Տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը և համահայկական մարտահրավերները
1. Տարածաշրջանային աշխարհաքաղաքականության հիմնական միտումները
Աշխարհի քաղաքական քարտեզի վերաձևումը, ըստ էության, չդադարող գործընթաց է, բայց այդ երևույթը տեսանելի է դառնում, երբ տեղային (լոկալ) խմորումներն ակտիվանում են նվաճողական պատերազմների, նոր ժամանակներում՝ նաև գունավոր հեղափոխությունների տեսքով: Երկրորդը միայն առաջին հայացքից կարող է ներքին գործընթաց թվալ, իսկ իրականում այն նույնպես մեծ տերությունների կողմից քաղաքական ազդեցության ոլորտների վերաբաշխման անմիջական ցուցիչներից է: Ասվածի վառ օրինակներն են դեպի Արևմուտք ձգտող Ուկրաինան և Վրաստանը՝ իրենց «մայդանային» և «վարդերի» հեղափոխություններով, որոնք շուրջ մեկ տասնամյակ փորձում են ռուսական ազդեցության դաշտի ձգողականությունը հաղթահարել ՆԱՏՕին ինտեգրվելու ճանապարհով, սակայն դեռևս հեռու են դրանից: Ըստ ամենայնի, նման նպատակն է հետապնդում նաև 2018ին Հայաստանում իշխանափոխություն իրականացրած «քայլողների» խմբակը: Մեր «թավշյա հեղափոխություն» կոչվածը խորքում նույնպես գունավոր հեղափոխություն էր և հրահարվել ու ուղղորդվել է նույն քաղաքական կենտրոններից, ինչ որ ուկրաինականն ու վրացականը:
Այդպես եղել է միշտ՝ պետական կազմավորման ստեղծման շրջանից ի վեր, և, ըստ ամենայնի, այդպես լինելու է միշտ: Օրինակ, փոքրասիական տարածաշրջանում, որի բնիկ էթնոսներից ենք նաև մենք՝ հայերս, նշված գործընթացները սկիզբ են առել առնվազն մ.թ.ա. 54րդ հազարամյակներից (Ակկադական տերություն, Արատտա, Ասորեստան և այլն) և շարունակվում են մինչ օրս: Այդ շրջանից ի վեր տարածաշրջանի քաղաքական պատմությունը մի քանի, ընդհանուր առմամբ՝ երեքից հինգ հարյուր տարին մեկ թևակոխել է որակական ակտիվության նոր փուլ. փոխվել են գլխավոր դերակատարները (իմա՝ տարածաշրջանային աշխարհաքաղաքական կենտրոնները), փոխվել են աշխարհի քաղաքական քարտեզի վերաձևման եղանակները, բայց չի փոխվել դրանց բուն էությունը:
Մինչև ԽՍՀՄի փլուզումը, որը պաշտոնական ձևակերպում ստացավ Բելովեժյան պայմանագրով (1991 թ., դեկտ. 8), աշխարհի քաղաքական քարտեզի վերջին գլոբալ վերաձևումը տեղի էր ունեցել Երկրորդ աշխարհամարտից հետո՝ Պոտսդամի կոնֆերանսում (1945 թ., հուլ. 17 – օգոս. 2): Դրանից հետո աշխարհը, ըստ էության, շուրջ հիսուն տարի ապրեց երկբևեռ կառուցվածքով: Բևեռներից մեկը ձևավորվել էր ԽՍՀՄի շուրջ (սոցիալիստական ճամաբարի երկրներ), մյուսը՝ ԱՄՆի՝ ներառելով հիմնականում Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի երկրները: ԽՍՀՄի փլուզումից հետո աշխարհը միաբևեռ դարձնելու, այն է՝ իր առանցքի շուրջը վերակազմավորելու ԱՄՆի ձգտումը այսօր էլ ավելի հեռու է իրողություն դառնալուց: Ավելին, անցած երեք տասնամյակների ընթացքում բավականաչափ հզորացել է ոչ միայն Ռուսաստանի Դաշնության (ՌԴ)՝ որպես ԽՍՀՄի հիմնական իրավահաջորդի ռազմական ներուժը, և վերջինը տարբեր տարածաշրջաններում լուրջ հակազդեցություն է ցույց տալիս ԱՄՆի վերոհիշյալ նկրտումներին, այլև ձևավորվում է երրորդ բևեռը՝ ի դեմս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ): Իսկ ՉԺՀի քաղաքական և տնտեսական շահերը գոնե ներկա փուլում ավելի համադրելի են ՌԴի համապատասխան շահերի հետ, քան՝ ԱՄՆի: Բացի այդ, ԱՄՆը (այս դեպքում կարելի է ասել՝ առհասարակ Արևմուտքը) նշված համատեքստում գրեթե անհաղթահարելի դիմադրության է հանդիպում նաև տարածաշրջանային այլ խաղացողների, օր.