Տողից Քյաթուկ. Ազգային-ավանդական խաղերի մրցույթ Արցախում
Հոկտեմբերի 16-ին Ասկերանի շրջանի Քյաթուկ գյուղի տարածքում անց է կացվել «Գուպար» ազգային-ավանդական խաղերի մրցույթը: Նախաձեռնությունը ԱՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ և Հադրութի շրջվարչակազմի մշակույթի բաժնինն է:
Մրցույթն առաջին անգամ անց է կացվել 2019թ. Հադրութի շրջանի Տող գյուղի մելիքական ապարանքում: «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ այն ժամանակ մրցակցողները միայն Դիզակի գյուղերից էին:
«Որոշել էինք հաջորդ տարի ընդլայնել աշխարհագրությունը և մրցույթը կազմակերպել նաև շրջանների միջև: Քանի որ հիմա լրիվ այլ իրականության մեջ ենք հայտնվել, որոշեցինք ժամանակավորապես ավանդական այս միջոցառումը տեղափոխել Քյաթուկ: Քյաթուկն արդեն վերածվում է հուշարձանի նման գյուղի և միաժամանակ այս գյուղը ասոցացնում ենք Հադրութի շրջանի Տյաք գյուղի հետ, որը մի ժամանակ պատմամշակութային արգելոց էր»,- նշել է Արմինե Հայրապետյանը: Նա հույս ունի, որ նման միջոցառումները կնպաստեն պատմական հարուստ անցյալ ունեցող գյուղի հանրահռչակմանը, վերաբնակեցմանը:
«Փորձում ենք ոչ նյութական մշակույթը համադրել նյութական մշակույթի հետ՝ այդպիսով մեկը մյուսի միջոցով հանրահռչակել դրանք»,- ասել է Արմինե Հայրապետյանը:
Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանի խոսքով՝ չնայած հադրութցիների մի մասն Արցախում չի բնակվում, փորձում են իրենց ամենամյա բոլոր ծրագրերն այստեղ իրականացնել՝ մի օր Հադրութ հետ գնալու նպատակով:
«Հադրութից ընդամենը մեկ թիմ է մասնակցում՝ Ստեփանակերտում գործող Հադրութի դպրոցի աշակերտները: Իսկ մեծահասակների հարցում դժվարություններ առաջացան, որովհետև Արցախում գտնվող հադրութցի երիտասարդները աշխատանքի էին կամ զինվորական ծառայության մեջ: Հադրութում ավելի հեշտ էր թիմեր կազմելը, որովհետև երիտասարդների մեծ մասը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, ուներ իր ապրուստի միջոցները և ստիպված չէր ողջ օրն աշխատել»,- նշել է Երազիկ Հայրիյանը:
«Այսքան երիտասարդների մասնակցությունը վառ արտահայտությունն է այն բանի, որ բոլորս ունենք մեր արմատներին վերադառնալու անհրաժեշտություն»,- կարծում է նա:
Մրցույթին մասնակցում են Արցախի բոլոր շրջաններից 11 թիմեր, երկու տարիքային խմբերում (տեխնիկական պատճառներով չի մասնակցել միայն Քաշաթաղի թիմը):
Թիմերը մրցել են «Քաշոցի», «Աքլորակռիվ», «Լախտի», «Պարանի ձգում», «Կոխ» խաղերում իրենց ունեցած հմտությամբ ու ճարպկությամբ: Մրցութային խաղերը մարտական բնույթի են և մասնակիցներից ուժ ու տոկունություն են պահանջում:
Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, խաղերն ընթացան մրցակցային հետաքրքիր մթնոլորտում: Թիմային հաշվարկով մրցանակային առաջին տեղը նվաճել է Մարտունու շրջանի «Սոս» թիմը, երկրորդ տեղում Ստեփանակերտի «Արցախ» թիմն էր, իսկ երրորդ մրցանակային տեղը զբաղեցրել է Ասկերանի շրջանի «Նշխար» թիմը: Մեծահասակների մրցումներում պատվավոր առաջին տեղը զբաղեցրել է Մարտունու շրջանի «Ամարաս թիմը», երկորդ տեղում «Հարսանիք լեռներում»-ն էր, իսկ երրորդում՝ Ասկերանի «Բերդ» թիմը:
Մեկ օրով վերակենդանացած Քյաթուկ գյուղը պատմական հարուստ անցյալ ունի. մարդիկ այստեղ բնակվում էին նախաքրիստոնեական ժամանակներից: Արմինե Հայրապետյանի խոսքով՝ միջնադարում գյուղն այնքան հայտնի էր, որ նույնիսկ պարսկական շահին են նամակ գրել, որպեսզի թույլ տա եկեղեցի կառուցել: 19-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին հիմա էլ կիասվեր վիճակում կանգուն է: Ասում են, որ Քյաթուկը պարսկերեն «գյադուկ» անվանումից է առաջացել, որը նշանակում է լեռնանցք: Իսկ Ալիշանը «Գետիկ» անունն է տվել:
Վիճակագրության Ասկերանի շրջանային բաժնի պետ Սուրեն Թովմասյանը նշել է, որ մինչև Արցախյան առաջին պատերազմը գյուղը 69 բնակիչ ուներ, հետո ժամանակի ընթացքում բնակիչները տեղափոխվել են հարևան բնակավայրեր՝ հիմնականում ջրի սակավության, անբարեկարգ ճանապարհների պատճառով: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ բոլոր պայմանները կան գյուղը նորից վերականեդանացնելու համար և նման միջոցառումները կարող են նպաստել գյուղի վրա ուշադրություն հրավիրելուն: