Արծրուն Հովհաննիսյան. ‹‹Ադրբեջանին միայն հայկական բանակը կարող է սանձել››
Գլխավոր » Հասարակական » Արծրուն Հովհաննիսյան. ‹‹Ադրբեջանին միայն հայկական բանակը կարող է սանձել››

Արծրուն Հովհաննիսյան. ‹‹Ադրբեջանին միայն հայկական բանակը կարող է սանձել››

Ձեզ ենք ներկայացնում  aparaj.am-ի թղթակցի հարցազրույցը ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն  Հովհաննիսյանի հետ:

 

-Պարոն Հովհաննիսյան, ներկա պահին ի՞նչ է կատարվում խոցված ուղղաթիռի վայրում:

 

-Ինչպես մեզ տեղեկացրեցին ԼՂՀ ՊԲ հրամկազմը եւ պատասխանատուները,  խոցված ուղղաթիռի շրջակայքին, ցավոք, մոտենալ չի լինում: Այն միջդիրքային հատվածում է, եւ հակառակորդը ինտենսիվ կրակի տակ է պահում ցանկացած գործողություն: Դժբախտաբար, այն ավելի մոտ է հակառակորդի դիրքերին, քան մեր:

 

Այժմ  հնարավոր ամեն բան արվում է, ԼՂՀ իշխանությունները նաեւ փորձում են Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով հասնել որոշակի լուծման: Թե ինչ կլինի, ցույց կտա ժամանակը:

 

Հնարավո՞ր է,  որ ուղղաթիռի անձնակազմից որեւէ մեկը ողջ լինի:

 

—  Ոչ կարող ենք հերքել, ոչ էլ՝ հաստատել  դա, սակայն,  ամենայն հավանականությամբ, երեւի թե զոհվել են՝ հաշվի առնելով պայթյունը, հետագայում հակառակորդի կողմից բացված ինտենսիվ կրակոցները եւ այլն:

 

Ադրբեջանի կողմից սանձազերծվող գործողություններից հետո միջազգային հանրությունը, Ադրբեջանին զսպվածության կոչ անելու փոխարեն , զսպվածության կոչ է անում երկու՝  հայկական եւ ադրբեջանական կողմերին: Ո՞րն է դրա հիմնական պատճառը:

 

— Կարծում եմ՝  միջազգային հանրությունից շատ բան սպասել պետք չէ:  Կա նաեւ մեր կողմից այդ ամենն աշխարհին ներկայացնելու խնդիրը: Ամեն դեպքում, միջազգային հանրությունը, նամանավանդ այն ինստիտուտները, որոնք միջնորդի դերակատարություն ունեն եւ որոնցից մենք շատ բան ենք ակնկալում,  նշում են,  որ իրենք ընդհամենը միջնորդ են եւ  արդարության կամ սխալի կողմնակից չեն: Նրանց միջնորդության հիմնական իմաստն այն է, որ երկու կողմին էլ փորձեն նվազագույն չափով մեղադրել եւ   փոխըմբռնման մթնոլորտ ստեղծեն:

 

Մենք մի տեսակ ընտելացել ենք այս ամենին, սակայն, բոլոր դեպքում,  ձեռքերը ծալելը սխալ է, որովհետեւ մեր դիվանագիտական, լոբբիստական, տեղեկատվական ակտիվությունից է նաեւ կախված, թե միջազգային այս կամ այն ինստիտուտներն ինչպես կհասկանան իրավիճակը : Շատ հաճախ հասկանալու խնդիր է լինում:

 

Երկու կողմերին զսպվածության կոչ անելով՝  հավասարության նշան է դրվում կողմերի միջեւ : Այս դեպքում ՝ինչպե՞ս զսպել ագրեսորին՝ Ադրբեջանին:

 

-Ես մի կարեւոր հետեւություն եմ արել այս տարիների աշխատանքի արդյունքում. որեւէ մեկին սանձել, առավել եւս Ադրբեջանին, ոչ մի միջազգային կառույց չի կարող, նրան միայն մի բան կարող է սանձել՝ հայկական բանակը: Սանձել մի պետության, որը, ըստ էության, ամենավերին էշելոնից մինչեւ վերջին զինվորը ագրեսիվ, ոճրագործ, ցեղասպան ձեռագիր ունի , ոչ մեկը եւ ոչինչ չի կարող, բացի ուժից, տվյալ դեպքում՝ հայկական բանակից:

 

Տարբեր միջազգայն կառույցներ  արձագանքել եւ քննադատել են այս դեպքը, սակայն Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական գործընկերը , ամենավերջինն է արձագանքել, ո՞րն է դրա պատճառը:

 

-Կարծում եմ՝ հարցը  քաղաքագետներին է պետք տալ , մենք՝ զինվորականներս, ռազմական դաշնակիցների մասին սովորաբար չենք խոսում:

 

Դեպքից անմիջապես հետո  համացանցում հայտնվեցին կեղծ տեսագրություններ, որոնք,  ըստ էության, ապատեղեկատվություն  էր Ադրբեջանի կողմից, ի՞նչ եք կարծում՝ որո՞նք են տեղեկատվական պատերազում մեր թերացումներն ու անելիքները:

 

-Տեսանյութերը սկզբից մատուցվեցին շատ անկազմակերպ ապատեղեկատվությամբ, հետո հայտնվեց մի տեսանյութ, որը,  ըստ էության, իրենցն էր, եւ կարծում եմ՝ ճշմարիտ էր, բայց այդ տեսանյութը հենց իրենց համար խնդիր դարձավ, որովհետեւ  իրենք որդեգրել են մի տեսակետ, որ մեր ուղղաթիռները ոչ միայն սահման են խախտել, այլեւ՝  ակտիվորեն գրոհել են իրենց մարտական հենակետերը: Այս տեսանյութը լույս է սփռում ամբողջ իրականությանը, եւ ցանկացած մարդ կարող է տեսնել, որ անզեն, խաղաղ  եւ ուսումնավարժական թռիչք էր կատարում ուղղաթիռը:

 

Մենք մեր բոլոր սխալներն  ուսումնասիրում ենք, ինչ ոլորտի էլ դրանք վերաբերեն, նամանավանդ՝ ռազմական: Ինչ մնում է տեղեկատվական պայքարին, երբեմն շատ ենք  միֆականացնում ադրբեջանական կողմի հնարավորությունները, որովհետև,  չնայած իր ահռելի միջոցներին, Ադրբեջանն այդքան էլ արդյունավետ չի աշխատում:  Մենք դա տեսնում ենք թե այս օրինակով, թե Կարեն Պետրոսյանի՝ <<դիվերսանտ>> սարքելու պատմությամբ եւ այլն, եւ այլն: Իրենց որդեգրած  պաշտոնական քաղաքականությունն իրենք իսկ արագ մեկուսացնում են:

 

Այնուամենայնիվ, ըստ ձեզ, ո՞րն  է վերջին միջադեպի պատճառը:

 

-Դժվար է միանշանակ նշել մի պատճառ: Ամեն դեպքում, Ադրբեջանը օգոստոսյան դեպքերից հետո, պարտվածի բարդույթից դուրս գալու, իր   <<ճշմարտությունը>> Ադրբեջանի ժողովրդին եւ զինվորներին ցույց տալու խնդիր ունի՝ <<ապացուցելու>>,  որ ինքը հաղթող է:

 

Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ

1