Դեպի Ամարասի վանք բազմամարդ ուխտագնացություն է կազմակերպվել
Գլխավոր » Լրահոս » Դեպի Ամարասի վանք բազմամարդ ուխտագնացություն է կազմակերպվել

Դեպի Ամարասի վանք բազմամարդ ուխտագնացություն է կազմակերպվել

Հուլիսի 24-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի նախաձեռնությամբ ուխտագնացություն է կազմակերպվել դեպի Ամարասի վանք: ՀԱԵ տոնացույցի համաձայն հուլիսի 24-ին Սուրբ Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակության օրն է։ Ուխտագնացության վայրը կապված է Գրիգոր Լուսավորչի տոհմի հետ: Ամարասի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը՝ 4-րդ դարի սկզբին: Եկեղեցու արևելյան կողմում է թաղված Աղվանքում քրիստոնեություն տարածելիս 338թ. նահատակված նրա թոռը՝ Գրիգորիսը:

Ամարասի վանքում, բազմամարդ հավատացյալների առջև, պատարագ է մատուցել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Պատարագի վերջում նա հանդես է եկել հավատացյալներին ուղղված խոսքով՝ կարևորելով Գրիգոր Լուսավորչի ու նրա տոհմի դերը Հայաստանում և Կովկասում քրիստոնեության արմատավորման գործում: Արցախի թեմի առաջնորդի խոսքով՝ Լուսավորչի տոհմը շրջադարձային, անկյունաքարային իրողություն է կատարել Հայոց աշխարհում. նրանք կարողացել են քրիստոնեացնել այս տարածաշրջանը:

«Եվ պատահական չէ, որ Լուսավորիչն իր թոռանը՝ Գրիգորիսին ուղարկում է Արցախ՝ որպես Աղվանից առաջին կաթողիկոս ու հայրապետ: Գրիգորիսն իր քարոզչությունը սկսում է պապի հիմնադրած վանքից՝ Ամարասից: Նրա համար շատ դժվար չէր քարոզելը, որովհետև պարարտ հողն արդեն իսկ կար: Այսօր սուրբ Ամարասի վանք ենք եկել խնդրելու բարեխոսությունը մեր հավատքի հոր, նրա որդիների և թոռների և անմիջական շփվելու Գրիգորիսի դամբարանի ու նրա մասունքների հետ: Սա նշանակում է վերակականգնումը ուխտի, այն մեծ դարձի, որ կոչվում է Հայոց մեծ դարձ»,- իր խոսքում նշել է Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Այնուհետև վանքի տարածքում մատուցվել է մատաղ, որին հաջորդել են մի շարք երգչախմբերի ելույթներ:

1