Ամեն մի համերգ արտահայտությունն է այն կացության, որի մեջ ապրում է տվյալ ժողովուրդը. Զաքար Քեշիշյան
«Վարանդա» երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար, լիբանանահայ Զաքար Քեշիշյանը համերգային ծրագրերով կրկին Արցախում է:
Առաջին անգամ Զաքար Քեշիշյանը Արցախ էր ժամանել 1988 թ-ին՝ Երևանից մի խումբ ուսանողների հետ համերգներ տալու և առաջին հայացքից սիրահարվել Արցախին։ Այդ օրից ի վեր նա տարվա 10 ամիսը Լիբանանում է՝ իսկ մյուս 2 ամիսը Շուշիում էր լինում, այժմ՝ Ստեփանակերտում: Հորից ժառանգաբար փոխանցված սերն առ երաժշտություն նրան ստիպում է և՛ Լիբանանում, և՛ Արցախում զբաղվել նույն գործով:
«Ապառաժ»-ը զրուցել է Զաքար Քեշիշյանի հետ՝ պատերազմից հետո նրա ապրումների և առաջիկա ծրագրերի մասին:
—Ի՞նչն էր Ձեզ ամեն անգամ Արցախ բերում:
-Իմ հայկական պատկանելությունն ու հայեցի դաստիարակությունս:
—Դուք ամեն տարի լինում էիք Արցախում: Ինչպիսի՞ զգացողություններ ունեիք այս անգամ պատերազմից հետո Արցախ մուտք գործելիս:
-29 տարի անընդհատ գալով Արցախ՝ այս անգամ ինձ համար սոսկալի ծանր էր գալ Արցախ, անցնել Շուշիի տակով և չմտնել Շուշի, անցնել այն ճանապարհով, որտեղ մենք բազմաթիվ նահատակներ ենք ունեցել: Սակայն գալով Արցախ, շփվելով արցախցի մեր հայրենակիցների հետ՝ հոգեփոխվեցի, խաղաղվեցի, հավատով լցվեցի վաղվա օրվա հանդեպ ու սկսեցի աշխատանքները երգչախմբի հետ:
—Ինչպիսի՞ ծրագրերով եք Արցախում:
-Այս տարի, երբ մենք կորցրինք Շուշին, Արցախում իմ ծառայողական ձևաչափը փոխվեց: Գտանք նոր բանաձև՝ «Երգող Արցախ» խորագրով երգչախմբային համերգ, որը ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Վարանդա» երգչախմբի աշխատակազմի միացյալ ջանքերով իրագործվող ծրագիր է:
Երկրորդ ծրագիրը կոչվում է «Ղողանջ հիշատակի, երախտիքի և վերապրումի…»: Այն համերգային ծրագիր է, որը կկայանա Օգոստոսի 25-ին՝ ժամը 19:00-ին Ստեփանակերտի Մշակույթի պալատում: Համերգը հիշատակի հուշ երեկո է, երախտիքի խոսք՝ այստեղ ապրող մեր հայրենակիցներին, ովքեր այստեղ ապրելով պահում են այս հողը և վերապրումի՝ որովհետև պատերազմից հետո մեզ պարտադրված չակերտներում պարտությունից հետո մեր երկիրը վերակերտելու:
Համերգին ես նվագելու եմ շվի և դուդուկ՝ դաշնակահար Նադեժդա Սարգսյանի հետ, ինչպես նաև Շուշիի անկումից հետո առաջին անգամ ելույթ կունենա Շուշիի «Վարանդա» երգչախմբի երիտասարդական կազմը՝ համապատասխան երգացանկով:
–Ինչպե՞ս ստեղծվեց «Վարանդա» երգչախումբը:
-«Վարանդա» երգչախումբը ստեղծել եմ Շուշիի ազատագրության տարին: Այդ ժամանակ ստեղծեցինք «Արամ Մանուկյան» վարժարանը, որի հիմնադիրներից եմ: Այդտեղ ունեինք մշակութային խմբեր, որոնցից մեկն էլ «Վարանդա» երգչախումբն է: Այդ օրից ի վեր ամեն տարի ես 2 ամիս նվիրում եմ երգչախմբին՝ պատրաստելով նոր համերգներ՝ նոր երգացանկով: Այս 29 տարիների ընթացքում ստեղծվել են 164 երգեր՝ երգչախմբի համար:
Երչախումբը համարվում է Բեյրութի համազգայինի իմ «Այգ» երիտասարդական և «Կարկաչ» մանկապատանեական երգչախմբերին, որոնց հետ միացյալ համերգներ ենք ունեցել Լիբանանում, Երևանում և Գյումրիում:
-Այժմ ի՞նչ վիճակում է «Վարանդա» երգչախումբը:
-«Վարանդա» երգչախմբից 30 հոգի են այստեղ, մնացածները, դժբախտաբար, Արցախում չեն: Մոտ 50 հոգի տակավին Երևան, Գորիս, Էջմիածին և Գյումրի քաղաքներում են հաստատված: Սակայն նրանք, ովքեր այստեղ էին, այդ հիմքի վրա հավաքվեցին Ստեփանակերտի տարբեր երաժշտական կամ արվեստի և հանրակրթական դպրոցից աշակերտներ՝ տրված հայտարարությունից հետո: Շուրջ 90 հոգանոց երգչախմբով մենք նախատեսում ենք մեր համերգը:
–Ինչպիսի՞ երգացանկով է հանդես գալու երգչախումբը:
–Երգացանկը ընտրել եմ երգչախմբի համար անցնող 29 տարիների ընթացքում գրված այն երգերից, որոնք հնչել են գուցե 15-20 տարի առաջ: Սա լավ առիթ է վերստին այդ երգերը հչեցնելու համար:
—Վերջերս հասարակական դաշտում շատ են քննարկումները և քննադատությունները Արցախում կազմակերպվող համերգների շուրջ: Ո՞րն է Ձեր տեսակետը այս հարցի շուրջ:
-Իմ կարծիքով բոլոր ձեռնարկները պետք է պատշաճ մակարդակի լինեն: Հիմա «տաշի-տուշի» համերգներ կազմակերպելու ժամանակը չէ: Համերգները պետք է ունենան բովանդակություն, որոնք համապատասխանում են այսօրվա մեր իրականությանը, որևհետև ամեն մի համերգ արտահայտությունն է այն կացության, որի մեջ ապրում է տվյալ ժողովուրդը: Խոսքն, իհարկե, արվեստի լուրջ համերգների մասին է, ոչ թե ռաբիզ:
Մեր համերգային ծրագրերը իրենց բովանդակությամբ համապատասխանում են մեր առօրյային, որոնք մեզ լիցքավորելու են ապրելու, արարելու ուժով և ի վերջո հաղթելու եռանդ ու հույս են տալու:
—Ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակից ելքն ու մեր ապագան:
— Շուշին ու Հադրութը վերստին ազատագրելու գաղափարախոսությունը շարունակում է Վանը, Մուշը, Սասունը ազատագրելու գաղափարախոսությանը: Եթե մենք հավատում ենք Միացյալ Հայաստանի գաղափարին և նվիրված ենք այդ գաղափարին, վաղ թե ուշ հասնելու ենք այդ նպատակին, իսկ նրանք, ովքեր չեն հավատում, արդեն կորցրել են այդ հողերը: