Կրթության շրջանակներում աշակերտներին պետք է փոխանցել կիրառելի գիտելիքներ. Մաղավուզում հաստատված ուսուցիչ
Գլխավոր » Լրահոս » Կրթության շրջանակներում աշակերտներին պետք է փոխանցել կիրառելի գիտելիքներ. Մաղավուզում հաստատված ուսուցիչ

Կրթության շրջանակներում աշակերտներին պետք է փոխանցել կիրառելի գիտելիքներ. Մաղավուզում հաստատված ուսուցիչ

Պատերազմից հետո բավականին բարդ էր դասավանդմանը վերադառնալը, բայց ամենակարևորը կրթության կարևության գիտակցումն է: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Մաղավուզի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արտավազդ Բոյաջյանը: Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա բաժնի շրջանավարտն Արցախում հաստատվել է մի քանի տարի առաջ և «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում երկու տարի դասավանդել է Ստեփանակերտի Ֆիզմաթ դպրոցում:

«Երկու տարվա ծրագրի ավարտից հետո կարող էի իմ ընտրությամբ ծրագրից դուրս գալ կամ շարունակել: Որոշեցի մնալ Արցախում: Քանի որ այդ ժամանակահատվածում արդեն սկսել եմ այգեգործությամբ զբաղվել, տեղափոխվեցի Մաղավուզ գյուղ, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի երրորդ տարվա ծրագրի մասնակից դարձա և շարունակեցի մի տարի էլ դասավանդել: Հիմա դասավանդում եմ «Մաթեմատիկա» առարկա»,- նշում է Արտավազդ Բոյաջյանը:

Նրա խոսքով՝ մերօրյա ուսուցչի առաքելությունն առաջին հերթին գիտակից քաղաքացի դաստիարակելն է: «Կրթությունը տարիներ շարունակ հետին պլան մղվելով, չկարևորելով կրթական ռազմավարությունը, չենք կարողացել ճիշտ կրթություն տալ սերունդներին, որի հետևանքը տարիներ հետո է երևացել: Հիմա նախ պետք է ճիշտ կրթություն տալ երեխաներին, կրթության շրջանակներում նրանց փոխանցել կիրառելի գիտելիքներ, դա արդեն կլինի ամենամեծ ձեռքբերումը»,- կարծում է ուսուցիչը:

Կրթության ոլորտի ամենամեծ բացթողումը երիտասարդ ուսուցիչը համարում է բնագիտական առարկաների հանդեպ ուշադրության պակասը, ինչպես նաև պատրաստված մասնագետների սղությունը: «Պետք է ճիշտ կադրեր պատրաստել և ցույց տալ, որ իրականում ուսուցչի գործը պատվաբեր լինելուց բացի նաև եկամտաբեր է: Այսօր բոլորը եկամուտի աղբյուր գտնելու ցանկությամբ այլ աշխատանքներ են փնտրում կամ էլ արտագնա աշխատանքի են մեկնում»,- նշում է Արտավազդը:

Նա Մաղավուզում չի սահմանափակվում ուսուցչի գործունեությամբ. Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի հովանավորությամբ ազգային պարեր է ուսուցանում, իսկ «Տրտու» արշավական ակումբի միջոցով ճանաչողական արշավներ է կազմակերպում: Ըստ Արտավազդի՝ արշավները մարդկանց օգնում են բացահայտել իրենց երկիրը, ճանաչել և սիրել այն: Քանի որ եթե մի բան չես ճանաչում, չես կարող սիրել: «Իսկ ազգային պարը կապված է մեր մշակույթի, ինքնության հետ: Եթե մենք չգիտենք մեր մշակույթը, ո՞նց կարող ենք մեզ հայ համարել: Ուղղակի ասելով, ստատուսներ, մեկնաբանություններ գրելով կամ թշնամու գրառումներին պատասխանելով հայ չենք դառնում: Նախ պետք է մենք մեր ինքնությունը ճանաչենք: Ազգային երգն ու պարը ուղղակի հնչյուններ ու շարժումներ չեն: Դրանք մեր ինքնության մի մասնիկն են, որը մեզ է փոխանցվում է գենետիկ կոդերով»,- ասում է մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է ուսուցչի իդեալին, ապա, ըստ նրա,  խիստ արդիական է ուսուցչի իրական կերպար ու իրական իդեալ ստեղծելը: «Բնականաբար բոլորս էլ լավ ուսուցիչներ ենք ունեցել ու նրանց ենք պատկերացրել որպես լավ ուսուցիչ: Բայց ուսուցչի իրական իդեալը պետք է պետական ամենաբարձր մակարդակով մշակվի, որն ընդունելի կլինի ոչ միայն աշակերտի, այլ նաև ուսուցչի համար»,- նշում է Արտավազդը:

Նրա կարծիքով 21-րդ դարում ամեն ինչը մեր կրթության հետ կապ ունի և ամեն ինչը կարելի է համարել կրթություն: «Երբ բոլորը դառնում են գիտելիք փոխանցող, կարևոր է ճիշտ մարդկանց այն փոխանցելը»,- եզրափակում է Արտավազդը՝ տոն օրվա առթիվ շնորհավորելով բոլոր ուսուցիչներին և մաղթելով խաղաղ աշխատանք:  

1