Ապահովել Արցախի մասնակցությունը Հայաստանի անկախության հանրաքվեին. մի շարք կուսակցություների կոչը
Գլխավոր » Գաղափարական » Ապահովել Արցախի մասնակցությունը Հայաստանի անկախության հանրաքվեին. մի շարք կուսակցություների կոչը

Ապահովել Արցախի մասնակցությունը Հայաստանի անկախության հանրաքվեին. մի շարք կուսակցություների կոչը

1991թ. սեպտեմբերի 18-ին, Հայաստանի անկախության հանրաքվեի նախօրյակին, մի շարք կուսակցություններ և միություններ հանդես են եկել արցախցիներին ուղղված կոչով, որտեղ պահանջում էին բոլոր հնարավոր միջոցներով ապահովել Արցախի հանրապետության բնակչության մասնակցությունը Հայաստանի անկախության հանրաքվեին՝ այդպիսով ապահովելով հայ ժողովրդի միասնական ԱՅՈ-ն:

Կոչ հայրենակիցներին

«Հայրենակիցնե՛ր,

մեր ժողովուրդը կատարելու է վճռորոշ ընտրություն` բանալով նոր ճանապարհ դեպի անկախություն, ազատություն, Հայաստանի վերածնունդ:

Եվ թող ունենանք բազում դժվարություններ և նենգ թշնամին պատերազմում է մեր սահմաններում: Մենք համոզված ենք, որ միմիայն Անկախ Հայաստանում հայը կապրի ազատ և լիաթոք կյանքով, կվերականգնվի մեր քայքայված տնտեսությունը, իսկ թշնամին դուրս կշպրովի մեր սահմաններից:

Արցախցիներ, դուք գտնվում եք Հայաստանի անկախության պայքարի ամենաթեժ ճակատում: Եվ ճիշտ է ասված, որ Հայաստանի անկախության ճանապարհն անցնում է Արցախով:

Անկախ ձեզ մոտ տիրող ծանր իրավիճակից, անկախ քաղաքական տարուբերումներից Արցախը կա, և, ինչպես 1918– 1920թթ., կլինի Անկախ Հայաստանի անբաժան մասը: Ուստի հորդորում ենք ձեզ՝ որպես Հայաստանի քաղաքացիների, զենքը ձեռքներիցդ բաց չթողնելով, հնարավոր բոլոր միջոցներով ապահովել Արցախի Հանրապետության մասնակցությունը Հայաստանի անկախության հանրաքվեին ամրապնդելով մեր ժողովրդի ընդհանուր ԱՅՈ-ն:

Կեցցե արցախցիների ազատատենչ ոգին։

Կեցցե՛ Անկախ, Ազատ, Միացյալ Հայաստանը։

Հայաստանի «Սահմանադրական իրավունք» միություն,

Հայաստանի հանրապետական կուսակցություն,

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն,

Հայաստանի քրիստոնեաժողովրդավարական միություն:

Երևան, 18 սեպտեմբերի 1991թ.»

1