Նկարիչն ինքն է տանում իր խաչը. նրան ոչ ոք չի պարտադրում. հուլիսի 20-ը Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է
Գլխավոր » Լրահոս » Նկարիչն ինքն է տանում իր խաչը. նրան ոչ ոք չի պարտադրում. հուլիսի 20-ը Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է

Նկարիչն ինքն է տանում իր խաչը. նրան ոչ ոք չի պարտադրում. հուլիսի 20-ը Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է

Նկարիչն ինքն է տանում իր խաչը։ Նրան ոչ ոք չի պարտադրում… Նա ինքն է կատարում ընտրություն։ Ու դրա պատասխանատվությունն ամբողջությամբ վերցնելով միայն իր վրա` հատուցում է կյանքում մինչև վերջ։

Մինաս Ավետիսյանը 20-րդ դարի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկն է: Ծնվել է 1928 թ. հուլիսի 20-ին Ջաջուռում: Նրա գեղանկարչական աշխարհընկալումը, ճաշակն ու ոճը հիմնականում ձևավորվել է հայ միջնադարյան մանրանկարչության, իտալական վերածննդի նկարչության և Մարտիրոս Սարյանի արվեստի ազդեցությամբ: Նրա ազդեցությունն այսօր նկատելի ժամանակակից շատ նկարիչների գործերում: Մինասը ստեղծել է մեծ թվով բնանկարներ, դիմանկարներ, որմնանկարներ: Նրա գործերին բնորոշ ամենավառ գիծը գույների տաք ու յուրահատուկ համադրություններն են:

Մինասը Մարտիրոս Սարյանի հետ ծանոթացել է 18 տարեկանում: Մաեստրոն շատ է հավանել նրա ոճն ու տաղանդը. «Մինա՛ս, ես քեզնից մեծ եմ 50 տարով։ Ափսոս՝ ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանա՛ս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակիր խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»:

Նկարիչը հիմնականում պատկերել է իր հարազատ բնաշխարհը՝ Ջաջուռը, տունը, լեռները։ Կապված լինելով մոր հետ և շուտ կորցնելով նրան՝ Մինասը Մոր թեմային է անդրադարձել իր բոլոր աշխատանքներում՝ և՛ գեղանկարներում, և՛ որմնանկարներում, և՛ գծանկարներում։

Մինասն իր 15-ամյա ստեղծագործական կյանքում հասցրել է կերտել մոտ 500 մեծ ու փոքր կտավ, նույնքան գծանկար, 20 որմնանկար:

Մինասը նաև բալետային և թատերական ձևավորումներ էր անում: «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումների հեղինակն ինքն է: Արամ Խաչատրյանը ևս հիանում էր նկարչի տաղանդով. «Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ…  Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»:

Անհասկանալի և չբացահայտված պատճառներով 1972 թ. հունվարի 1-ին Մինասի արհեստանոցը հրդեհվում է: Այրվում են նրա կտավների մեծ մասը՝ 300 աշխատանք, 100-ից ավելին ավարտուն վիճակում էին, այդ թվում նաև Փարիզում կազմակերպվելիք ցուցահանդեսի համար հավաքած աշխատանքները: Այրվում է նաև նկարչի անձնական արխիվը։ Հետագայում մի քանի կտավ ոչնչացել է Բեյրութի ցուցահանդեսում՝ քաղաքի ռմբակոծության հետևանքով:

Չբացահայտված և ողբերգական է նաև նրա մահը: 1975 թ. փետրվարի 16-ին Ժորա Հովսեփյան անունով տաքսու վարորդը վրաերթի է ենթարկում հայ մեծանուն նկարչին: Օրեր անց Մինաս Ավետիսյանը մահանում է 47 տարեկան հասակում: Շատերը վստահ էին. սա դժբախտ պատահար չէր…

yerkirmedia.am

1