Բոլոր մարտունեցիների պարծանքն է Արթուրը
«Համոզված եմ, որ մեր ուսուցիչները աշակերտների մեջ սերմանելու են այն ամենը, ինչ մենք սերմանել ենք Արթուրի մեջ Ավոյի օրինակով, մեր նախնիների օրինակով»,- «Արցախի հերոս», կապիտան Արթուր Աղասյանի մասին խորը ցավով արտահայտվում է դասվար Նելլի Սարգսյանը։
Արթուրը դպրոց է հաճախել 2003թ.: Մարտունու Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում 3 տարի նրա դասվարն էր Նելլի Սարգսյանը, ում իր երկրորդ մայրն էր համարում:
«Ինձ համար դժվար է Արթուրի մասին անցյալ ժամանակով խոսել: Սովորաբար, երբ երեխաներն առաջին անգամ մտնում են դասարանի շեմից, նրանք վախվորած են, մայրիկների ձեռքը բաց չեն թողնում: Հիշում եմ, որ այդ ժամանակ միայն Արթուրն էր վազվզում դասարանում. մինչև տեղը նստելը մի երեք անգամ պտտվեց դասարանով: Շարժուն էր, էներգիայով լեցուն, ընկերասեր: Էներգիան այնքան շատ էր, որ դժվարանում էի կարգապահություն ապահովել դասարանում:
Չնայած ուսման մեջ չէր փայլում, բայց համոզված էի, որ կյանքում լավ մարդ է դառնալու: Ապրիլյան պատերազմի ժամանակ Արթուրի սխրագործությունների մասին լսելով՝ մի առանձնահատուկ հպարտությամբ լցվեցի, զանգեցի մորը՝ Մարգարիտային (ով անհանգստանում էր որդու դպրոցական առաջադիմության առումով), ասացի՝ տեսա՞ր, որ քո Արթուրն իզուր չի ապրել իր կյանքը, տեսա՞ր՝ իր փոքր մարմնի մեջ ինչքան ուժ, կորով, քաջություն ունի»,- նշում է Նելլի Սարգսյանը, ով նաև Արթուրի կրտսեր եղբորը՝ Արսենին է դասավանդել:
Դասվարի կարծիքով՝ այդ փոքրամարմին երեխային, որ դեռ ժամկետային զինծառայող էր, ուժ է տվել նրա մեծ հայրենասիրական ոգին, որի շնորհիվ պատվով է դուրս եկել այդ պայքարում ու դարձել ադրբեջանցիների սարսափը. «Ափսոս, որ այդքան կարճ կյանք ունեցավ, իմաստալից, բայց կարճ: Բոլոր մարտունեցիների պարծանքն է Արթուրը: Համոզված եմ, որ մեր ուսուցիչները աշակերտների մեջ սերմանելու են այն ամենը, ինչ մենք սերմանել ենք Արթուրի մեջ Ավոյի օրինակով, մեր նախնիների օրինակով: Արթուրի անունը միշտ անմահ կմնա, նրա օրինակը բոլորի համար բարձր հայրենասիրության օրինակ կլինի»: