Ընկե՛ր Զաքար, վարձքդ կատար
Գլխավոր » Լրահոս » Ընկե՛ր Զաքար, վարձքդ կատար

Ընկե՛ր Զաքար, վարձքդ կատար

Սեպտեմբերի 8-ին ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հյուրընկալել է դաշնակցական ընկեր, Շուշիի «Վարանդա» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար, Արցախի Արվեստի վաստակավոր գործիչ Զաքար Քեշիշյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Արցախի շրջանների ՀՅԴ կոմիտեների ներկայացուցիչները:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը կարևորել է Զաքար Քեշիշյանի ներդրումն Արցախում երգարվեստի զարգացման, պատանիներին ազգային ոգով դաստիարակելու գործում: Նա շեշտել է, որ Շուշիում 30 տարի դասավանդած դաշնակցական արվեստագետը հանգամանքների բերումով փոխել է գործունեության վայրը, բայց նրա ոգին ու առաքելությունը մնացել են նույնը:

ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անունից Արթուր Մոսիյանը Զաքար Քեշինյանին հանձնել է խոհրդանշական նվեր՝ ՀՅԴ 130-ամյակի առթիվ գործված գորգ:

Իր խոսքում Զաքար Քեշիշյանը նշել է, որ դաշնակցական ընկերները միայն հետմահու են պարգևատրվում, սակայն այս պարգևն ինքը կընդունի որպես անսահման վստահության, սիրո և իր ուխտը վերանորոգող երևույթ: «Ես դաշնակցական եմ, իմ գործունեությունն այստեղ կուսակցական չէ, այլ ազգային, բոլորանվեր: Սակայն այն ոգին, որ ինձ մղում է այստեղ աշխատելու, դաշնակցականի իմ դաստիարակությունն է և դրա նկատմամբ իմ հավատարմությունը: Դաշնակցությունը 29 տարի առաջ Շուշիում հիմնադրեց վարժարան, այն ժամանակ ես, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության մաս կազմելով, վարժարանի հիմնադիր ընկերներից մեկը դարձա: Երբ վարժարանը պետականացվեց, ես շարունակեցի իմ առաքելությունը, որ սկսել էի 29 տարի առաջ:  Առաջիկա տարիներին, ինչքան իմ կարիքը լինի, և Աստված ինձ կյանք տա, անպայման կվերադառնամ»,- իր խոսքում ասել է Զ. Քեշիշյանը՝ շնորհակալություն հայտնելով պարտավորեցնող վերաբերմունքի համար և մաղթելով, որ այս դժվարին պայմաններում Դաշնակցության ուժն ու կորովը չպակասի:

«Ես հավատում եմ, որ հայ ժողովրդի փրկությունն իր դաշնակցական որդիների միաբանության, ամրակուռ կառույցի, կառույցը ավելի հզորացնելու, այդ ճանապարհով հայրենիքին ծառայելու և հայրենիքը փրկելու մեջ է»,- նշել է արվեստագետը:

1