Սիրահարվեց համազգեստին ու խոստացավ, որ մի թիզ հող չենք տա, ու այդպես էլ արեց
Գլխավոր » Շաբաթվա հյուրը » Սիրահարվեց համազգեստին ու խոստացավ, որ մի թիզ հող չենք տա, ու այդպես էլ արեց

Սիրահարվեց համազգեստին ու խոստացավ, որ մի թիզ հող չենք տա, ու այդպես էլ արեց

Մանկապարտեզից սկսած՝ Արթուրի հետ ընկերացած Վահե Սողոմոնյանի խոսքով՝ նրա հետ բոլորն էին ընկերական: Արթուրն ամենատխուրի հետ էլ այնքան կխոսի, մինչև նա կծիծաղի: «Չեմ էլ ուզում անցյալով խոսել նրա մասին, որովհետև ինքը կա ու կլինի: Ինքը մանկապարտեզից սկսած՝ ամենաաշխույժն էր, ամենաուրախը, ամենաակտիվը ու նույն ձևով էլ շարունակվել է նաև դպրոցական տարիների ընթացքում: Չնայած մինչև 9-րդ դասարանն ենք միասին սովորել, հետո ես տեղափոխվել եմ հումանիտար հոսքը, Արթուրը՝ ընդհանուր, բայց դա ընդհանրապես չի խանգարել, որ Արթուրի հետ շփումը պահենք: Նա մեր բոլոր առիթների մասնակիցն էր: Ինչ միջոցառում անեինք, Արթուրը հաստատ մեջն էր, անպայման պիտի խառնվեր ու պիտի իր մտածածով աներ, լինի քեֆ-ուրախություն, թե արշավ: Նա չէր կարողանում ձեռքերը ծալած նստել, ուզում էր անընդհատ մի բան անել»,- նշում է դպրոցական ընկերը:

Վահեն «Ասպետ» համույթում էր ծառայում և համույթի կազմում Ապրիլյանից հետո այցելում էին տարբեր դիրքեր՝ զինվորներին ոգևորելու: Այդպիսի այցելություններից մեկի ժամանակ լսում է, որ բանակի բարձրաստիճան զինվորականը պատմում է մի մարտունեցու հերոսությունների մասին. «Ես չէի իմանում, որ Արթուրենց դիրքն է: Որ ասացին մարտունեցի, մոտեցա՝ տեսնեմ ով է, և տեսա մեր Արթուրին: Գրկախառնվեցինք, հետո համերգ կազմակերպեցինք. Արթուրը  ոգևորությամբ ծափ էր տալիս, մենք երգում էինք: Մեր «Վերջին զանգի» տեսագրությունը վերջերս նայում էի և նկատեցի, որ Արթուրը մեկ-մեկ մոտենում է բոլորին ու հրավիրում պարելու: Մենք այն ժամանակ դա չէինք նկատում, որովհետև նրան այդպիսին գիտեինք: Զգացողություն է, որ նորից կզանգի, իրար գլուխ կհավաքվենք, որ դասարանով տեղ գնանք»:

«Նա միշտ էլ շատ ճարպիկ էր, արագ կողմնորոշվող, բայց չէի պատկերացնում, որ միայնակ կարող է ամբողջ դիրքը պահել, ու դրան ավելացրած՝ «Յաշմա» հատուկ ջոկատայինների հետ կռվի մտնել, հետ շպրտել դրանց, դառնալ թուրքի սարսափը: Նա իսկապես թուրքի սարսափն էր թե՛ ապրիլյանի, թե 44-օրյա պատերազմի օրերին: Ինքը կարող էր բոլորին հանել դիրքից, բայց միայնակ մինչև վերջին փամփուշտը կռվել: Գնաց, սիրահարվեց համազգեստին ու խոստացավ, որ կյանքում մի թիզ հող չենք տա: Ու այդպես էլ արեց. ինքն իր անելիքն արեց»,- ասում է դասընկերը:

Վահեն Արթուրի հետ վերջին անգամ օգոստոսին է հանդիպել, խոսել են տարբեր թեմաներից: «Հարցրի՝ չե՞ս հոգնել այդ համազգեստից, ասաց՝ չէ, ես քեզ էլ եմ ստիպելու, որ հագնես: Այդպես էլ եղավ. մի քանի օր առաջ դիմում գրեցի, որ հակաօդային պաշտպանության ոլորտում ծառայեմ»,- նշում է Վահեն:

Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի «Ժողովրդական երգիչ» բաժնի շրջանավարտի կայացրած այդ որոշումը մի պատճառ ուներ՝ ամեն գնով պետք է պահել այն, ինչ կա, ու պիտի պայքարել ներկայումս Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող տարածքները հետ վերադարձնելու համար: Պետք է բանակը հզորացնել, պահել Մարտունին, մյուս հողերը, որոնց համար Արթուրի, Արսենի նման շատ տղաներ են զոհվել:

1