«Առայժմ Կառավարության այդ ծրագիրը բազմաթիվ անհայտներով հավասարում է». Թաթուլ Մանասերյան
Գլխավոր » Լրահոս » «Առայժմ Կառավարության այդ ծրագիրը բազմաթիվ անհայտներով հավասարում է». Թաթուլ Մանասերյան

«Առայժմ Կառավարության այդ ծրագիրը բազմաթիվ անհայտներով հավասարում է». Թաթուլ Մանասերյան

Աղբյուրը՝ 168.am 

Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 18-ին Կառավարության նիստում ներկայացրեց Կառավարության 5-ամյա ծրագիրը, որը հաջորդ շաբաթ կհանձնվի խորհրդարանի դատին:

Ներկայացված ծրագրի տնտեսությանը վերաբերող հատվածում շեշտը դրված է մշակվող արդյունաբերության, կայուն զարգացման և կանաչ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, որակի ենթակառուցվածքի, քաղաքաշինության, բնական ռեսուրսների կայուն կառավարման վրա։ Կառավարությունը ծրագրով կանխատեսում է տարեկան ՀՆԱ-ի նվազագույնը 7 տոկոսի աճ, նվազագույն աշխատավարձը հասցնել մինչև 85 հազարի։

Իր հերթին՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հարցազրույցներից մեկում ասել էր, թե տնտեսությունն իրեն շատ առույգ է զգում, ՀՀ տնտեսության վերականգնման փուլն արդեն անցյալում է, ներդրողները միմյանց հերթ չտալով գալիս են Հայաստան, ակտիվացել են նաև ներքին ներդրողները, այլ կերպ ասած՝ ըստ նախարարի՝ տնտեսության վիճակը պարզապես հրաշալի է։

168.am-ի հետ զրույցում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն անդրադառնալով Կառավարության ծրագրին, նկատեց՝ ծրագիրը դիտարկելիս պետք է հաշվի առնել երկու կարևոր հանգամանք, նախ, այն պետք է արտացոլի իրականությունը, առաջին հերթին՝ այն սպառնալիքների միջավայրը, որում այսօր գտնվում է երկիրը։ Իսկ Կառավարության ծրագրում այդ սպառնալիքներն արտացոլված չէին։ Երկրորդ հանգամանքն այն է, թե ովքեր և ինչպես են իրականացնելու այդ 5-ամյա ծրագիրը։

«Արդյո՞ք այս ծրագիրը կառավարության բարի ցանկությունն է՝ կյանքը ցույց կտա, դա կկատարվի, թե ոչ։ Եթե իմ առաջ քաշած երկու հանգամանքների հետ կապված հարցերի պատասխանները տան, ապա ես կարող եմ ասել, թե ինչ դրական ու բացասական կետեր կան ծրագրում։ Առայժմ Կառավարության այդ ծրագիրը բազմաթիվ անհայտներով հավասարում է»,- նշեց Թաթուլ Մանասերյանը։

Ինչ վերաբերում է Էկոնոմիկայի նախարարի հայտարարությանը, ապա Թաթուլ Մանասերյանը հաշվի առնելով տնտեսության իրական վիճակը և նախարարի հայտարությունները՝ հեգնեց. «Մեր հասարակությունն ապերախտ է, իշխանությունները ճգնում են ամեն ինչ անել, իսկ մենք ուղղակի չենք գնահատում, անընդհատ քննադատում ենք, դժգոհություններ ենք արտահայտում։ Ես արդեն եկել եմ այն համոզման, որ պետք է ուղղակի անցնել գովասանքների, ավելացնել դափնիները, տասնապատկել պարգևավճարները։ Կարծում եմ՝ իմ ստացած տնտեսագիտական գիտելիքները և առհասարակ իմ ինտելեկտը բացարձակ բավարար չեն կամ կապ չունեն այս իրականությունը վերլուծելու համար։ Հավանաբար նախարարի ասածները տեղի են ունենում, մնում է ես փորձեմ նոր տնտեսագիտական ուսմունք սերտեմ, որպեսզի հասկանամ և ավելի հանգիստ վերաբերվեմ այս իրողություններին։ Իհարկե, մենք արդեն բավականին առաջ ենք անցել, շուտով մեր հարևաններից էլ առաջ կանցնենք, իշխանությունը պարզապես տնտեսական հրաշքներ է գործում, աշխատատեղեր են ավելանում։ Ի վերջո, պետք է հասկանալ, որ չի կարելի այսքան քննադատել այս խեղճ իշխանություններին, պետք է թողնենք, որ իրենք աշխատեն»։

Շարունակելով միտքը՝ տնտեսագետը կրկին ցավով դիտարկեց իրականությունը և հեգնեց իշխանությունների հայտարարությունները՝ շեշտելով, թե գուցե որոշակի ժամանակ հետո կարողանա ըմբռնել այսօր Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող հրաշքները: Մեն անգամ ևս շեշտելով, որ առկա տրամաբանական վերլուծությունները, որոնք սովորաբար կարելի էր անել, այս պարագայում իրականությանը չեն համապատասխանում, ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, երկրի վրա և տիեզերքում գործող ֆիզիկայի օրենքները բոլորովին տարբեր են։

«Կարծում եմ՝ մենք և իշխանությունը երկու տարբեր իրականություններում ենք ապրում, և պետք է ըմբռնումով մոտենալ դրան»,- եզրափակեց Թաթուլ Մանասերյանը։

1