՝ Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) կողմից և ժամանակ առ ժամանակ հարկադրված է լինում մեղմել իր կոշտ դիրքորոշումները: Իհարկե՝ որպես «միջանկյալ միջոց»: Ըստ էության, աշխարհի քաղաքական քարտեզի վերաձևման շրջանակներում էր նաև այսպես կոչված «արաբական գարուն» ծրագրի գործարկումը, որից Թուրքիան՝ իբրև ԱՄՆի ռազմավարական դաշնակից, փորձում է առավելագույն օգուտները քաղել՝ ծավալվելով դեպի Օսմանյան կայսրության երբեմնի սահմանները: Արաբական աշխարհում Թուքիայի հիմնական զոհերն են առայժմ Սիրիան և Իրաքը, որոնց տարածքներում շուրջ մեկ տասնամյակ չդադարող ռազմական գործողությունները վաղուց ավարտված կլինեին այդ երկրների պարտությամբ, ընդ որում՝ տարածքային զգալի կորուստներով, եթե չլիներ ՌԴի օգնությունը Սիրիայի Հանրապետությանը, ԻԻՀի աջակցությունը Իրաքին (ոչ բացահայտ), ինչպես նաև՝ վերջինիս տարածքում ԱՄՆի կողմից Թուրքիային հակակշռող դերը: Սակայն շատ ավելի վտանգավոր են Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները դեպի Արևելք, մասնավորապես՝ Միջին Ասիա, դեպի այսպես կոչված «թուրանական տափաստանները», որտեղից միջնադարում դուրս են եկել թյուրքական ցեղախմբերը և մորեխի նման իրենց ճանապարհին ոչնչացնելով ամեն ինչ՝ հասել մինչև Միջերկրականի ափերը, կործանել Բյուզանդական կայսրությունը (1453 թ.)՝ նրա տեղում հիմնելով իրենցը՝ Օսմանյանը: Ակնհայտ է, որ Թուրքիան, որպես շիրմա օգտագործելով Առաջավոր Ասիայի մի շարք ժողովուրդների (= երկրների) հետ ունեցած էթնիկական և կրոնական ընդհանրությունները, փորձում է դառնալ նոր աշխարհաքաղաքական կենտրոն՝ ԱՄՆի, ՌԴի և ՉԺՀի կողքին: Իհարկե, միամտություն կլինի կարծել, որ Արևելքի մահմեդական երկրների (օր.՝ Պակիստանի, Ղազախստանի, Ադրբեջանի) քաղաքական վերնախավերը չեն գիտակցում Թուրքիայի իրական նպատակները, բայց մեծ հաշվով վերջինի սկսած խաղը առայժմ և մոտ ապագայում փոխշահավետ է: Օր.՝ Ադրբեջանը 2020ի 44օրյա պատերազմում Թուրքիայի գործուն աջակցությամբ հաջողության հասնելով (մեր կարծիքով՝ ժամանակավոր) Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով հանգուցալուծելու իր նախաձեռնության մեջ՝ ոչ միայն վերադարձրեց առաջին պատերազմում (1990ականներ) կորցրած տարածքները, այլև նախկին ԼՂԻՄի որոշ մասեր և հաչս տարածաշրջանային տերությունների՝ մեծացրեց իր քաղաքական կշիռը, իսկ այժմ փորձում է հաղթողի դիրքերից խոսել հայկական երկու հանրապետությունների հետ: Մի բան, որը նախկինում՝ շուրջ 26 տարի, նրան չէր հաջողվում ոչ մի կերպ: Ղազախստանը ԵԱՏՄի և ՀԱՊԿի անդամ է, և թվում է՝ դրանով երաշխավորված է նրա և՛ տնտեսական, և՛ քաղաքական անվտանգությունը, բայց «Թյուրքալեզու պետությունների համագործակցությանը» Ղազախստանի անդամակցությունը ոչ միայն անվտանգության լրացուցիչ երաշխիքներ է պարունակում, մեծացնում նրա կշիռը թյուրքական ժողովուրդների աչքում, այլև ավելի ևս կարևորում նրա դերը նույն ՀԱՊԿի և ԵԱՏՄի շրջանակներում՝ ակնարկելով, որ վերջիններն իր քաղաքական և տնտեսական անվտանգության միակ երաշխավորները չեն: Ըստ այդմ՝ Ղազախստանն իրեն ավելի անկաշկանդ է զգում ՌԴի առանցքի շուրջը ձևավորված վերոհիշյալ երկու կառույցներում, ի տարբերություն, օրինակ, Բելառուսի, որի ղեկավարը Արևմուտքի «գրոհներին» դիմագրավելու այլ տարբերակ չունի, քան ՌԴի օգնությանն ապավինելը:
