Շարունակելու ենք հայապահպանությունն ու հայրենապաշտության մեր սուրբ գործը. ՀՅԴ ԱԵՄ
Գլխավոր » Երիտասարդական » Շարունակելու ենք հայապահպանությունն ու հայրենապաշտության մեր սուրբ գործը. ՀՅԴ ԱԵՄ

Շարունակելու ենք հայապահպանությունն ու հայրենապաշտության մեր սուրբ գործը. ՀՅԴ ԱԵՄ

ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը կրթության և գիտության օրվա առթիվ ուղերձ է տարածել.

«Սիրելի՛ ուսուցիչներ և աշակերտներ, դասախոսներ և ուսանողներ, գիտության և կրթության ներկայացուցիչներ։

ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը շնորհավորում է ձեզ սեպտեմների 1֊ի` կրթության և գիտության օրվա առթիվ։

Այս ուսումնական տարեմուտը այլ է և տարբերվում է անցած տարիներից։
Բազմաթիվ ուսուցիչներ և աշակերտներ նոր ուսումնականը սկսելու են հարազատ դպրոցներից հեռու, հարազատ դպրոցների կարոտով, հարազատ դպրոցների հետ կապված թանկ ու ցավոտ հուշերը սրտում պահած։
Բազմաթիվ կրթօջախներ կարոտ են մնալու հայերեն խոսք ու բառի, հայ մանկան տաք շնչին ու սիրուն։ Որովհետև պատերազմ է եղել Արցախում , և խաթարվել է բոլորիս կյանքը։

Սակայն, հավատալով հայի անկատրում ոգուն և պայքարելու անխորտակ ուժին՝ վստահ ենք, որ հաղթահարելու ենք մեզ պատուհասած բոլոր դժվարությունները և շարունակելու ենք հայապահպանությունն ու հայրենապաշտության մեր սուրբ գործը։ Եվ դա առաջնահերթ կերպով կատարվելու է դպրոցում ստացած հայեցի դաստիարակության շնորհիվ։

Այս տարվա ընթացքում ՀՅԴ ԱԵՄ֊ի կազմակերպած 9 ճամբարները Արցախի տարբեր շրջաններում այդ ճանապարհին կարևոր մի քայլ էր։ Տեղահանված բազմաթիվ պատանիների հետ անցկացրած զրույցները հաստատեցին այն սերն ու պաշտանմունքը, որ նրանք ունեն հարազատ օջախների, կորցրած հայրենիքի հանդեպ, ինչպես նաև այն վերադարձնելու կամքն ու վճռականությունը։

Այս պատերազմը փաստեց, որ հաղթանակի ելքը վճռեց ոչ այնքան զինվորի խիզախությունը, որքան տեխնիկական ժամանակակից միջոցները։Եվ ուրեմն՝ մենք կարող ենք ուժեղ լինել` զինվելով գիտելիքներով։
Սիրելինե՛ր, այսօր մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առջև և անելիքներ ունենք ոչ միայն արտաքին, այլև ներքին ճակատում,  երբ տարվում է անթաքույց պայքար հայոց լեզվի,պատմության և հայագիտության նկատմամբ։ Այս պարագայում ձեր անելիքները  շատ են, պատասխանատվությունն`  ավելի մեծ։

Վստահ ենք, որ դուք պատվով կկատարեք ձեր առաքելությունը և տեր կկանգնեք մեր հերոս նախնիներից մեզ բաժին հասած ազգային ժառանգությանը, մեր հերոս հայրերի ու եղբայրների կյանքի գնով պահպանված սրբությանը` հայրենիքին։

Խոնարհվում ենք հանուն Արցախի նահատակված բոլոր քաջերի հիշատակի առջև, բոլոր նրանց առջև, ովքեր այլևս չեն նստի աշակերտական, ուսանողական նստարաններին, չեն դասավանդի…
Նրանք կյանքի և հերոսության մշտական ուսուցիչ դարձան սերունդների համար։

Վստահեցնում ենք` ՀՅԴ ԱԵՄ֊ը շարունակելու է իր առաքելությունը մատաղ սերնդի հայեցի դաստիարակման ու կրթման գործում, պայքարը` օտարածին արժեքների,  հակազգային գաղափարների քարոզիչների դեմ։
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք ձեզ, մաղթում ենք  խաղաղ ստեղծագործ աշխատանք, ուսում` ի շահ մեր երկրի, նրա ապագայի»։

1