Պատերազմի վավերագրությունը Դավիթ Ղահրամանյանի լուսանկարներում. Ցուցահանդես Ստեփանակերտում

Սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի «Պատերազմի աչքերը» խորագրով ցուցահանդեսը: Լուսանկարիչն Արցախյան 44-օրյա պատերազմի սկզբից մինչև վերջին օրը եղել է իրադարձությունների կենտրոնում, հասել առաջնագիծ, թշնամու պատճառած ավերածությունների վայր, անմահացրել կռվող հերոսներին, որոնց մի մասի համար դրանք վերջին լուսանկարները դարձան: Սակայն ինչպես իրավամբ նշել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, լուսանկարներում պարտություն չկա: «Սա Դավիթի մտածողության, հոգեբանության, նրա էության արդյունքն է: Դավիթին հաջողվել է արտահայտել իր ազգային աշխարհընկալումն ու աշխարհըմբռնումը: Սա ինչ-որ բանի սկիզբ է, և Դավիթն այս ցուցահանդեսով ոչ միայն պատերազմի գիրք է դնում մեր սեղանին, այլ ասում է, որ սա չի կարող ավարտ լինել, սա սկիզբ է»,- նշել է նախարարը:


Ցուցահանդեսը կայացել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ: Գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանի խոսքով լուսանկարների ցուցահանդեսի գաղափարը ծագել է դեռևս պատերազմի օրերին: Ըստ նրա՝ այն մեծ ասելիք ունի ինչպես հայրենիքում, այնպես էլ դրսում:

«Նախաձեռնությունը մերն է, բայց այս ցուցահանդեսը բոլորինն է, որովհետև այստեղ ներկայացված լուսանկարները արծարծում են մեր բոլորիս կյանքի, պատմության մի կարևոր ու անջնջելի ժամանակահատված, որի մեջ շատ է ցավը, կորուստը, շատ են խորտակված երազանքները, բայց որի մեջ շատ է նաև մեր տեսակը, մեր ապրելու, վերընձյուղվելու կամքը, ապրելու վճռականությունը: Այս նկարներից ամեն մեկը յուրօրինակ դաս է բոլորիս համար, այս նկարների մոտով անցնելիս պետք է խորհել, մտածել ու վերծանել»,- իր խոսքում նշել է Հ. Ավագյանը:

Դավիթ Ղահրամանյանը սեպտեմբերի 27-ի առավոտյան մյուսների նման պատրաստվում էր մեկնել առաջնագիծ, սակայն կառավարությունից նրան հանձնարարել են լինել դեպքերի վավերագիրը, որը և նա մեծ պատասխանատվությամբ ու պատվով կատարել է: «Խիղճս տանջում էր, որ ընկերներիս մոտ չեմ, բայց հետո հասկացա, որ իմ գործը ևս շատ կարևոր է: Այս լուսանկարները վկայությունն են այն բանի, թե ինչպես Թուրքիան և Ադրբեջանը հանցագործություն գործեցին Արցախի ու հայ ժողովրդի նկատմամբ»,- իր խոսքում հուզմունքը հազիվ զսպելով նշել է լուսանկարիչը:
Նա համոզմունք է հայտնել, որ մեր հողերը հետ ենք բերելու և ինքն արդեն անմահացնելու է Շուշիի ազատագրման կադրերը:

Ցուցահանդեսին ներկայացված է նաև Դավիթի երկրորդ լուսանկարչական ապարատը: Առաջինով նկարել է Ապրիլյան պատերազմը, երկրորդով՝ 44-օրյա պատերազմը: «Ապարատս փոխելու ժամանակն է, երրորդը պետք է վերցնեմ, որ Շուշիի հետ բերելը նկարեմ»,- ասել է լուսանկարիչը:

Նա ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանին է նվիրել ԱԻՊԾ աշխատանքները պատկերող մի լուսանկար, որը «Վայրագություններ մարդկության դեմ Ադրբեջանի կողմից» մրցույթում մրցանակի է արժանացել: Լուսանկարում ԱԻՊԾ-ի այն ժամանակվա փոխտնօրեն Մեխակ Արզումանյանն աշխատակիցների հետ ավերված տնից դուրս է բերում տուժածներին:
ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշել է, որ Դավիթի մի շարք լուսանկարներ տեղ են գտել ԱՀ ՄԻՊ զեկուցագրերում, որոնք ուղարկվել են միջազգային ատյաններ:

Ապրիլյան և վերջին պատերազմի ժամանակ զույգ որդիներին կորցրած Միքայել Հաջյանն իր խոսքում նշել է, որ Դավիթի լուսանկարներում յուրաքանչյուրը փնտրում է իր հարազատին՝ անկախ նրանից հարազատները կան, թե չկան: «Այս պատկերասրահը դարձել է յուրօրինակ հայելասրահ: Հայելու մեջ մենք սովորաբար մեզ ենք նայում: Նայում ենք այս լուսանկարներին և փորձում մեզ գտնել նրանց մեջ»,- նշել է Մ. Հաջիյանը՝ կոչ անելով իշխանություններին Դ. Ղահրամանյանի լուսանկարները տարածել այլ լեզուներով:
Ցուցահանդեսում ներկայացված են մոտ 100 լուսանկարներ, այն կգործի մինչև հոկտեմբերի 12-ը:




