Մենք ապրելու ենք
Գլխավոր » Լրահոս » Մենք ապրելու ենք

Մենք ապրելու ենք

Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցը  հանդիպում-զրույցների  շարք է սկսել «Մենք ապրելու ենք» խորագրով, որի նպատակը պատերազմից մեկ տարի անց,  վերհիշելով ու վերապրելով պատերազմի ամեն մի օրը, իրադարձությունը, հարցադրումների ու մտորումների միջոցով մեզ վերագտնելն է: Հոկտեմբերի 4-ի երեկոյի հյուրերն էին երգչուհի Շուշան Պետրոսյանը, երաժիշտներ Տիգրան Սուչյանը և ժաննա Քոչարյանը,  պրոդյուսեր  Արմեն Գրիգորյանը, քաղաքագետ Լիլիթ Թումանյանը: Ի դեպ, Տիգրան Սուչյանը կարողացել է իր շուրջը հավաքել արցախցի տաղանդավոր փոքրիկ երաժիշտների, որոնց մեծ մասի հետ ծանոթացել է հենց Երևանում, ստեղծել է «Արցախիկներ» խումբը և արդեն մի շարք համերգներ են ունեցել:

Զրույցի ընթացքում բարձրացվեցին մի շարք հարցեր, հնչեցին մտքեր մշակույթի, կրթության, ազգային ինքնության պահպանման, անցյալից դասեր չքաղելու, ղարաբաղցի-հայաստանցի տարբերակման մասին: Անդրադառնալով այդ խնդիրներին՝ Լիլիթ Թումանյանը իր խոսքում նշեց.

«Մենք առաջին անգամ չենք այսպիսի իրավիճակում, երբ կորցնում  ենք Շուշին և, կարծես, ապագայում էլ նորից այդպես է լինելու:  Հարցը այն է՝ արդյոք փոխվում է մեր վերաբերմունքը: Եթե այդ երևույթները կրկնվում են, ուրեմն մենք չենք փոխվում և ճիշտ հետևություններ չենք անում: Կարևոր հարցերի շուրջ ազգը պետք է միատեսակ պատասխաններ ունենա: Մենք չունենք Արցախի ապագայի մասին պատկերացում: 1985 թվականին մտավորականները խոսում, քննարկումներ էին անում փոքր խմբերում այդ հարցի շուրջ և, վերջում եկան  կոնսեսունսի, մի գաղափարի,  ինչն էլ բերեց Արցախի ազատագրմանը: Բայց հիմա մենք չունենք այդ կոնսենսուսը:  Քանի դեռ մենք կարևոր հարցերի շուրջ միատեսակ չենք մտածում , մեր մոտ ոչինչ չի ստացվի: Եթե մենք բոլորս նույն բանը ցանկանանք ու ձգտենք, մենք  ի վիճակի կլինենք հետ բերել մեր կորցրածը և ավելի կարող ենք  ուժեղանալ»:

Խոսելով պատերազմում կրած պարտության մեջ մշակույթի դերի մասին՝ նա նշեց, որ մենք ինքնության որոնման մեջ ենք: «Մշակույթը ինքնության ձևավորման կարևորագույն  բաղադրիչներից  մեկն է: Իմ երազած Միացյալ Հայաստանում կրթության և մշակույթի նախարարը պաշտպանության նախարարին հավասազոր անձ պետք է լինի, քանի որ եթե չունես մշակութային և կրթական հենք, շատ հեշտ է քեզ ցաք ու ցրիվ տալ: Մենք պիտի սովորենք մեր պատմությունը, մեր սխալները, բայց պետք է հասկանանք, թե որն է մեր հանրային շահը, որն է այն նպատակը,  որ մենք բոլորս հավասարաչափ ու միաժամանակ ենք ուզում, և ինչպես կարող ենք դրան հասնել»,- ասաց նա:

Արմեն Գրիգորյանն իր խոսքը սկսեց Լեոնիդ Ազգադյանի «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությամբ և շեշտեց,  որ այդպիսի հանդիպումները շատ կարևոր են իրար ճանաչելու համար: Նրա խոսքով՝ մենք ապրում ենք մի երկրում, բայց երկու հանրապետությունում, և տարբերակումները հայերի մեջ անընդունելի են, ու պետք է ամեն ինչ անել դրանք վերացնելու համար:

Արցախում Շուշան Պետրոսյանի առաջին մենահամերգը կայացել է Սպայի տան բացման արարողության ժամանակ և իր ամբողջ  կարիերայի  ընթացքում նա հավատարիմ է մնացել արցախցի հանդիսատեսին: Տարիներ շարունակ բազմաթիվ համերգներ  է ունեցել Արցախի զորամասերում, ոգեշնչել հայ զինվորին ու արցախցուն:  Նա իր խոսքում շեշտեց, որ դարեր շարունակ մեր պարտություններիր մեջ հենց Արցախն է եղել մեր արժանապատվության վերականգման գրավականը, և մենք պետք է սա պահենք ու արժևորենք մեր մեջ:

Երեկոյի ընթացքում  նա երգեց արդեն իսկ սիրված երգերը՝ «Հայրենիք», «Արցախ», «Հայաստան» և այլն: Քննարկումներն ընդմիջվեցին նաև Տիգրան Սուչյանի  և Ժաննա Քոչարյանի  կատարումներով:

Նախատեսվում է նմանատիպ երեկոներ կազմակերպել Մարտունիում, Ասկերանում, Մարտակերտում և Աղավնոյում:

Սիրանուշ Սարգսյան

Լուսանկարները՝ Դաթև Զարգարյանի

1