Թուրքիան իր նպատակները հետապնդում է՝ հմտորեն օգտվելով Արևմուտքի և ՌԴի միջև առկա հակամարտությունից՝ խուսանավելով այդ երկու բևեռների միջև: Թե որքան կշարունակվի այդ խաղը, դժվար է ասել, բայց, դատելով վերջին հարյուրամյակի պատմությունից, պիտի կարծել, որ ճիշտ պահին Թուրքիան կկողմնորոշվի՝ որ բևեռում հանգրվանել: Նա դա ցույց է տվել առնվազն երկու անգամ.
1) 1920ի ամռանը, երբ ի դեմս Քեմալ Աթաթուրքի՝ գործարքի մեջ մտավ բոլշևիկյան Ռուսաստանի հետ և վերջինի օգնությամբ ոչ միայն չեզոքացրեց Անտանտի երկրների՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից իր տարածքային մասնատման սպառնալիքը, առհասարակ դիմագրավեց նրանց ճնշումներին, այլև նպաստեց խորհրդայնացած Ադրբեջանի սահմանների ընդարձակմանը ի հաշիվ պատմական հայկական տարածքների.
2) 1946ին, երբ արևմտյան երկրների, մասնավորպես ԱՄՆի աջակցությամբ կանխեց խորհրդային զորքերի մուտքն իր տարածք՝ այդպիսով երկրորդ անգամ չեզոքացնելով մասնատման վտանգը:
Ակնհայտ է, որ այն բևեռը, որում վճռորոշ պահին կհանգրվանի Թուրքիան, չի լինի տարածաշրջանային իր երեքհարյուրամյա (սկսած Պետրոս Մեծի ժամանակներից, երբ Ռուսաստանը Թուրքիայից պոկեց Ղրիմը) հակառակորդի նախաձեռնած դաշինքը: ԱՄՆը փորձում է Թուրքիային՝ որպես ՆԱՏՕի իր դաշնակցի, օգտագործել ՌԴի դեմ, առհասարակ՝ արևելյան տարածաշրջանի գերտերությունների դեմ, այսինքն՝ նաև ԻԻՀի և ՉԺՀի, բայց Թուրքիան այդ խաղին տրվում է այնքանով, որքանով այն տեղավորվում է իր սեփական մտադրությունների ծիրում: Երբեմն նույնիսկ հակադրվում է (օր.՝ ռուսական Ս400 հակաօդային պաշտպանության համակարգերի գործարքը ՌԴի հետ, որը դեռևս շարունակվում է)՝ այդպիսով, ըստ ամենայնի, բարձրացնելով ԱՄՆի տարածաշրջանային դաշնակիցը մնալու իր գինը:
Մեծ պատերազմը, որի մասին հաճախ է խոսվում վերջին շրջանում, ըստ էության, ձեռնտու չէ հիմնական խաղացողներից և ոչ մեկին: Բացի այն, որ այդպիսի պատերազմը շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ բոլոր մասնակիցների համար, նախապես հնարավոր էլ չէ կանխատեսել, թե այն ինչպիսի ելք կունենա, որովհետև հնարավոր չէ կանխատեսել, թե, օրինակ, հակամարտող կողմերի ինչպիսի կազմ կլինի այդ պատերազմում: Այս առումով բացառություն է, թերևս, ԱՄՆը, որը, հեռու գտնվելով ռազմական գործողությունների հնարավոր օջախներից, ինչպես գործող հրաբուխներից, կարող է լինել այդպիսի պատերազմից միակ շահողը, երբ հակամարտող կողմերը բավականաչափ կթուլանան և իր համար հեշտ կլինի թելադրել բոլորին: Ենթադրելի մեծ պատերազմի դեպքում ԱՄՆը մեծ հաշվով կկիրառի նույն մարտավարությունը, ինչ և Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ մի քանի անգամ հետաձգեց նացիստական Գերմանիայի դեմ 2րդ ճակատի բացումը, և բացեց միայն այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ ԽՍՀՄը միայնակ կարող է վայելել հաղթողի դափնիները: Իհարկե, ասվածը չի նշանակում, թե հանուն այն բանի, որ պատերազմ չլինի, տարածաշրջանային տերությունները տեղի կտան Թուրքիայի բոլոր հավակնությունների առջև, որովհետև նրանք չեն կարող չհասկանալ, որ այդ դեպքում Թուրքիան իր նպատակներին կհասնի «խաղաղ» նվաճման (Վրաստան) կամ ոչ մեծ կոնֆլիկտներ հրահրելու ճանապարհով (Սիրիա, Իրաք), ինչպես որ վարվում է հատկապես վերջին տասը տարիներին: ՌԴը առայժմ նախընտրում է Թուրքիայի նկատմամբ վարել երկակի՝ մի ձեռքով՝ «համագործակցելու» (իրականում՝ ՆԱՏՕի և Թուրքիայի միջև բացված ճեղքը խորացնելու), մյուսով՝ նրան զսպելու մարտավարություն՝ փորձելով այդ ճանապարհով խուսափել մեծ բախումից կամ առնվազն այն հետաձգել իր համար ավելի նպաստավոր ժամանակների: Այդ խաղը հիշեցնում է անցում մազե կամրջով, բայց, հնարավոր է, որ աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում ՌԴի համար նախընտրելին է: Իհարկե, ոչ ՌԴը, ոչ էլ տարածաշրջանային մյուս տերությունները՝ ՉԺՀն և ԻԻՀը, չեն կարող չգիտակցել, որ այս պահի մարտավարությունը հեռանկարային տեսանկյունից գուցե և իրեն չարդարացնի, և Թուրքիայի հետ առճակատումը դառնա անխուսափելի, որովհետև վերջինի հեռահար նպատակները (այսպես կոչված՝ «պլան մաքսիմումը») վերջնասահման չունեն. դրանք ձգտում են այն եզրագծին, որին տվյալ պահին կհասնի իրենց հրանոթներից արձակված արկը (այժմ արդեն՝ բայրաքթարը): Նվազագույնը, որին, ըստ ամենայնի, փորձում է հասնել էրդողանյան Թուրքիան՝ որպես նոր տիպի սուլթանություն, Արևելքի գլխավոր խաղացողներից մեկը դառնալն է: Էրդողանի սուլթանական նկրտումների իրագործման ճանապարհին թյուրքական ժողովուրդները, ինչու ոչ՝ առհասարակ կրոնական եղբայրակիցները (այսինքն՝ նաև ոչ թյուրքական մահմեդական ժողովուրդները, օր.՝ պակիստանցիները) պարզապես գործիք են, իսկ նրանց տնտեսական հնարավորությունները՝ սեփական կարողականությունը բազմապատկելու միջոց, որովհետև Թուրքիան չի կարող չգիտակցել, որ մեծ հակամարտության դեպքում իր տնտեսական ռեսուրսները չեն բավարարի տարածաշրջանային գերտերություններից նույնիսկ մեկի, օր.՝ ՌԴի կամ ՉԺՀի հետ չափվելու համար:
Ենթադրվող մասշտաբների հակամարտության դեպքում ԱՄՆի ուղղակի ներգրավվածությունը հավանական չէ (այդ դեպքում անխուսափելի կդառնա Երրորդ համաշխարհայինը), բայց նա կարող է մասնակցել ռեսուրսների մատակարարումով կողմերից մեկին, ըստ ամենայնի՝ Թուրքիային, փորձելով իր ձեռքում պահել վերահսկիչ փաթեթը:
Հայկական երկու պետությունները սեպի պես խրված են Թուրքիայի կայսերական նկրտումների ճանապարհին:
2. Հայկական իրականությունը կամ «Հարատև կռիվ»
Ինչպիսի՞ն պիտի լինի մեր վարքագիծը նշված զարգացումների համատեքստում: Թերևս ոմանք կասեն՝ ի՞նչ վարքագծի մասին կարող է մտածել պատերազմում պարտված և այդ պարտությունից դեռևս ուշքի չեկած ժողովուրդը: Ժողովուրդը՝ միգուցե, բայց նրա քաղաքական առաջնորդները և մտավորականությունը այդպես մտածելու իրավունք չունեն, որովհետև այլընտրանքը կարող է լինել ինքնաոչնչացումը: Ավելին՝ պատերազմում պարտված կողմը, այսինքն՝ մենք, պարտավոր է ոչ միայն արագ մտածել, այլև՝ արագ գործել, որովհետև դանդաղելը ևս համարժեք է ինքնաոչնչացման: Դրա համար մեկ անգամ ևս պիտի արձանագրել որոշ իրողություններ, որոնց գիտակցումը եղել է նաև անցած երեսուն տարիների ընթացքում, բայց որոնք ավելի պարզորոշ մեր առջև ծառացել են հատկապես վերջին պատերազմին հաջորդող շրջանում: Այդպիսիք են.
