Ներկայիս կառավարման մոդելը կենսունակ չէ, Ինչը ցույց տվեց 44-օրյա պատերազմը. Արցախի Արդարություն կուսակցություն
«Արցախում ստեղծվել է շատ փխրուն իրավիճակ, երբ պետական համակարգի կենսունակությունը կախման մեջ է հայտնվել մեկ մարդուց՝ Արցախի նախագահից: Նման պարագայում միշտ էլ գտնվելու են քաղաքական շրջանակներ, դրսի ուժեր, որոնք աշխատելու են այդ իրավիճակն իրենց շահի օգտին շրջելու ուղղությամբ»,- ասված է Արցախի Արդարություն կուսակցությունը հայտարարության մեջ:
«Ակնհայտ է, որ այսօրվա բարդ և դժվարին իրավիճակում, թե արտաքին սպառնալիքները չեզոքացնելու և թե մեր երկրի խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է ուժերի համախմբում։ Միասնականությունը, ինչի մասին այսօր շատ է խոսվում նաև Արցախի իշխանությունների կողմից, իրոք օրվա հրամայականն է։ Սակայն միասնությունը լոկ գեղեցիկ խոսքերով կամ կարգախոսներով չէ` անհրաժեշտ են կոնկրետ քայլեր։
Մեր առաջարկությունները.
1. Ինքնիշխանությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնուրույն որոշումներ կայացնելու և գործադրելու ունակություն։ Եթե մենք ինքնակամ հրաժարվում ենք ընտրություններ անցկացնելու որոշումից, մենք հրաժարվում ենք մեր ինքնիշխանությունից: Հետևաբար անհրաժեշտ է արագ հայտարարել ՏԻՄ ընտրությունների անցկացման մասին և հնարավորինս շուտ անցկացնել այն, պատրաստ լինելով դիմագրավելու արտաքին խոչընդոտներին:
2. Նախագահական-խորհրդարանական (կիսանախագահական) կառավարման մոդելն ապացուցել է քաղաքական ճգնաժամեր հաղթահարելու և պատերազմական վիճակում արդյունավետ կառավարելու կարողությունը։ Ներկայիս կառավարման մոդելը կենսունակ չէ, Ինչը ցույց տվեց 44-օրյա պատերազմը, դրան հաջորդող խոր քաղաքական ճգնաժամը: Այս կառավարման համակարգն ի վիճակի չէ լուծել պետության առջև ծառացած խնդիրները և հղի է կառավարման ճգնաժամով, ինչը կարող է կործանարար լինել պետության համար: Հետևաբար, անհրաժեշտ է սկսել սահմանադրական փոփոխությունների գործընթաց, որի առաջնային խնդիրը պետք է դառնա կիսանախագահական (նախագահական-խորհրդարանական) կառավարման մոդելին շուտափույթ անցումը, ինչը կապահովի քաղաքական կայունությունը, անվտանգությունը և քաղաքական ու տնտեսական համակարգի բարեփոխման ներուժը։
3. Նոր Սահմանադրությամբ, հաջորդ մեկ տարվա ընթացքում, նախատեսված կարգով պետք է անցկացնել Ազգային ժողովի, այնուհետև Հանրապետության նախագահի ընտրություններ:
Վերոնոշյալ առաջարկությունները կոչված են ներքաղաքական և արտաքին քաղաքական կոնյուկտուրայից անկախ ամրապնդելու Արցախի Հանրապետության պետականությունը և հաղթահարելու հետպատերազմյան դժվարությունները: Դրանց իրագործման համար պահանջվում է քաղաքական կամք և իրավիճակի գլոբալ գնահատում և, նույնիսկ Հայաստան-Արցախ փոխհարաբերությունների կանխամտածված վերակազմակերպում՝ պահանջված դերբաշխմամբ»: