Կայացել է Հ.Ավագյանի «Վազում եմ, սպասի՛ր..» գրքի շնորհանդեսը
Այսօր Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում Արցախի գրողների միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հերմինե Ավագյանի «Վազում եմ, սպասի՛ր..» գրքի շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ Աժ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ Դավիթ Իշխանյանն ու Վահրամ Բալայանը, ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանը, գրողներ, ընթերցասերներ:
Գրքի շնորհանդեսին ողջույնի և շնորհավորանքի խոսքերով հանդես են եկել Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, Վահրամ Բալայանը, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ամալյա Գրիգորյանը, երիտասարդ բանաստեղծ Սերգեյ Սաֆարյանը, արձակագիր Վան Նովիկովը, բանասիրական գիտություների թեկնածու, դոցենտ ԱրՊՀ դասախոս Զարինե Սարաջյանը, գրականագետ Թամար Տոնապետյանը ուղիղ կապով՝ Կանադայից և գրքի պատկերազարդումների հեղինակ, նկարիչ Լիանա Քոչարյանը:
Վերջում գրքի հեղինակ Հերմինե Ավագյանը շնորհակալության խոսք հղեց Արցախի գրողների միությանն ու ներկաներին՝ նշելով, որ գնահատանքի յուրաքանչյուր խոսք, նախ և առաջ պատասխանատվություն է գրողի համար՝ ինքդ քո նկատմամբ, քո գործի նկատմամբ առավել բծախնդիր վերաբերվելու, նորը, գեղեցիկը ստեղծելու:
«Մի առիթով ինձ հարցրին՝ արդյո՞ք, ես հաջողա՞կ մարդ եմ: Ես պատասխանեցի.«Աստված մի օր որոշել է, որ ես պետք է լույս աշխարհ գամ ու ես ծնվել եմ: Հետո նա որոշել է, որ ես պետք է մեծանամ ու որդիներ լույս աշխարհ բերեմ: Այդքանից հետո նա էլի ինձ լավություն է արել՝ որոշելով, որ ես պետք է գրքեր գրեմ: Հիմա ես ամենաքիչը երախտամոռ մարդ պետք է լինեմ, եթե ինձ հաջողակ մարդ չհամարեմ»»,- շեշտել է իր խոսքում Հ. Ավագյանը: