Ամբողջ հոգով ու սրտով նվիրվել հայ ազգին, Արցախին ու Հայ Յեղափոխական Դաշնակցությանը
ՀՅԴ Մարտունու երիտասարդական միության անդամ Սյուզաննա Ստեփանյանը մոտ 9 տարեկան էր, երբ սկսեց հաճախել ՀՅԴ կուսակցության Մարտունու պատանեկան միություն: «Այն ժամանակ ես շատ փոքր էի և իմ տարիքը չէր համապատասխանում ընդունելության տարիքին, բայց Արթուրն օգնեց, որ ես նույնպես հաճախեմ պատանեկան միություն: Նրա հետ ծանոթացել եմ ՀՅԴ ճամբարների ընթացքում: Շատ խստապահանջ խմբապետ էր, սիրում էր կարգ ու կանոն, ժողովների ժամանակ հավաքում էր հեռախոսները, որպեսզի բոլորի ուշադրությունը կենտրոնացած լինի ժողովի նյութին: Նա մեզ համար ընտանիքի պես էր, ընտանիքի գլխավոր: Սկզբում, իր արտաքին տվյալները հաշվի առնելով, չէինք մտածում, թե մեզնից տարիքով մեծ է, բայց երբ ծանթացանք, տեսանք, որ փոքրամարմին տեսակով հսկա է: Արթուրը փոքրուց դաստիարակված էր ամենաբարձր ազգային գաղափարներով, նրա մեջ հայրենասիրական ոգին ուղղակի գերազանցում էր ամեն ինչին: Եվ եթե իմ մեջ հայրենասիրության ինչ-որ նշույլ կա, դա նրա շնորհիվ է»,- պատմում է Սյուզաննան:
Նա պատանեկան խմբերի ոգևորման ու համախմբման աղբյուրն էր: «Արթուրն ամեն ինչ անում էր, որպեսզի այստեղի պատանիները և երիտասարդներն իմանան մեր նախնիների պատմությունը, իմանան, թե որտեղից է գալիս հայ ազգը, ինչ պատմություն ունի: Համարյա ամեն կիրակի ժողով էր հրավիրում պատանեկանի խմբերի հետ, դասախոսություններ անցկացնում: Արթուրի հետ կապված ցանկացած հիշողություն մեզ համար ամենավեհն է, չնայած այն փաստին, որ ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց միշտ լինելու է այս գրասենյակի թե՛ խմբապետը, թե՛ ընկերը, թե՛ ընտանիքի անդամը»,- ասում է Սյուզաննան:
Պատանեկանի անդամների համար անմենևին էլ զարմանալի չէր, երբ նա 2016-ին իրեն դրսևորեց որպես հայ ազգի իսկական զավակ: Հպարտության կողքին, Սյուզաննայի խոսքերով, նաև մի քիչ տխրություն է պատել, երբ իմացել են Արթուրի որոշման մասին՝ շարունակել ծառայությունը բանակում. «Բայց հասկանում էինք, որ սրանից զատ շատ մեծ պատասխանատվություն է իր ուսերին վերցրել Արթուրը, ու նա կարողանում էր այդ ամենը պատշաճ կատարել: Այդքան մեծ սիրտ ունեցող մարդ մեր ժամանակներում հազվադեպ է պատահում. երևի ընտանիքում է այդպես դաստիարակվել ու ամբողջ հոգով ու սրտով նվիրվել հայ ազգին, Արցախին ու Հայ Յեղափոխական Դաշնակցությանը»: