Խաղաղությունն այսպես է մեզ մատուցվելու՝ մաս-մաս մեր հայրենիքից կտորներ պոկելով
Նախորդ օրվանից Երասխում եւ տարբեր սահմանային հատվածներում թշնամին կրակում է, հրետակոծում։ Երասխի գյուղապետն էր նախորդ գիշեր վիրավորվել։
Այդ իրադարձությունները մեր խնդրանքով մեկնաբանեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը։
- Ինչո՞ւ է Ադրբեջանը հենց Երասխի եւ Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ միաժամանակ, նույն գիշերը կրակ բացում, մենք ի՞նչ ակնկալենք։
- Ամբողջությամբ իրավիճակին չեմ տիրապետում, դրա համար չեմ կարող ասել։
- Չեմ հավատում, որ չեք էլ հետեւում։
- Հետեւում եմ, բայց լրատվամիջոցներից գիտեմ։ Օֆիցիալ որեւէ տեղեկություն չկա։
- Օֆիցիալը, օրինակ, այն է, որ Գեղարքունիքում մերոնք ընդհանրապես չեն կրակել։ Այսինքն՝ մենք դիմադրություն ցո՞ւյց ենք տալիս, թե՞ ոչ, Ձեր կարծիքով, եւ սա ի՞նչ է նշանակում՝ այս նոր էսկալացիան։
- Գլոբալ առումով, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում, պետք է անդրադառնանք նոյեմբերի 10-ին ստորագրած փաստաթղթին՝ Ալիեւի եւ Փաշինյանի կողմից, եւ թե ինչ է դա ենթադրում, պիտի անդրադառնանք վարչապետի խոսքին՝ որ այն փաստաթուղթը, որը պատրաստվում է, Հայաստանի շահերից է բխում, եւ մենք դա ստորագրելու ենք։ Այսինքն՝ սա այդ փաստաթղթի կյանքի կոչելու ձեւն է։
- Բայց եթե ստորագրում է, էլ ադրբեջանցիներն ինչո՞ւ են կրակում։
- Որպեսզի հասարակությանը պատրաստեն, որ մեզ պատերազմ պետք չէ։ Ավելի լավ է երկարաժամկետ խաղաղություն ունենանք։ Իսկ այդ խաղաղությունն այդպես է մեզ մատուցվելու՝ մաս-մաս մեր հայրենիքից կտորներ պոկելով։
- Պարոն Հակոբյան, Ձեր կարծիքով, այս պահին ճիշտը պատասխան տա՞լն է ադրբեջանական կրակահերթերին։
- Ես չեմ կարող ասել՝ ինչ կլինի, որովհետեւ չեմ տիրապետում իրավիճակին։ Իսկ ավելի մանրամասն, եթե դուք նայեք, թե Երասխի որ հատվածում է պատերազմը գնում, եւ ինչ է կատարվում այնտեղ, դուք կհասկանաք, որ սահմանազատման գործընթացն Ադրբեջանն իր համար արդեն սկսել է։
- Նկատի ունեք, որ Տիգրանաշենի անկլավը վերցնո՞ւմ են։
- Այդ հատվածն անկլավին չի վերաբերում, մի քիչ ուրիշ բան է։ Ավելի հստակ՝ այդ տարածքը, որտեղ այսօր կռիվ է գնում, նախիջեւանյան համազորային հրամանատարի սեփականությունն է։ Նրան ասել են՝ սա քո սեփականությունն է, տիրապետիր։ Վկայականը ձեռքն է։
- Եվ այդ հողը վերցնում է իրե՞ն։ Հենց այդպե՞ս, ֆեոդալական սկզբունքո՞վ։
- Նա կադաստրային վկայական ունի, որ այդ տարածքը, որտեղ կրակոցները գնում են, իր սեփականությունն է։
hraparak.am