Ա) Մենք պիտի ելնենք այն իրողությունից, որ Արցախի հիմնահարցը լուծված չէ: Այն կարող է լուծված համարել Ադրբեջանը, որովհետև նրա վիճակը այժմ շահեկան է: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ թշնամին մտադիր չէ բավարարվել ձեռքբերածով: Նա միշտ փորձելու է պոկել ավելին՝ ընդհուպ ՀՀին թուլացնելու այն աստիճան, որ վերջինը ոտքի կանգնելու և կրկին պայքարելու հնարավորություն չունենա երկար ժամանակ: Հետևաբար չարդարացված «լավատեսությամբ» տրամադրված շրջանակներից հատկապես ետպատերազմյան շրջանում կրկին հնչող տեսակետը, թե մեր անհաջողությունների պատճառը իբրև թե մեր իսկ «առավելապաշտությունն» է, հետևաբար՝ անիրատեսությունը, հակասում է առկա իրողություններին: Որքան էլ լուրջ չընդունենք Ի. Ալիևի պարբերաբար կրկնվող ծավալապաշտական նկրտումները, թե «Զանգեզուրը, Սևանը, Էրիվանը պատմական ադրբեջանական հողեր են» (այլ հարց է, թե ինչպես կարող է քոչվորը ինչոր տեղ «պատմական հողեր» ունենալ), իրենք՝ ադրբեջանցիները, գնալով լուրջ են ընդունում հաճախ կրկնվող պատմագիտական այդ կեղծիքը: Ավելին, ինչպես ցույց տվեցին վերջին ամիսների ներհայաստանյան զարգացումները, այդ խայծը կուլ է տվել նաև «հայի տականքը», որին բնորոշ է անհայրենիք՝ ստամոքսային մտածողությունը:
Բ) Ռազմավարական դաշնակցի մասին մեր հանրային պատկերացումներն իրատեսական չեն, որովհետև դրանք չեն տեղավորվում առհասարակ դաշնակցի մասին քաղաքագիտական պատկերացումների տրամաբանության մեջ: Հետևաբար մենք չունենք «ռազմավարական դաշնակից» ըստ մեր հանրային ըմբռնման: Ավելին՝ առհասարակ չեն լինում այդպիսի դաշնակցային հարաբերություններ: 44օրյա պատերազմը ևս փաստեց, որ, անկախ տարբեր հանգամանքներից, ՀՀ ռազմավարական դաշնակիցը եղել և մնում է ՌԴը, իսկ մեր բնական դաշնակիցներն են Իրանը և Չինաստանը: Դա այդպես է առաջին հերթին այն պատճառով, որ նշված բոլոր երկրները խնդիրներ ունեն մեր դարավոր թշնամու՝ Թուրքիայի հետ. վերջինի ծավալապաշտական նկրտումները հակադրվում են նրանց պետական շահերին: Բայց այդ երկրները տարբեր կարգի խնդիրներ ունեն նաև Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆի հետ, որի հետ մենք առնվազն այդպիսի խնդիրներ չունենք: Եվրոպական տերություններից Ֆրանսիան մեզ բարեկամ պետություն է: Նույնը հնարավոր չէ ասել, օր., Մեծ Բրիտանիայի մասին, որը աշխարհաքաղաքական գործընթացներում դեռևս շարունակում է դրսևորել գորշ կարդինալի իր երբեմնի վարքագիծը:
Անգլիական կապիտալը այնքան է սերտաճել թյուրքական պետությունների, այդ թվում՝ ադրբեջանական կապիտալի հետ, որ միամտություն կլինի նրանից հայանպաստ դիրքորոշում ակնկալել նույնիսկ խոսքային մակարդակում: Չմոռանանք, որ Մեծ Բրիտանիան եվրոպական միակ տերությունն է, որը դեռևս չի ճանաչել հայկական ցեղասպանությունը և ՄԱԿի Անվտանգության Խորհուրդի անդամ միակ երկիրն է, որը 44օրյա պատերազմի ընթացքում վետո դրեց Ադրբեջանի վարքագիծը քննելու