Շուշիի Կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակի քանդակները տեղահանվել են
Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ապրիլի 10 -ից հունիսի 5 -ն ընկած ժամանակահատվածում Շուշիի կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակի 51 քանդակ հանվել է, և տարածքն ամբողջությամբ մաքրվել է: Ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) միջազգային կազմակերպությունը: Կազմակերպությունն իր մտահոգված է այս արվեստի գործերի վիճակով, որոնք այդ թանգարանի սեփականությունն են:
Կազմակերպությունը հարցադրումներ է ուղղում ադրբեջանական իշխանությանը. արդյոք քանդակների հեղինակները ներգրավված են եղե՞լ դրանց տեղահանման ժամանակ: Արդյոք քանդակների տեղափոխումը համահո՞ւնչ է Չեփման Թեյլորի նոր գլխավոր հատակագծին: Եվ ի վերջո ադրբեջանաակն իշխանությունները պետք է բացահայտեն առգրավված քանդակների գտնվելու վայրը և տեղեկացնեն, թե դրանք ինչպես են հասանելի լինելու հանրությանը:
Նշենք,որ Քանդակների պուրակում տեղ են գտել հայ և օտարազգի հեղինակավոր քանդակագործների աշխատանքները, որոնք ստեղծցել են Շուշիի Քանդակի միջազգային սիմպոզիում
ների ժամանակ: Քանդակի առաջին սիմպոզիումը կազմակերպվել է դեռևս 2011 թվականին՝ նվիրված Հակոբ Գյուրջյանի ծննդյան 130-ամյակին: Սիմպոզիումի նախագահն էր Ֆլորենցիա քաղաքում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսը: Արցախյան քանդակի առաջին միջազգային սիմպոզիումին մասնակցել են Ֆլորենցիայի եւ Հռոմի գեղարվեստի ակադեմիան ներկայացնող մեկուկես տասնյակ իտալացի քանդակագործ:
Տարիներ շարունակ Շուշիիում հազարավոր քանդակագործներ,մասնակցելով ամենամյա Քանդակների սիմպոզիումին, ստեղծել են արվեստի գործեր և դրանք նվիրել Արցախին ու հայ ժողովրդին: Այդ օրերին Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանի հարակից պուրակում, աշխարհի մի քանի խոշոր պետությունների դրոշներ են։ Պուրակի մի քանի անկյուններում երիտասարդ ու փորձառու քանդակագործներ են՝ յուրաքանչյուրը քարի մի հսկայական կտորի առաջ կքած չափչփում, գծագրում ու կերտում է։ Արդեն 2014թվականին «Ապագա սերունդների հիմնադրամի» նախագահ Գրիգորի Գաբրիելյանցը, ով սիմպոզիումի կազմակերպման աջակիցներից է, միջոցառման մասնակիցներին է ներկայացրել «Քանդակների պուրակի» նախագիծը: Նա հայտնել է, որ Կերպարվեստի պետական թանգարանի հարակից տարածքում կկառուցվի պուրակ, որտեղ և կտեղադրվեն սիմպոզիումի շրջանակներում ստեղծվող քանդակները:
2019 թվականի հուլիսի 19-ին Շուշիում, կերպարվեստի թանգարանին մերձ տարածքում տեղի ունեցավ Քանդակների պուրակի հանդիսավոր բացումը: 37 քանդակագործ աշխարհի տարբեր երկրներից՝ Իտալիայից, Բելգիայից, Եգիպտոսից, Ռուսաստանի Դաշնությունից, Հնդկաստանից, Չինաստանից, Լեհաստանից, Սերբիայից, ԱՄՆ-ից, Խորվաթիայից, Ճապոնիայից, Հայաստանից և Արցախից, մասնակցել է քանդակագործների միջազգային 5 սիմպոզիումներին, ստեղծել են քանդակներ և թվով 62 աշխատանք նվիրել Շուշիին, Արցախին։ Սիմպոզիումները, որոնք կայացել են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության, Շուշիի շրջվարչակազմի, «Ապագա սերունդներ» հիմնադրամի և այլ կառույցների օժանդակությամբ, կրում էին անվանի շուշեցի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի անունը։
ԱՀ նախագահի խորհրդական, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցը, ում նախաձեռնությամբ ստեղծվել է պուրակը, երախտագիտություն է հայտնել քանդակագործներին, որ եկել, մասնակցել են սիմպոզիումներին, ստեղծել են արվեստի գործեր, որոնք այսօր զարդարում են Շուշի քաղաքի այս տեղանքը։
yerkirmedia.am