կարելի՞ էր խուսափել պատերազմական գործողությունների բռնկումից և ինչպե՞ս:

-Անցած տարվա այս օրերը մեր նորագույն պատմության մեջ ընդմիշտ հիշվելու են որպես ամենադժնդակ ժամանակներ, երբ մեզ պարտադրված երրորդ պատերազմի արդյունքում ամեն ինչ քանդվեց ու կորսվեց. 30 տարիների մեր աշխատանքը՝ քաղաքական, անվտանգային, տնտեսական, միջազգային հարաբերությունների, սոցիալական և այլ ուղղություններով ռեսուրսների կուտակման նպատակով, 44 օրվա ընթացքում զրոյացվեց: Պետական հաստատությունների գործունեության և անվտանգային միջավայրի ընկալման տեսանկյունից մենք հիմա գտնվում ենք ղարաբաղյան ազատագրական շարժման սկզբնական փուլի՝ 1988-1991թթ. իրավիճակում, երբ ամենուր անորոշություն էր: Բայց սկզբունքային տարբերություն կա մեր ներկա կացության և այդ ժամանակահատվածի միջև. 88 թվականից մեր ժողովուրդը համախմբված էր ավելի, քան երբևէ, ու նպատակադրված՝ բոլոր դժվարությունները հաղթահարելու և Արցախի ազատությանը հասնելու:

Կարելի՞ էր արդյոք խուսափել պատերազմից իհարկե՝ այո՛, որովհետև նախորդ գոնե տասը տարիներին դա հաջողվել է: Ամեն ինչ համեմատության մեջ է տեսանելի. մենք միշտ էլ պատերազմի վերսկսման վտանգ ունեցել ենք, բայց թշնամին ավելի զգուշավոր է եղել, նրանից ավելի լավ մեր ուժեղ ու թույլ կողմերը հաշվարկող դժվար թե գտնվի: Ամենաթարմ օրինակը 2016թ. Ապրիլյան պատերազմն էր և մեր կամքի ցուցադրությունն այդ օրերին: Մի առիթով ասել եմ, ապրիլի 2-ի երեկոյան Ստեփանակերտի հրապարակում  2 հազար զինված ու պատրաստ երկրապահներ էին կանգնած՝ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, իսկ 2020թ. հոկտեմբերի սկզբներին տներից սաղավարտ ու բաճկոն  հավաքելու վիճակում էինք, ֆիդայական խմբեր ձևավորելու կոչեր էին հնչում: Տևական ժամանակ մենք քայլել ենք ածելիի սայրի վրա, բայց այդ տարիներին մեզ հաջողվել է Արցախի դեմ պատերազմ սկսելու գաղափարի հետ Ադրբեջանին մենակ թողնել, խափանել այդ հարցում միջազգային աջակցություն ստանալու նրա ջանքերը:

Ինչպե՞ս եք գնահատում Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության գործունեությունը պատերազմի օրերին, արդյո՞ք պետական ապարատը կարողացավ համարժեք արձագանքել տիրող իրավիճակին:

 -Իմ գնահատականը չի կարող տարբերվել հանրային կարծիքում այսօր տիրապետող տեսակետից. մեր պետական կառավարման համակարգը պատրաստ չէր այս կարգի պատերազմի: Հավանաբար պետական և ոչ պետական բազմաթիվ օղակներ հերոսական աշխատանք են տարել նվազագույն կենսապայմաններ ապահովելու համար, մասնավորապես՝ էներգետիկիները, կոմունալ և այլ ծառայությունների աշխատակիցները: Գուցե ամենասկզբում պետք էր ասել հենց մեր բանակի առանձին ստորաբաժանումների կամ առանձին նվիրյալների մասին, որոնց հերոսությունների մասին մենք ամենայն հավանականությամբ չենք էլ իմանա: Բայց 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում մենք միայն ճիշտ, իսկ գուցե ավելի տեղին կլիներ ասել՝ ճգրիտ ռազմավարական պլանավորում իրականացնելու դեպքում կարող էինք հաջողությամբ դիմակայել մեր դեմ ելած ոսոխին:

Դուրս եկեք փողոց և հարցրեք ռազմական արվեստի ու ռազմավարության մասին, և կհամոզվեք, որ երեք հոգուց մեկը ձեզ անպայման կբացատրի դրանց կարևորությունը, ավելին՝ օրինակներ կբերեն Սուն-Ցզիից, Կլաուզևիցից, բայց տեսական գիտելիքները բավարար չեն մեր ժամանակներում: Եվ Արցախում  և ՀՀ-ում վերջին պատերազմի ընթացքում չաշխատեց ռազմավարական միտքը, իսկ դա նշանակում է պետական կառավարման համակարգում հստակ գործառույթների, աշխատակարգերի բացակայություն և ոչ ճիշտ դերաբաժանում: Խոսքն ամենևին էլ պաշտպանական համակարգի ռազմավարության մասին չէ: Այդ բնագավառներում, համոզված եմ, կգտնվեն շատ ավելի տեղեկացված մասնագետներ, որոնք կբացատրեն այդ ուղղությամբ մեր թերացումների պատճառները: Իմ պնդումը վերաբերում է աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային անվտանգության համակարգում վերջին մի քանի տարիներին տեղի ունեցած արմատական փոփոխություններին և այդ ամենին համարժեք արձագանքելու նպատակով չձեռնարկված քայլերին: Որպեսզի հասկանալի լինի, նորից համեմատություն բերեմ. եթե Ադրբեջանն իր սեփական ուժերը գնահատելով օգնության է կանչում Թուրքիային և դիմում ոչ պոպուլյար՝ ահաբեկիչներին ներգրավելու մեթոդների, ապա ի՞նչ ենք ձեռնարկում մենք այդ ընդլայնված ու ծայրահեղական ճակատին դիմակայելու համար:

Ձեր էջի հրապարակումներից մեկում նշել էիք, որ պարտությունից կարելի էր խուսափել, եթե հայությունը մասնատված չլիներ: Արդյո՞ք դա էր պարտության հիմնական պատճառը:

-Պարտության պատճառները միատիպ չեն: Հանրահայտ ճշմարտություն է, որ պատերազմները վարում են պետությունները, իսկ բանակը, ռազմական ուժը՝ հակազդող ուժի միայն երևացող կողմն է: Բոլոր նախորդ տարիներին Արցախի կերպարն ամենուր, նույնիսկ մեր հակառակորդների կողմից, ներկայացվում էր որպես աշխարհասփյուռ հայության կողմից համակողմանի պաշտպանության ու հոգածության տակ գտնվող տարածք և հանրություն: Այլ կերպ հնարավոր էլ չէր պատկերացնել. բնակչության քանակով, պաշարներով և մյուս բոլոր պարամետրերով Արցախն ու Ադրբեջանը համեմատելի միավորներ չեն, բայց նույն Ադրբեջանը լավ էլ հասկանում էր, որ Արցախն այն առանցքն էր, որի շուրջ համախմբված են համայն աշխարհի հայերը, էլ չեմ ասում ճանաչված Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պաշտպանության հանգամանքի մասին:

2018 թվականից միտումնավոր, թե միամտությամբ ամեն ինչ արվել է, որ այդ նույն հայության ներսում բաժանարար գծերն ավելի ամրապնդվեն և նոր գծեր քաշվեն: 2020թ. սեպտեմբերի 27-ի նախօրյակին մենք հայության բոլոր հատվածներում ունեցել ենք մի քանի իրարամերժ, իրար հանդեպ թշնամացած հանրային շերտեր: Նման վիճակում պատերազմներ չեն հաղթում: Այդ մասին էի գրել:

2002-2004 թթ. դուք ԼՂՀ արտաքին գործերի նախարարն էիք: Ձեր կարծիքով, փոխվե՞լ են արդյոք ներկայիս ԱՀ արտաքին քաղաքականության ուղղությունները: Ո՞րնք եք համարում, այդ առումով, մեր հիմնական խնդիրը:

Որևէ հիմք չկա պնդելու, որ մեր արտաքին քաղաքականության ուղղությունները փոխվել են կամ նախկինում ավելի ուժեղ էր այն իրականացվում: Խնդիրն այլ տիրույթում պետք է փնտրել. այսօր մենք ավելի քիչ ազդեցություն ունենք նույն այդ կարգավորման գործընթացի վրա, քան անցյալ տարիներին: Միանգամայն հասկանալի է, որ այս կացությունը ստեղծվել է պատերազմից հետո, բայց այդ ամենի հիմքերն արդեն ակնհայտ երևում էին անցյալ տարվա պատերազմից շատ առաջ:

Մեր կարգի երկրներին երբեք չեն ներվում կարգավորման երկարատև գործընթացի միջանկյալ արդյունքների մեկ օրում կամ մեկ հայտարարությամբ չեղարկումը. որոշակի դինամիկա, հանգրվանային արդյունքներ են հավաքվում տարիներ շարունակ ու, երբ որևէ կողմ ինչ-որ պահի հայտարարում է սեփական կետից բանակցային գործընթաց սկսելու մասին, այդ երևույթներն արդեն շղթայական վերանայումների են հանգեցնում նաև միջորդների գործողություններում և պատկերացումներում: Վերցրեք աշխարհի այլ թեժ կետերում մյուս հակամարտությունները. բոլոր մեզ հայտնի դեպքերում կողմերը ուղղակի «դողում են» բանկացային գործընթացի պատմությանն ու նրբություններին տիրապետող անձերի և ինստիտուտների համար և ամեն ինչ անում են՝ ապահովելու նրանց անվտանգ ու անարգել գործունեությունը: Եվ այդ ամենն արվում է, որպեսզի պահպանեն նախապես որդեգրած դիրքորոշման գիծը, չկորցնեն տարիներով հավաքագրված հիմնավորումներն ու փաստարկները, պարբերաբար դրանք ենթարկեն թարմացման ու համալրման, բայց ոչ երբեք՝ վերանայման: Իմ ասածը շատ քիչ է վերաբերում Արցախին, բարեբախտաբար որոշ ավանդույթներ այստեղ դեռ պահպանվում են: Բայց այսօր գաղտնիք չէ, որ արտաքին քաղաքական  վեկտորները գործողության մեջ են դրվում Երևանից:

Արդեն երկրորդ անգամ եմ լսում ՀՀ գլխավոր բանակցողի այն «փաստարկը», որ ցանկացած կարգավորման մոդելի դեպքում (հանրաքվե, հարցում, պլեբիսցիտ) ադրբեջանցիները պետք է վերադառնային Շուշի: Չգիտեմ, չկա՞ որևէ մեկը այդ կողմերում, որ կարող է ներկայացնել որոշ մանրամասների քննարկման նախապատմությունը: Կարծես թե պարզունակ բաներ են, բայց երբ ինքներս ենք թեմաները խառնում, շատ էական վնաս ենք հասցնում մեր փաստարկներին:

Երկար ժամանակ ԱՀ խորհրդարանի նախագահն էիք: Վերջերս ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել էր, որ պատերազմից հետո միջխորհրդարանական հանձնաժողովը չի գործել: Ինչպե՞ս կգնահատեիք 2015-2020թթ. համագործակցությունը ՀՀ խորհրդարանի հետ, այն ժամանա՞կ էլ խնդիրներ կային միջխորհրդարանական համագործակցության առումով:

-Ինձ համար անհասկանալի է մնում այն հապաղումը, որ նկատվում է այս հարցում, ի՞նչ է նշանակում միջխորհրդարանական հանձնաժողովը չի գործում: Որպեսզի պարզ լինի, թե ինչ ծավալի ու բովանդակության գործ կարելի է իրականացնել այդ ռեսուրսներն աշխատեցնելով, նորից համեմատենք՝ ի՞նչ ենք ունեցել և ի՞նչ արդյունքներ ենք գրանցել: Նախքան այդ հարցին անդրադառնալը՝ կուզենայի մեկ կարևոր տեղեկատվություն հիշեցնել. մինչև 2006թ. ՀՀ ԱԺ-ի և Արցախի Հանրապետության ԱԺ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը գործել է երկու հայկական խորհրդարանների փոխնախագահների մակարդակով, բայց 2006թ. այն ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի առաջարկով հանձանժողովի ղեկավարման ձևաչափը փոխվել է՝ բարձրացվելով ԱԺ նախագահների մակարդակի: Այս քայլը կարող է տեխնիկական ընկալվել, բայց հիմքում դրվել է հայկական երկու հանրապետությունների միջև կապերը ճանաչված երկրների միջև հարաբերությունների մակարդարկին հասցնելը:

Բոլոր նախորդ տարիներին այդ հարաբերությունները միջխորհրդարանական հարթության վրա կառուցվել և իրականացվել են պատշաճ մակարդակով, նախապես պայմանավորված ժամկետներում, օրակարգով և ոչ միայն այդ մակարդակի վրա: Հանձնաժողովի նիստերից բացի՝ բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ են տեղի ունեցել ԱԺ նախագահների, փոխնախագահների միջև, մշտական հանձնաժողովների միջև համատեղ նիտերի ձևաչափով և այսպես շարունակ:

2016թ. ապրիլյան պատերազմի օրերին ու դրան հաջորդած ամիսներին ՀՀ ԱԺ մեր գործընկերների ուղեկցությամբ և միջնորդությամբ տասնյակ պատվիրակություններ են այցելել Արցախ՝ տարբեր երկրների պառլամենտականների, միջազգային կառույցների ներկայացուցիչների, լրագրողների ներգրավմամբ: Դրան զուգահեռ մի շարք այցելություններ են եղել այլ երկրներ, նամակներ ու ելույթներ տարբեր միջազգային կառույցների հասցեով, տարբեր ամբիոններից: Այսպիսի մեծածավալ աշխատանք է իրականցվել, իսկ հիմա մենք  դեռ միջխորհրդարանական հանձնաժողով ստեղծել-չստեղծելու մասին ենք խոսում:

Հայաստանի նոր խորհրդարանում Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծումը շատ համարժեք քայլ կդիտվեր 2020թ. պատերազմից հետո Արցախի շահերի պաշտպանության համար օրինական հիմքեր ձևավորելու տեսանկյունից, բայց, ցավոք, դրա կարևորությունը չընկալվեց, իսկ գլխավոր հիմնավորումն այն էր, որ արդեն ունենք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողով: Հիմա էլ պարզվում է, որ այդ ֆորմատը դեռ չկա…

-2020թ. համապետական ընտրություններից հետո Արցախի ժողովրդավարական կուսակցությունը իր հիմնադրումից ի վեր առաջին անգամ դարձել է ընդդիմադիր: Այդ կարգավիճակում կուսակցությունը կարողանում է արդյո՞ք իր ասելիքը տեղ հասնել:

 -Որևէ արտառոց բան չեմ տեսնում մեր քաղաքական ուժի այսօրվա կարգավիճակի մեջ, շատ բնական է, որ 20 տարվա ընթացքում մեր ազդեցությունը նույն կերպ չի մնացել: Իմ կարծիքով մենք ի սկզբանե շատ մեծ նշաձող ենք դրել ու հաղթահարել այն, որից հետո կուսակցությունը, ինչպես սովորաբար լինում է առաջատար քաղաքական ուժի դեպքում, դարձել էր նաև պաշտոնամոլների և պատեհապաշտների  համար «տաքուկ անկյուն», իսկ այսպիսի դեպքերում քաղաքական ուժը միշտ հետընթաց է ապրում: Այս ամենը բնական կլիներ, եթե քաղաքական դաշտում առաջացող բացերը լրացնեին գաղափարական հենքով ձևավորված կուսակցությունները: Ցավոք, մեր պարագայում այդպես չէ և դժվար է ասել, թե երբ այդպես կլինի:

2020թ. համապետական ընտրություններից հետո մենք նորից վարկանիշային կորուստներ ենք ունեցել, և այսօր կուսակցությունը ԱԺ-ում ներկայացված է երկու պատգամավորով: Այդ վիճակը շատ հեռու է իշխող ուժ լինելու համար, բայց ընդդիմադիր լինելու դեպքում՝ լիովին բավարար: Վերջին համապետական ընտրությունների նախօրյակին մենք լուրջ և ռիսկային քաղաքական գործընթաց ենք ապրել՝ սերնդափոխության և կուսակցության շարքերի զտման տեսքով: Սա այն ճանապարհն է, որ քաղաքական մյուս ուժերի մեծ մասի համար դեռ առջևում է և կարող է շատ ցավոտ լինել:

Մեր ընդդիմադիր լինելու դիրքորոշումը վերջին ընտրությունների հետ չի կապված. մինչև 2020թ. պատերազմը և նույնիսկ պատերազմից անմիջապես հետո կառավարման համակարգի կաթվածահար վիճակում մենք շարունակել ենք համագործակցել իշխանությունների հետ և պատրաստակամ ենք եղել երկրի ու ժողովրդի շահերից բխող բոլոր հարցերում օժանդակել գործող կառավարությանը:

Վերջին պատերազմի նման արդյունքների պարագայում մեր ընդդիմադիր կարգավիճակը լիովին բացատրելի ու ընկալելի է. զարմանալին այն կլիներ, եթե մենք այլ դիրք բռնեինք, որ կարծես ոչինչ չի փոխվել: Ներկայիս քաղաքական դասավորության մեջ ընդդիմադիր պահվածքը նույնպես օգտակար կարող է լինել մեր ընդհանուր քաղաքական նպատակներին հասնելու տեսանկյունից: Իհարկե, այս դեպքում դժվարացել է կուսակցության գործունեությունը, բայց մյուս կողմից էլ հեշտացել, քանի որ արհեստական օրակարգեր չկան, կուսակցությունը մաքրվել է պատեհապաշտներից և իր ներկայիս քաղաքական ուղեգծով ավելի համարժեք է ու համապատասխան երկրում տիրող հանրային տրամադրություններին:

Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել առկա հուսահատ վիճակը և Արցախի հայկական մնալու վերաբերյալ հստակ համոզում ունենալ:

Արցախը հայկական պահելու համոզմունքը ոչ ոք չի կարող մեզնից հանել, բայց այսօրվա հուսահատ վիճակը հաղթահարելու հարցի լուծումը շատ բարդ եմ տեսնում: Խնդիրն այն է, որ Արցախից մնացած տարածքի համար պատերազմը շարունակվում է, իսկ մեր կողմից քաղաքական որոշում ընդունողների մոտ միանգամայն անհամարժեք վերաբերմունք է՝ խաղաղության նոր դարաշրջան բացելու տեսիլքներով: Վերջին մի քանի օրերի զարգացումները, սահմանամերձ բնակավայրերի և մեր ռազմական հենակետերի շուրջ սադրանքների բորբոքումը խոսում է հակառակ կողմից բոլորովին այլ մտադրությունների մասին: Մենք պետք է և՛ ասֆալտ անենք, և՛ բնակարաններ կառուցենք ու վերանորոգենք, բայց այդ ամենից առաջ պետք է ամրացնենք սահմաններն ու գոտեպնդենք սահմանին կանգնած զինվորին:

Մեր տարածաշրջանով երկար տարիներ զբաղված քաղաքական վերլուծաբաններից մեկը վերջերս մի դիպուկ ակնարկ է արել՝ նկատելով, որ այսօրվա գլխավոր հարցադրումն այն է, թե ի՞նչ տեղ է գրավում Արցախը Հայաստանի ներկայիս քաղաքական ու պետական դիսկուրսում: Այս հարցի պատասխան տվողը, միջազգային հարաբերությունների ընդունված կանոնների համաձայն և, առաջին հերթին, գործող իշխանություններն են, պատմական պատասխանատվությունը նրանց վրա է:

Եվ մենք մի ճանապարհ ունենք լավատեսություն ձեռք բերելու համար. եթե մի կողմ են դրվում երկրի ներսում հատվածական շահերը, հանրությանը տարբեր մասերի բաժանելու գործելաոճը, ընդունում ենք սեփական սխալները և ստանձնում Արցախը հայկական պահելու առաքելությունը: Եթե այս գիտակցումը չկա, ուրեմն պետք է քաղաքակիրթ ձևով ճանապարհ բացել նոր, այդ առաքելությունը կրելու ունակ և կարող իշխանությունների համար:

 Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի

1