Մեզ համար պատերազմը չի ավարտվել. Ներքին Սզնեք համայնքի ղեկավար
Գլխավոր » Լրահոս » Մեզ համար պատերազմը չի ավարտվել. Ներքին Սզնեք համայնքի ղեկավար

Մեզ համար պատերազմը չի ավարտվել. Ներքին Սզնեք համայնքի ղեկավար

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ապաստարան էր ծառայում շրջակա համայնքների բնակիչների համար, իսկ այս պատերազմից հետո հայտնվել է թշնամու ուղիղ նշանառության տակ: Ադրբեջանական դիրքերը տեղակայված են որոշ բնակելի տներից 100-200 մետր հեռավորության վրա:

Համայնքի ղեկավար Էդուարդ Մուսայելյանն «Ապառաժ»-ի հետ զրույցում վերհիշել է 1990-ական թվականներին գյուղում տիրող մթնոլորտը: Նրա խոսքով՝ գյուղացիներն իրենց տներում ապաստան էին տվել Ստեփանակերտի, Շոշի, Քարին տակի բնակիչներին: «Նրանք մնում էին մեր տներում, հաց էինք կիսում: Այն ժամանակ որոշ բնակավայրերում հացի խնդիր էլ կար: Հիմա թեկուզ այդ առումով խնդիր չկա, բայց այն ժամանակվա ոգին, տրամադրվածությունն ուրիշ էր»,- նշել է նա:

Արցախյան առաջին պատերազմի հետևանքով գյուղից 12 զոհ, մեկ անհետ կորած կային, այս պատերազմի ընթացքում հայրենիքի պաշտպանության ժամանակ նահատակվել է 5 սզնեքցի, որոնցից 3-ը գյուղում էին ապրում, 5 հոգի էլ վիրավորվել է: Պատերազմի վերջին օրը վիրավոր համագյուղացուն դուրս բերելու ժամանակ վիրավորում է ստացել նաև համայնքի ղեկավարը:

Նրա խոսքով՝ մտքներով երբեք չի անցել, որ այսպիսի իրավիճակում կհայտնվեն: «Այս անսպասելի վիճակը ազդել է բոլորի վրա: Հիմա զենքի կռիվ էր, հերոսությունն ու հայրենասիրությունը հերիք չէին»,- նշում է Արցախյան առաջին պատերազմի մասնակից համայնքի ղեկավարը:

ադրբեջանական դիրքը

Երկու կողմից ադրբեջանական դիրքերով շրջափակված Ներքին Սզնեքում բնակիչները զրկվել են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ լիարժեք զբաղվելու հնարավորությունից: Թշնամու վերահսկողության տակ է հայտնվել վարելահողերի, արոտավայրերի, խոտհարքերի մի մասը: Համայնքի սեփականություն համարվող 140 հա-ից 53 հա վարելահող է մնացել սահմանագծից այն կողմ: Գյուղը գազաֆիկացված չէ, և համայնքի համար շատ կարևոր էր անտառային զանգվածից օգտվելը, որը հիմա հնարավոր չէ:

Պատերազմի օրերին գյուղը շատ է հրետակոծվել, վնասվել են 20-ից ավելի բնակելի տներ: Ներկայումս դրանք մեծամասամբ վերականգնված են:

Սակայն թշնամական դիրքերն այնքան մոտ են, որ այնտեղից տների ներսն էլ է տեսանելի, գիշերները լուսարձակներ են միացնում, օդ կրակում: Էդուարդ Մուսայելյանի կարծիքով դրանով փորձում են ճնշած պահել ժողովրդին, ստիպել, որ դուրս գան, հուսահատվեն: Իսկ չե՞ն հուսահատվում հարցին համայնքի ղեկավարն արձագանքում է՝ «եթե հուսահատվող լինեին, չէին մնա»:

Գյուղի խնդիրներից նա առանձնացնում է ջրի ներքին ցանցի կառուցումը, գազաֆիկացումը, ճանապարհների բարեկարգումը: Բայց այս բոլոր խնդիրները երկրորդական է համարում, ամենակարևորը բնակիչների անվտանգության ապահովումն է: «Մեզ համար կռիվը դեռ չի վերջացել: Ինչքան տեսնում եմ, մեզնով հարց չի լուծվում, խաղաքարտերը մեծ տերությունների ձեռքին են: Մեզնից կախվածն այն է, որ կարողանանք բանակը պահել, եղածը պահել, վերականգնվել: Բայց կարգավիճակի հարցը պիտի լուծվի»,- կարծում է Է. Մուսայելյանը:

1