Խաղաղասիրության քարոզը մեզ բթացնում է․ Հայաստանը փորձում է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն եւ հավատալ դրան ռազմական փորձագետ
Գլխավոր » Լրահոս » Խաղաղասիրության քարոզը մեզ բթացնում է․ Հայաստանը փորձում է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն եւ հավատալ դրան ռազմական փորձագետ

Խաղաղասիրության քարոզը մեզ բթացնում է․ Հայաստանը փորձում է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն եւ հավատալ դրան ռազմական փորձագետ

Ադրբեջանի գործողությունները գնալով ինտենսիվ են դառնում․ պատճառն անպատժելիությունն է,-հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Հայաստանի օմբուդսմենը նշել է, որ թշնամու իշխանությունները խրախուսում են իրենց գործողությունները։ Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ այդ ճնշումները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչեւ չխոսվի, այդ փաստերը ինտենսիվորեն չներկայացվեն միջազգային կառույցներին։

«Հայաստանը, կարծես թե, անհաղորդ է կամ չի ցանկանում որեւէ կերպ միջազգային հանրության ուշադրությունը գրավել եւ սեւեռել այն հանգամանքի վրա, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում օգտագործվել է զենք-զինամթերք, ինչը ողջ աշխարհը դատապարտում է  մարդկության դեմ հանցագործության համար։ Այն բոլոր փաստերը՝ հայ զինծառայողներին խոշտանգելը, մասսայական սպանությունները, Հադրութում նույնիսկ բնակիչներին խորանի վրա սպանելը, մորթելը, Հայաստանը մինչեւ օրս միջազգային ասպարեզում չի բարձրացրել եւ դրա մասին ընդհանրապես չի խոսել։ Սա անգործություն է կամ ինչ-որ բաներով պայմանավորված գործողություն է»,-Yerkir.am-ին հայտնեց ռազմական վերլուծաբանը։

Ազգային ժողովի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը նաեւ հայտարարել է, որ թշնամին չի պատժվում, դրա համար ինչ ուզում, անում է։

«Նրանք տեսնում են, որ ինչ էլ անում են, չեն պատժվում։ Իրենց իշխանությունները միայն խրախուսում են` սկսած պատերազմի օրերից։ Ակնհայտ է մի բան` նրանք չեն հանգստանալու, եթե ինքներս պաշտպանության ամուր երաշխիքներ չներդնենք»,-նշել է Հայաստանի օմբուդսմենը։

Թշնամին, նկատում է Կարեն Հովհաննիսյանը, Հայաստանի հանդեպ շարունակում է ունենալ ծավալապաշտական ցանկություններ։

«Տեսնում ենք, որ թշնամին նվաճողական եւ ծավալապաշտական քաղաքականություն է վարում։ Եթե պայմանավորվածությունը նրանում է, որ մենք պետք է պարտվողական կեցվածք ընդունենք, իսկ թշնամին՝ ծավալապաշտական եւ պահանջատիրական քաղաքականություն տանի կամ հոխորտա պատերազմական գործողությունների վերսկսմամբ, ապա, կարծում եմ, անիմաստ է այստեղ որեւէ պայմանավորվածության գնալը։ Ես կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունը խաղաղասիրություն է ասում, որպեսզի կանխի թշնամու հնարավոր ռազմական գործողությունները, բայց խաղաղասիրության քարոզը մեզ թմրեցնում է, բթացնում եւ իրականությանը չենք նայում իրականության աչքերով»,-Yerkir.am-ին ասաց Կարեն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ հնարավոր չէ որեւէ տեսակի հարաբերություն թշնամիների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ՝ անկախ խաղաղասիրության մասին ներսի քարոզներից։

«Հայտարարվում է, որ Թուրքիայից գալիս են դրական ազդակներ, բայց վստահորեն կարող եմ ասել՝ այնտեղից ոչ մի դրական ազդակ չի եկել․ Թուրքիան իր քաղաքականությունը 30 տարվա ընթացքում չի փոխել, այսինքն՝ մի քանի նախապայմաններով է միշտ համաձայնել Հայաստանի հետ երկխոսել․ դրանց մեջ մտնում են Ցեղասպանության չեղյալ հայտարարելը, Արցախի կարգավիճակի չեղարկումը, այդ գործընթացները եւ, ընդհանրապես, սրանք այնպիսի նախապայմաններ են, որոնք միշտ են եղել, չկան դրական ազդակներ։ Այս պահին Հայաստանը փորձում է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն եւ հավատալ դրան»,-նշեց ռազմական փորձագետը։

Վերջին օրերին նորից խոսվում է Հայաստանի մի շարք բնակավայրեր թշնամուն հանձնելու եւ թշնամուն Հայաստանի տարածքով միջանցք տալու մասին, ինչը, ռազմական փորձագետի խոսքով, Հայաստանը ավելի մեծ շրջափակման մեջ կդնի։

«Հայաստանի տարածքից որեւէ հատված հանձնելը եւ ներկա սահմանների խախտումը Հայաստանը դնում է ավելի շատ շրջափակման, քան ապաշրջափակման մեջ։ Սա ազգային անվտանգության համար շատ մեծ սպառնալիք է։ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է դուրս գա այս ամբողջ պատմությունից, որովհետեւ նման բան երբեք չի եղել, Արցախյան հակամարտության ընթացքում Ադրբեջանը նման պահանջ չի ներկայացրել, այդ պահանջը նոր է եւ չպետք է դառնա բանակցությունների կամ սակարկման առարկա, այլ, պարզապես, դա պետք է մերժվի եւ մի կողմ քաշվի»,-եզրափակեց ռազմական վերլուծաբանը։

yerkir.am

1