Արցախցի համաճարակաբանը կոչ է անում բնակչությանը պատվաստվել կորոնավիրուսի դեմ
-Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը տալիս է հակամարմինների լայն տեսակներ, ու եթե մուտացիայի ենթարկված վիրուսը ներթափանցի մարդու մարմին, հակամարմինները հիշողության բջիջների շնորհիվ պաշտպանելու են նրան: Դրա համար կոչ եմ անում բազում դժվարություններ տեսած բնակչությանը պատվաստվել, որ գոնե այս ասպարեզում հանգիստ լինենք: — Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի համաճարակաբան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Զոյա Մաղաքելյանը:
Տարբեր բժշկական հաստատություններում երկար տարիների աշխատանքային փորձ կուտակած համաճարակաբանն իր գործունեության ընթացքում առաջին անգամ է նման չափերի հասնող համաճարակի հետ առնչվում, չնայած կորոնավիրուսը նոր չի առաջացել: «Դրա ներկայացուցիչները հարյուրավոր տարիներ ի վեր գոյություն ունեն: «COVID-19»-ը ՌՆԹ պարունակող վիրուս է, և ամեն մարդ լույս աշխարհ գալով՝ օդի հետ միասին կորոնավիրուսի հետ շփում ունի: Սակայն վիրուսն այլ հետաքրքրիր և բարդ օրինաչափություններ ունի, որոնք բոլոր վարակվածներն ունենում են: Մի մասի մոտ դա արտահայտվում է մկանների, ոսկրային ցավերով, մյուսների մոտ՝ հոտի և համի զգացողության կորստով, երրորդը սովորական մրսածության նման է տանում: Կորոնավիրուսով հիվանդացածների 80%-ը թեթև է տանում հիվանդությունը, բնակչության միայն 5%-ի մոտ է այն բարդ արտահայտություն ստանում»,- ասում է մասնագետը:
«Վիրուսը այլ ֆիզիկական, քիմիական, կենսաբանական նյութերի հետ շփման արդյունքում տալիս է մուտացիաներ, որի հետևանքով կորոնավիրուսի նոր տեսակներ են առաջանում: Բժիշկ համաճարակաբանը խորհուրդ է տալիս բնակչությանը պատվասվել Covid-19-ի դեմ՝ հիվանդության կանխարգելման նպատակով: Պատվաստման ենթակա են 18-ից բարձր տարիքի անձինք: Կատարվում է նաև ուսումնասիրություն հղիների, կրծքով կերակրողների, քաղցկեղով հիվանդների պատվաստման հնարավորությունների համար»,- նշել է Զոյա Մաղաքելյանը:
«Պատվաստումներն իրականացվում են կամավոր հիմունքներով: Մարդն ինքը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է թեթև տանել նոր ինֆենկցիան, նոր մուտացիները, որոնք կան ու կլինեն: Մենք ունենք նաև ռիսկային խմբեր: Առաջին խմբի մեջ մտնում են սոցիալական հիմնարկներում գտնվող անձինք՝ մանկատուն, ծերանոց և նրանց սպասարկողները, բուժաշխատողները: Վերջիններիս համար էլ է ոչ պարտադիր: Բայց առաջինը մեր ավագ բժիշկներն են պատվաստվել, որովհետև նրանք հասկանում են, որ պատվաստանյութը կօգնի ծանր չտանել հիվանդությունը»,- նշում է բժիշկը:
Իսկ պատվաստվելու համար անհրաժեշտ է դիմել ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունք, «Արևիկ» բուժմիավորում կամ շրջանային բուժմիավորումներ: «Բժիշկները, դիմողի առողջական վիճակը ստուգելուց եթե հակացուցումներ չեն հայտաբերում, թույլատրում են պատվաստել: Քաղաքացին լրացնում է հատուկ հարցաթերթիկը, իսկ պատվաստումից հետո ստանում է հատուկ թուղթ, որտեղ գրանցվում են պատվաստանյութի տեսակը, պատվաստման օրը և հաջորդ պատվաստման օրը: Եթե անձը ինչ-ինչ պատճառներով չի կարողացել երկրորդ պատվաստումը 21-րդ օրը ստանալ, ինքն իրավունք ունի առաջին պատվաստումից մինչև 60 օրը ստանալ այն: Երկրորդ 21 օրից հետո՝ այսինքն առաջին պատվաստումից 42 օր հետո հակամարմիններն արդեն արտադրված են»,- պատվաստման համար դիմելու ընթացքը նկարագրում է բժիշկ Մաղաքելյանը:
Պատվաստումը, իհարկե, 100%-ոց պաշտպանություն չի ապահովում, բայց պատվաստվածներն արդեն չեն հիվանդանալու կորոնավիրուսային ծանր և միջին ծանրությամբ հիվանդություններով. եթե նույնիսկ հիվանդանան, ապա թեթև են տանելու: Պատվաստված երեխան էլ է թեթևակի հիվանդանում. հնարավոր է՝ տաքություն ունենա, մկաններում, ոտքերում ցավ լինի, բայց դա վտանգավոր չէ:
Պատվաստված անձը երեք օր չի կարող ալկոհոլ օգտագործել, չի կարելի քորել կամ լվանալ պատվաստված տեղը:
Ինչ վերաբերում է վերջին ամիսներին Արցախում նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նվազմանը, ապա, ըստ մասնագետի, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդկանց 85%-ը պատերազմի օրերին վարակվել է, նաև՝ բնակչության մի մասն արդեն պատվաստվել է:
«Կորոնավիրուսի առաջին դեպքն Արցախում գրանցվել է 2020թ. ապրիլին: Հիվանդանոց դիմել են ապրիլի 6-ին, այն դեպքում, երբ աշխարհը դրա հետ հանդիպել է դեկտեմբերին: Հիմա վիրուսը մեծ թափով տարածվում է մի շարք երկրներում, այդ թվում՝ մեզ հարևան երկրներում: Արձակուրդների շրջանում մեր քաղաքացիները հանգստի են գնում արտերկիր: Վերադառնալով՝ նրանք կարող են իրենց հետ նաև կորոնավիրուս կամ դրա ձևափոխված տարբերակները բերել. ուրեմն՝ պետք է պատրաստ լինել դրան: Ոչ մեկը կորոնավիրուսը չի բացառել: Ահա թե ինչու է կարևոր պատվաստվելը»,- համոզված է հայտնի համաճարակաբանը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:
«Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15,000 չափաբաժինը, որով կարող են պատվաստվել 7500 քաղաքացի, Արցախ է ներկրվել ապրիլի վերջերին Ռուսաստանի Դաշնությունից՝ ռուս-հայկական Լազարևյան ակումբի խորհրդի համակարգող, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի աջակցությամբ:
ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանից տեղեկացել ենք, որ հուլիսի 30-ի դրությամբ 625 հոգի պատվաստվել են երկու դեղաչափով, իսկ 800 հոգի էլ միայն առաջին չափաբաժինն է ստացել:
Տաթևիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