Մենք ապրելու ենք…
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցում տեղի է ունեցել «Մենք ապրելու ենք…» խորագրով համերգային ծրագիր, որին ներկա էին ՀՅԴ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչյան» կոմիտեի ներկայացուցիչ Աշոտ Պետրոսյանը, ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, ԱՀ Մարդու իրավունքերի պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ԱԺԿ ղեկավար Աշոտ Ղուլյանը:
Համերգը կայացել է «Արի արցախ» խորագրով համերգային շրջագայության ընթացքում. նախաձեռնության մտահաղացումը երաժիշտ Տիգրան Սուջյանինն ու երգչուհի Շուշան Պետրոսյանինն է, իսկ կայացմանն աջակցել են ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանն ու «Եվրոպա» հյուրանոցի տնօրեն, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը:
Համերգին ելույթ է ունեցել «Արցախիկներ» բենդ խումբը՝ երաժիշտ, շեփորահար Տիգրան Սուջյանի ղեկավարությամբ, ինչպես նաև Շուշան Պետրոսյանն ու Արտո Թունջբոյաջյանը:
Համերգին հնչել են հայրենասիրական և ժողովրդական երգեր՝ նոր մշակումներով:
Արտո Թունջբոյաջյանը համերգի ընթացքում նշեց, որ չպետք է մոռանանք մեր՝ հայի ինքնությունը և չհեռանանք նրանից:
«Մեզ մեր հողերից հանեցին, սակայն մեր միջից հային չհանեցին»,- ասել է նա:
Երգչուհի Շուշան Պետրոսյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշեց, որ կարևորում է Արցախի ու Հայաստանի միջև մշակութային կապի պահպանումը: Նա այս համերգը ոգևորիչ ու ուժեղ չի համարում, այլ ավելի շատ՝ ոգի տվող:
«Վերքերը պետք է սպիանան: Թեև վերքեր կան, որ երբեք էլ չեն սպիանում, սակայն այնուամենայնիվ մշակույթը պետք է՝ ոգին ու ուժը տեղը բերելու համար»,- ասում է նա:
Անդրադառնալով ստեղծված ծանր կացությանն ու մեր անելիքներին՝ Շուշան Պետրոսյանը նշեց, որ մենք արդեն ունենք փորձ՝ չունենալով կանոնավոր բանակ՝ սկսել 0-ից ու հաղթել:
«Ուրեմն՝ հիմա էլ կսկենք 0-ից»,- վստահորեն նշում է Շուշան Պետրոսյանը: