Արցախում ավարտվել են ՀՅԴ պատանեկան հերթական ճամբարները
Գլխավոր » Գաղափարական » Արցախում ավարտվել են ՀՅԴ պատանեկան հերթական ճամբարները

Արցախում ավարտվել են ՀՅԴ պատանեկան հերթական ճամբարները

Այսօր՝ օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը Ստեփանակերտում և Ասկերանում տեղի է ունեցել արդեն 10 օր ընթացող ՀՅԴ պատանեկան ճամբարների փակման հանդիսավոր արարողությունը:

ՀՅԴ պատանեկան ճամբարները, որոնցում ընդգրկված են ավելի քան 280 պատանիներ Ասկերանում և Ստեփանակերտում՝ մեկնարկել են օգոստոսի 2-ին: Ճամբարներն իրականացվում են ՀՅԴ Արցախի երիտասարդական միության, և ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի համագործակցությամբ՝ ներգրավելով ՀՅԴ երիտմիությունների ներուժը:

Ասկերանում ՀՅԴ պատանեկան ճամբարի փակման արարողությանը ներկա էին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը, ՀՅԴ Ասկերանի կոմիտեի ներկայացուցիչ Ալյոշա Գաբրիելյանը, Շրջվարչակազմի ղեկավար Արմեն Ղահրամանյանը, ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորի նախագահ Աշոտ Աղաջանյանը, շրջվարչակազմի պատասխանատու աշխատողներ, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ, ծնողներ:

Ստեփանակերտի ՀՅԴ պատանեկան ճամբարի փակման արարողությանը ներկա էին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ Արա Պուլուզյանն ու Ալյոնա Դադամյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարարության արտադպրողական ծրագրերի բաժնի պետ Արմեն Պետրոսյանը, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ, ծնողներ:

Փակման արարողության միջոցառումը մեկնարկվեց ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամ Տիրուհի Գասպարյանի ելույթով:

«Սիրելի՛ ներկաներ, ուրախ ենք բոլորիդ տեսնելու «Երկիր ծրագիր» ՀՅԴ պատանեկան ճամբարի փակման արարողությանը:
Ավելի քան 280 պատանիների հնարավորություն է ընձեռնվել մասնակցելու ՀՅԴ երիտմիությունների կողմից նախաձեռնված Արցախում լավագույն պատանեկան ճամբարին: Ճամբարի ընթացքում ճամբարականները զինվեցին գիտելիքներով, հմտացան ազգային երգ ու պարի ոոլորտում, ամենօրյա օգտակար դասախոսություններով և հաճելի ժամանցային խաղերով մեկ թիմ դարձած պատանիները հագեցած ժամանակ անցկացրեցին»,-ասաց Տիրուհի Գասպարյանը:

Այդ առիթով նա շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի կազմակերպվեն այդ ճամբարները, որի ընթացքում պատանիները իրենց հանգիստը կարողացան օգտակար ու արդյունավետ վայելել:

Այս տարվա ընթացքում ՀՅԴ-ն կազմակերպել է 7 ճամբար, որոնք ունեին 2 ուղղվածություն՝ հայեցի դասիարակություն և կարգապահություն և ժամանցային ծրագրեր: Այս մասին ելույթի իր խոսքում նշեց ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, Արցախում պատանեկան ճամբարերի համակարգող Ալյոնա Դադամյանը:

«Հարգելի հյուրեր, ընկերներ և շատ սիրելի պատանիներ, ավարտին է մոտենում ՀՅԴ 2021թվականի համար նախատեսված ճամբարների ծրագիրը: Թե որքանով ենք կարողացել իրականացնել մեր առջև դրված խնդիրները  այսօր գնահատակն տվողը դուք եք լինելու: Շատ հաճելի է աշխատել պատանիների հետ, որովհետև ինչպիսի մոտեցում ցուցաբերում ենք եկող սերնդին, այդպիսի արդյունք էլ ստանում ենք, ինչպիսի նվիրումով մոտենանք պատանիներին, այնպիսի ապագա էլ ունենալու ենք»,-նշեց Ալյոնա Դադամյանը:

Նա Շնորակալություն հայտնել բոլոր այն կառույցներին, որոնք համագործակցեցին ճամբարների կազմակերպման հարցում՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարությանը, Ստեփանակերտի քաղաքապետարանին:

«Վստահ եմ, որ այս համագործակցությունը շարունակական է լինելու, քանի որ բոլորիս նպատակը մեկն է՝ մատաղ սերնդի դաստիարակությունը»,- եզրափակել է Ալյոնա Դադամյանը:

Խոսք ասաց նաև ԱՀ ԿԳՄՍ նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի պետ Արմեն Պետրոսյանը:

Նա շնորհակալություն հայտնեց ՀՅԴ Արցախի երիտասարդական միությանն ու սփյուռքի ՀՅԴ երիտմիություններին՝ նման ճամբարներ կազմակերպելու համար: «Նմանատիպ ճամբար իրականացվում է նաև Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան դպրոցում, որից մեծ բավականություն ենք ստացել:

Արմեն Պետրոսյանը  ԱՀ ԿԳՄՍ նախարարի անունից երախտագիտություն հայտնեց ճամբարի կազմակերպիչներին և աջակիցներին:

Անդրադառնալով մասնակից պատանիներին Արմեն Պետրոսյանը  նշեց.

«Սիրելի պատանիներ, միշտ մնացեք ձեր շապիկներին գրված խոսքերին հավատարիմ: Գարեգին Նժդեհը մեզ տվել է ապրելու բանաձևը՝ «Արիացիր և արիացրու»: Քանի որ մենք այնպիսի աշխարհում ենք ապրում, որտեղ ուժն է ծնում իրավունք, ապա մենք թույլ տեսակ չպետք է լինենք. պետք է արիանանք և արիացնենք մեր կողքիններին, որպեսզի մեր դիմաց բացվեն բոլոր դռները»:

Ելույթներից հետո պատանիները հանդիսատեսների համար պատրաստել էին բեմական ներկայացում, որի ընթացքում ներկայացրել են ճամբարի ընթացքում իրենց սովորած ազգային երգերն ու պարերը, նաև  արտասանել մեջբերումներ Գարեգին Նժդեհի  «Հիշի՛ր պատերազմը» գրքից:


ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշեց, որ ՀՅԴ-ն Արցախում այն եզակի կառույցն է , որն ամեն տարի կազմակերպում է Արցախում ամենախոշոր պատանեկան ճամբարները:

«ՀՅԴ պատանեկան ճամբարներն Արցախում ամենամյա բնույթ են կրում: Ճիշտ է, նախորդ տարի համաճարակով պայմանավորված հնարավոր չեղավ կազմակերպել ճամբարներ, սակայն այս տարի, հատկապես պատերազմից հետո, մեզ համար սկզբունքային էր Արցախում կազմակերպել ճամբարները»,-ասաց Վահագն Խաչատրյանը:

Նա իր խոսքում ընդգծեց, որ ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը հավատարիմ է մնում իր որդեգրած սկզբունքին՝ այն է հետպատերազմյան շրջանում նեցուկ լինել Արցախի պատանիներին:

Վահագն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներին, ովքեր այս օրերին աշխատում էին պատանիների հետ, սփյուռքի երիտմիությունների անդամներին, ովքեր աջակցեցին այս ճամբարների իրագործմանը:

1