առաջարկության վրա: Այդ իմաստով մեր տարածաշրջանում բրիտանական քաղաքականությունը կրկնում է ուղիղ հարյուր տարի առաջվա իր վարքագիծը: 1918 թ. դեկտեմբերի սկբներին Բաքվում դաշնակիցների զորքերի՝ ազգությամբ բրիտանացի հրամանատար գեներալմայոր Թոմսոնը Անդրանիկի զորամասին արգելեց մտնել Շուշի, երբ Ղարաբաղի հայության օգնության կանչով նա արդեն բերդաքաղաքի մատույցների մոտ էր, որովհետև բրիտանացիները հասցրել էին գայթակղվել Բաքվի նավթը տնօրինելու հեռանկարից:
Գերմանիայի Դաշնության մասին «բարեկամ» բառը կարելի է գործածել մեծ վերապահումով: Մենք չենք կարող մոռանալ, սակայն, որ ինչպես արցախյան առաջին, այնպես էլ երկրորդ՝ 44օրյա պատերազմում ՌԴից ենք ստացել կենսականորեն անհրաժեշտ աջակցությունը:
Դաշնակցային հարաբերությունները ենթադրում են փոխադարձություն, բայց արդյո՞ք «քայլողների» վարչախումբը բավարար չափով անկեղծ է եղել մեր դաշնակից երկրների հետ: Դրա վկայությունները չունենք: Հետևաբար վերջին պատերազմում մեծ հաշվով մենք հնձեցինք այն, ինչ ցանել էին «քայլողները»: Սկզբունքորեն հարցի էությունը չի փոխվում նույնիսկ այսպես կոչված «Լավրովյան պլանի» առկայության պայմաններում: Դաշնակիցների հետ հարաբերություններում «քայլողների» վարքագիծը հնարավոր չէ բնորոշել այլ կերպ, քան՝ երկդիմի, որը քաղաքական տգիտության դրսևորում է, եթե չասենք՝ դավաճանություն ազգային շահերի դեմ, անկախ այն բանից, այդ վարքագիծը պետության արտաքին քաղաքական կուրսի վեկտորների քողարկված փոփոխության արդյունք է, թե՝ պարզապես անգրագիտության: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանին անդրկովկասյան տարածաշրջանը անհրաժեշտ է ամբողջությամբ կամ առնվազն պետք է, որ Վրաստանն ու Ադրբեջանը վերջնականապես անցում չկատարեն հակառակորդ ճամբար՝ ՆԱՏՕ: Հասկանալի է, որ ՌԴի կողմից կարող են լինել Ադրբեջանին մեր ազգայինպետական շահի, առաջին հերթին՝ Արցախի հաշվին գոհացնելու փորձեր: Հասկանալի է նաև, որ մեծ հաշվով ՌԴի համար էական չէ՝ այս կամ այն տարածքը կլինի ՀՀի կազմում, ԱՀի կազմում, թե Ադրբեջանի, կարևորը՝ որ ինքը գոնե մասամբ գոհացնի բոլոր կողմերին էլ (ամեն մեկին յուրովի) և առանց լուրջ խնդիրների, տարածաշրջանը պահի իր հակակշռի տակ: Սակայն դա դեռևս չի նշանակում, որ մենք էլ պիտի ունենանք ավանդական հայկական հարսի պահվածք, ինչպիսին որ այսօր է (իհարկե՝ առերևույթ, որովհետև, ինչպես նշեցինք, «քայլողները» երկդիմի խաղի մեջ են): ՌԴն առաջ է մղում իր քաղաքական օրակարգը, մենք էլ պիտի հնարավորինս առաջ մղենք մեր ազգայինպետական շահից բխող օրակարգը: Մենք հետևողականորեն և հնարավոր բոլոր միջոցներով պիտի հետապնդենք մեր ազգայինպետական շահը, եթե նույնիսկ այն ոչ միշտ է համադրվում մեր ռազմավարական դաշնակցի տարածաշրջանային հետաքրքրությունների հետ: Այդ առումով կարող է ուսանելի լինել հենց մեր թշնամու՝ Ադրբեջանի գործելաոճը, որը, ի դեպ, ՌԴի «ռազմավարական դաշնակիցը» չի համարվում: Վաղուց է նկատվել, որ մեր ազգային շահերից բխող վարքագիծ չի կարող դրսևորել կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած իշխանությունը և չի էլ դրսևորում:
