Արցախահայերիս դեմ է ուղղված, որպեսզի անձնագրում ծննդավայրը Հայաստանի Հանրապետություն չգրվի
Իրավաբան Վահե Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ քաղաքացիներին տրամադրվող անձնագրերում կատարվելիք փոփոխություններին.
«ՀՀ անձնագրերում քաղաքացու ծննդավայր պետության անվանման փոխարեն կնշվի միայն ծննդավայր քաղաքի անվանումը։ Սա ուղղված է հենց մեզ՝ արցախահայերիս։
Համացանցում արդեն բուռն քննարկումների առիթ է դարձել վերոնշվածը, և հայտնվում են տարբեր կարծիքներ, որոնք մասամբ են իրականությանը համապատասխանում կամ ընդհանրապես չեն համապատասխանում։
Մինչդեռ ոչ ոք չի նկատում, որ սա հենց արցախահայերիս դեմ է ուղղված, որպեսզի անձնագրում ծննդավայրը Հայաստանի Հանրապետություն չգրվի, ու ասենք՝ Ստեփանակերտում ծնված մարդու անձնագրում չգրեն Ադրբեջան, որը կարող է հասարակության որոշ հատվածի համար ընկալվել որպես Արցախի վերջնական հանձնում և արդարացի բողոքի ալիք բարձրացնել։ Ակնհայտ է նաև, որ ՀՀ ներկայիս իշխանությունները չեն կարող միանգամից հրաժարվել արցախահայերին անձնագրեր տրամադրելուց։ Այդ իսկ պատճառով մտածել են այսպիսի մի հնարք։
Այստեղ ակնհայտ է դառնում, որ Նիկոլի իշխանությունն արդեն իսկ շատ զգուշորեն ու ծածուկ կատարում է Ալիևին տրված իր գաղտնի խոստումները՝ Արցախից ու արցախահայերի իրավունքների ու անվտանգության պաշտպանությունից Հայաստանի Հանրապետության կողմից փաստացի հրաժարվելը։ Պետք է ասել, որ դա իրենց մոտ լավ էլ ստացվում է. կեղծ «գունագեղ» օրակարգեր շպրտելով հասարակության առջև՝ զբեղեցնում են հասարակությանն ու ուշադրությունը շեղում կարևոր գործընթացներից, որոնք մի օր արցախահայությանը կանգնեցնելու է փաստի առաջ։ Սա առաջին դեպքը չէ։
Ու սա հավանաբար ինչ-որ գաղտնի համաձայնության արդյունք է, ու Արցախը լրիվությամբ թշնամուն հանձնելու պայմանավորվածության կատարման իրավական գործընթացի սկիզբն է։
Հավանաբար հենց սա էր պատճառը, որ երկար ժամանակ Արցախում և մասամբ ՀՀ-ում անձնագրեր չէին տրամադրում։ Մտածում էին, թե ինչ հնարք մտածեն, որպեսզի և՛ գայլերը կուշտ լինեն, և՛ ոչխարները՝ գոհ։ Ու կարծես ստացվում է դա նրանց մոտ»։