Հետևաբար պետք են իշխանություններ, որոնց քաղաքական փորձառությունը, ազգային շահերի խորքային գիտակցումը և միջպետական հարաբերություններում դրանք առաջ տանելու հաստատակամությունը կասկածներ չեն հարուցի: Այլևս աքսիոմատիկ ճշմարտություն է, որ «քայլողների» վարչախումբն ի վիճակի չէ այդպիսի կեցվածք դրսևորել, բայց նաև ակնհայտ է, որ պողոսը, որը իբրև թե «պողպատե մանդատով» է օժտել «քայլողներին», ունակ չէ ընկալելու այդ աքսիոմատիկ ճշմարտությունը: Պողոսը մնացել է «ներկանախկին» հանկերգի վրա, նա ունակ է ընկալելու միայն տվյալ պահի իր նեղ մասնավոր շահը: Պողոսը չունի Հայրենիքի և Պետականության խորքային ընկալում: Ընդ որում, խոսքը միայն հայաստանցի պողոսի մասին չէ, այլև համահայկական պողոսների: Հետևաբար, ազգային խնդիրների լուծման ճանապարհին պողոսն ընդհանրապես դաշնակից չէ: Ավելի հավանական է հակառակը, ինչպես հունիսի 20ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Պողոսը շարունակում է մնալ իրեն «երեք միլիոն վարչապետներից մեկը» զգալու թմբիրի մեջ: Նրան թվում է, թե քաղաքական ընդդիմությունը բարձրագոչ կարգախոսների քողի տակ փորձում է խլել իր՝ իրականում չունեցած իշխանությունը:
Գ) Առանց ազգային նկարագրով, փորձառու, ինտելեկտուալ, պետական արժեքների խոր ըմբռնումով իշխանությունների, մենք ոչ միայն չենք կարող հաջողություններ ունենալ որևէ բնագավառում, այլև մեծ է վտանգը, որ հերթական անգամ կարող ենք կորցնել պետականությունը: Ակնհայտ է նաև, որ պողոսների «պողպատե մանդատով» օժտված «քայլողների» վարչախումբը, չսպասելով նույնիսկ նոր կառավարության ձևավորմանը, ետընտրական շրջանում նախահարձակ է լինում, որպեսզի քաղաքական ընդդիմությանը հարկադրի նահանջել և հաշտվել իր պարադոքսալ գոյության հետ: Նույնքան ակնհայտ է, սակայն, որ առկա իրավիճակի հետ հաշտվելը համազոր է այս անհայրենիք վարչախմբի մեկ այլ տեսակի վերածվելուն, այսինքն՝ դավաճանի: Ուստի, անկախ հունիսյան արտահերթ ընտրություններում ԿԸՀի արձանգրած և ՍԴի վավերացրած արդյունքներից, ազգայինպետական շահի հրամայականն է՝ «կառավարական օթյակներից» օտարել «քայլողների» վարչախմուբը:
Դ) Ազգայինպետական շահը գերակա է ամեն ինչի նկատմամբ: Այդ գիտակցումը, սակայն, չունեն հատկապես նրանք, որոնք ի պաշտոնե պարտավոր էին այդպիսի բարձր գիտակցական վարքագիծ դրսևորել:
Խոսքս վերաբերում է և՛ իշխանական բուրգի գագաթնամերձ պաշտոնյաներին, որոնց ճնշող մեծամասնությունը անցած ութ ամիսների ընթացքում ապացուցեց, որ չունի Հայրենիքի և Պետականության տարրական ըմբռնում, և՛ հատկապես Սահմանադրական դատարանին, որը պարզապես գործեց պիղատոսաբար (իհարկե, պարզ է, որ ՍԴի բոլոր անդամները չեն ունեցել նույն դիրքորոշումը, բայց ինչպես օրենքի, այնպես էլ դրսից դիտողի տեսանկյունից ՍԴն միասնական մարմին է): Իհարկե, թե՛ առաջին, թե՛ երկրորդ կարգի պաշտոնյաների նմանօրինակ վարքագիծը նորություն չէ: Պետական չինովնիկը, մասնավորապես՝ բարձրաստիճան չինովնիկը այդպիսին է եղել բոլոր վարչակազմերի ժամանակ: Բայց կա մի էական տարբերություն. նույնը չեն ժամանակները: Անցած երեսուն տարիների ընթացքում մենք չենք ունեցել հասարակության պառակտվածության և պետականության վտանգվածության այնպիսի բարձր աստիճան, ինչպիսին որ առկա է նիկոլական Հայաստանում: Եվ որ ավելի վտանգավոր է՝ ետպատերազմյան նիկոլական Հայաստանում: Իրավասու բարձրաստիճան պաշտոնյաներից և հատկապես ՍԴի անդամներից ակնկալվում էր սեփական «ես»ից վեր կանգնելու, իրենք իրենցից հասուն լինելու գիտակցականություն, բայց նրանք այդ առումով ոչնչով չտարբերվեցին շարքային պողոսից: Մատների վրա կարելի է հաշվել նշված բարձր չափանիշով քննություն բռնած պաշտոնյաներին:
Ե) Իրավիճակը պահանջում է համազգային ներուժի առավելագույն համախմբում: Բայց ինչի՞ կամ ո՞ւմ շուրջ համախմբվեն ազգային ուժերը: Մի իշխանությա՞ն, որը մեզ պատուհասած աղետի գլխավոր մեղավորն է, բայց չունի իր մեղքի գիտակցումը: Մի իշխանությա՞ն, որի ոչ միայն պատերազմական, այլև ետպատերազմյան շրջանի վարքագիծը ուղղակի հակապետական է: Պետական բարձրաստիճան չինովնիկների ճնշող մեծամասնության վարքագիծը ուղղակի նողկալի է: Դա ոչ միայն պետական ապարատի բարոյալքման բարձր աստիճանի ցուցիչ է, այլև, որ ավելի վտանգավոր է, հասարակական գիտակցության խոր անկման ցուցիչ:
Այս պայմաններում ո՞վ է ազգայինպետական շահի իրական կրողը, ո՞ւմ հետ պիտի դաշնակցել պետականության նավը վերջնական կործանումից փրկելու համար: Կարծում ենք՝ այդ հարցերի պատասխանները փնտրելիս ուղենշային պիտի լինեն երկու սկզբունք.
1) երբ վտանգված է ազգայինպետական շահը, այն պաշտպանելու ճանապարհին ընդունելի կարող են լինել բոլոր մեթոդները,
2) հայկական պետականության վերելքը կարող է լինել միայն Արցախի հետ միասին:
Չնայած վերը ներկայացված զգալիորեն խճողված իրականությանը, որն առանձնապես լավատեսության նախադրյալներ չի պարունակում, ելքը մեկն է՝ համազգային առողջ ներուժի համախմբումը:
Իրատեսական չէ մտածել, թե առնվազն կարճաժամկետ հեռանկարում պողոսն ու պիղատոսը կգիտակցեն իրենց վարքագծի կործանարարությունը պետականության համար: Իսկ հանուն այդ համախմբումն իրողություն դարձնելու մեզ անհրաժեշտ է պայքար քրիստափորյան ըմբռնումով, այն է՝ «Հարատև կռիվ», որպեսզի «պողպատե մանդատով» հրապուրվածները ի վերջո գիտակցեն՝ քանի դեռ չկա անկեղծ նվիրում ազգային արժեքներին և չկա դրանք կենսագործելու պողպատե կամք, չի օգնի որևէ մանդատ: Այդ ճանապարհին ազգային իշխանությունների առաջին քայլերից մեկը պիտի լինի մեր բնական դաշնակիցների հետ հարաբերությունները վստահության նոր մակարդակի բարձրացնելը:
Վարդան Պետրոսյան
ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